ԹՈՒԽ ՃԱՅԸ
(պատմվածք)


Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հեշտ էր հանդիպումը, բաժանումը՝ անասելի դժվար։

Ծովը խաղաղ էր։ Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազը ու ետ էին սահում։ Տղային դուր էին գալիս ճայերը, երբ նրանք թևածում էին ջրերի վրա, ուղղահայաց իջնում ալիքներին ու կրկին թևում վեր։ Ինչ-որ տեղ կարդացել էր, որ ճայերից մեկի կորստի դեպքում՝ մյուսը վերից ուղղահայաց սուրում, իրեն խփում է ժայռերին, զոհվում։ Նա հիմա նայում էր այդ ալիքներին ու մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ հիմա երևի ինչ-որ արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից այն կողմ, և ձայն - ձայնի՝ ազատ ու հանդարտ պտտվում էին կապտաթույր ջրերի վրա։

Տղան չլսեց խճաքարերի ձայնը։ Նա նայում էր հեռվում, ծովի հեռու խորքում կանգնած միայնակ նավին, որ շողշողում էր իրիկնային արևի ներքո։ Կինը ետևի կողմից մոտեցավ, կանգնեց քիչ հեռվում։ Տղային էր նայում։ Ի՞նչ է մտածում այդպես, ո՞ւմ մասին է մտածում, ոչ առանց խանդի, անցավ կնոջ մտքով։ Հեռանալ, հեռանալ, մոռանալ նրան, մտածում էր նա սրտի նվաղումով ու վշտամորմոք, բայց ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ՝ աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, քնքշանքը նրա, ուժեղ շուրթերի հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

-Ահա և ես,- ասաց նա իր քաղցրահունչ ձայնով։

Տղան իսկույն շրջվեց, թեպետ նրան սպասում էր սրտի անդիմադրելի հուզումով, բայց շփոթվեց, երբ տեսավ նրան՝ միշտ նույն ամոթխած դուրեկան ժպիտով ու սևասև հրացայտ աչքերով։ Նա լայն ժպտաց՝ կնոջ դյուրաբեկ փխրուն մարմինն առնելով գրկի մեջ։

-Սիրելիս, սիրելիս, սիրելիս,- անդադար շշնջում էր տղան, շուրթերը քսելով նրա սևաթույր մազերին։- Վախենում էի, թե չես գա…

-ինչո՞ւ։- Կինն իր կրակացայտ աչքերով նայեց տղային, միաժամանակ մտածելով այն մասին, որ ինքն անկարող է նրան հանել իր սրտից։- Թե՞ ուզում էիր, որ չգայի,- ավելացրեց նա ժպտալով։

- Ոչ։ Վախենում էի, թե չես գա,- ասաց տղան։ - Որ քեզ չի հաջողվի գալ։ Իսկ ես այնպես էի սպասում։- Նա կնոջ մատները մոտեցրեց շուրթերին. քսում էր շուրթերին, մեկ առ մեկ համբուրելով այդ սառնավուն մատները։- Ինչպե՞ս եկար։

- Չգիտեմ։- Կինը թեթև օրորեց գլուխը, սեղմվեց տղային։- Ասացի ընկերուհուս մոտ եմ գնում։

-Չվախեցա՞ր։

-Եթե կարողանամ այդքան մտածել,-գլուխը տղայի կրծքին սեղմած, դառը ժպտաց կինը։- Չեմ կարողանում մտածել։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չեմ կարողանում հասկանալ։ Բայց վերջ։ Էլ չենք հանդիպի։ - Տղան իր կրծքին զգում էր նրա տաք շունչը։- Էլ չեմ կարող, էլ ուժ չունեմ, հարազատս, սա վերջին անգամն է, լսո՞ւմ ես…

- Լսում եմ,- ծանր, բայց ժպտադեմ, ասաց տղան։

Կինը գլուխը բարձրացրեց տղայի կրծքից։

-Ինչո՞ւ այսպես ստացվեց,- ասես ինքն իրեն, երազկոտ ասաց նա։- Ես ինձ համար հանգիստ ապրում էի, ինչո՞ւ ամեն ինչ փոխվեց…

Տղան կատակի տվեց.

-Եթե ես եմ մեղավոր՝ ներող եղիր։

Կինը ժպտաց, գլուխը վերստին սեղմեց տղայի կրծքին։ ''Վերջ,- մտքում ասաց նա։- Սա վերջին անգամն է, էլ չենք հանդիպի''։

Հետո մտախոհ քայլում էին ծովափով, և ծովը միալար աղմկում էր։ Հանդիպեցին հաղորդավար ընկերոջ տանը։ Ըկերոջ ծննդյան օրն էր։ Կինն ամուսնու հետ էր։ Ու տղան երբեմն անկարող էր լինում չնայել նրան։ Ինչ –որ անհայտ ու գայթակղիչ բան կար կնոջ մեջ, որ շարունակ իրեն էր ձգում տղայի հայացքը։ Հաճելի, սրտառուչ երեկո էր։ Խմում էին, զրուցում, երաժշտություն էին լսում։ Դեմ-դիմաց էին նստած։ Տղային նույնիսկ մի պահ թվաց՝ դեռատի կինն այդ ժպտաց իրեն, որից ասես արյունը եռ եկավ ներսում։ Հետագայում նա հաճախակի էր մտածում անծանոթ կնոջ մասին։ Ժպիտն էր հիշում հատկապես։ Ամոթխած այդ ժպիտի մեջ աննկարագրելի հմայք կար, որը գերում էր տղային։ Հետո հանդիպեցին փողոցում, պատահաբար։

-Բարև ձեզ,- առաջինը տղան նկատեց, մոտեցավ,- ինչպե՞ս եք։

-Ոչինչ։- Կինը միանգամայն կորցրել էր իրեն, շիկնահար ու նույն ամոթխած ժպիտով՝ նա սքանչելի էր։- Դո՞ւք ինչպես եք։

-Այսպես,- ուսերը թոթվեց տղան, ժպտաց։- Ինչպես տեսնում եք։- Ձեր ամուսինն ինչպե՞ս է։

- Ոչինչ։- Կինն իրեն վատ զգաց, որ մի հարմար բառ չգտավ այդ անհեթեթ ''ոչնչից'' բացի։ Նա, ասես հիպնոսացած, ուղիղ նայում էր տղային, ուզում էր չնայել ու չէր կարողանում։ Տղան զգում էր դա, նեքուստ հրճվում։

Նրանք մնացել էին կանգնած փողոցի մեջտեղը։ Ասելիք շատ կար, թվում էր, բայց կանգնել էին առանց խոսքի ու կարծես ոչինչ չէին գտնում ասելու, բայցև չէին բաժանվում։

-Լավ երեկո էր, չէ՞,- ի վերջո ասաց տղան,- ձեզ դո՞ւր եկավ։

- Այո,-ասաց կինը, - հաճելի էր ամեն ինչ։ Ուրիշ տեղերում սովորաբար խոսում են առօրյա բաներից, շատ դեպքերում կենցաղային անհետաքրքիր, ձանձրալի մանրուքներից, բայց այստեղ ամեն ինչ, իրոք, այլ կերպ էր, միանգամայն այլ այլ մթնոլորտ էր։ Իսկապես որ, լավ երեկո էր։ Դուք ինչո՞ւ բանաստեղծություններ չկարդացիք,- ավելացրեց նա շիկնանքով։

-Ի՞նչ բանաստեղծություններ,- ժպտաց տղան

-Ձերը։ Դուք գրում եք, ես գիտեմ։ Ես ձեզ մինչ այդ էլ գիտեի, շատ եմ կարդացել ու հաճելիորեն զարմացած էի, առաջին անգամ այդպես պատահականորեն տեսնելով զեզ։

-Շնորհակալ եմ,- լայն ժպտաց տղան։- Ուրեմն դուք ինձ գիտեիք մինչ այդ։ Իսկ հետո, այդ օրվանից հետո, հիշե՞լ եք ինձ։ Գոնե մի անգամ։

-Հիշել եմ,- ցածրաձայն արձագանքեց կինը և շիկնանքն ավելի ծաղկեց նրա դեմքին։

Այդ պահին նա, իրավ, սքանչելի էր։

-Եվ ոչ մի անգամ…- ավելացրեց նա, ակնդետ նայելով տղայի աչքերի մեջ։- Շատ անգամ եմ հիշել։

-Ես նույնպես հիշել եմ զեզ։ Ընդ որում, հիշել եմ երանությամբ ու երազել երբևէ հանդիպել ձեզ ու ասել այն մասին, որ բազում բանաստեղծություններ եմ գրել՝ նվիրված ձեզ։ Եվ, քանի որ ձեր անունն անգամ չգիտեի, բանաստեղծական շարքի վրա գրված է՝ ''Ձոներգ անծանոթ գեղեցկուհուն''։

-Աստված իմ, դուք ինձ բանաստեղծություննե՞ր եք նվիրել։

-Իհարկե։ Ու հույսս չէի կտրում, որ անպայման կհանդիպեմ ձեզ ու կասեմ ձեզ այդ մասին։ Գիտե՞ք ինչ բան է հույսը։ Ամեն գիշեր մենք պառկում ենք քնելու՝ առանց որևէ երաշխիքի, որ հաջորդ օրն առավոտյան արթնանալու ենք, բայց ամեն դեպքում նորից ու նորից զարթուցիչը լարում ենք։ Այ, դա է հույսը, ու ես երախտապարտ եմ Աստծոն, որ հանդիպեցի ձեզ։

-Շնորհակալ եմ,- անակնկալ բերկրանքից հուզված, ժպտաց կինը։- Ուրեմն մենք երկուստեք հիշել ենք իրար։

Այն երեկոյից հետո կինն, իրավամբ, տղային չէր մոռացել։ Շարունակ մտածում էր նրա մասին, և հիմա, պարզվում է՝ տղան նույնպես հիշել է իրեն, բանաստեղծություններ է ձոնել…Կնոջ մտքով չանցավ անգամ, թե տղան գուցե հենց այնպես, մի բան ասած լինելու համար ասաց այդ ամենը ո որ դա պարզապես բանաստեղծական վառ երևակության արդյունք է սոսկ։ Ըստ երևույթին, մարդ հակված է կուրորեն հավատալու այն բանին, ինչին որ սրտանց ուզում է հավատալ։

-Զգացված եմ,- կրկին արտաբերեց նա նույն ցածր ձայնով։- Դուք անչափ բարի եք…։

Փողոցի մեջտեղն էին, անհարմար էր, կինը դժկամությամբ մի քայլ ետ գնաց։

-Ցտեսություն,- ասաց նա։

-Ցտեսություն,- արտասանեց տղան, մի քայլ ընդառաջ եկավ։- Ես մի բան էի ուզում ասել ձեզ։

-Ի՞նչ,- հետաքրքրվեց կինը։- Ասացեք։

Տղան այդ մասին չէր մտածել, բայց գտավ ելքը.

-Ես այդ բանաստեղծություններն ուզում եմ կարդալ զեզ։ Չէ - որ անքուն գիշերներ եմ անց կացրել ու երազել՝ կարդալ ձեզ ու լսել ձեր կարծիքն այդ մասին ։ Մի մերժեք, խնդրում եմ, ցավ մի պատճառեք ինձ։ Կհանդիպենք հենց այնտեղ, ուր առաջին անգամ հանդիպել էինք։ Հասցեն, փառք Աստծո, գիտեք։ Նա իմ մոտ ընկերն է, գործուղման է մեկնել, բնակարանի բանալիներն ինձ մոտ են, կստեղծենք այն նույն մթնոլորտը, որ կար այն ժամանակ, երաժշտություն կլսենք նաև, ու ես սիրով կկարդամ իմ ստեղծագործությունների շարքը՝ նվիրված ձեզ։ Այսինքն դեռատի մի չնաշխարհիկ գեղեցկուհու՝ որն իր հրայրքով ու հմայքով գերել է հայ բանաստեղծին։

Կինն ուզում էր ասել, որ սիրում է ամուսնուն, որ երեխաներ ունի՝ մի տղա ու մի աղջիկ, և որ ինքը ոչ մի տեղ չի գնա օտար տղամարդու հետ, բայց շուրթերն ակամա շշնջացին.

-Չգիտեմ…

-Ես վաղն այս ժամին կսպասեմ ձեզ այնտեղ։ Խնդրում, աղաչում եմ, մի փշրեք այն սիրտը, որ ձեզ համար է բաբախում նաև։- Տղան շուտափույթ բաժանվեց, որպեսզի կինը չհասցներ մերժել նրան։

Նրանց հաջորդ հանդիպումը ընկերոջ բնակարանում չէր, այլ Շիխովի լողափին, ուշ երեկոյան։ Կինն իջավ երթուղային ավտոբուսից, վարանքով նայեց շուրջը։ Տղան դուրս եկավ ժայռի մութ տարածքից և գնաց դեպի կանգառ։ Նա հաղթանդամ էր, լայնաթիկունք, և կնոջն այնպես թվաց՝ ժայռից մի զանգված պոկվեց ու առաջ է գալիս։

Կինն էլ ակամայից առաջ եկավ, առանց հայացքը տղայից կտրելու, և նրանց ձեռքերը, ասես տարիներ շարունակ իրար որոնել ու չէին գտել, կարոտով խառնվեցին։

-Շնորհակալ եմ, որ եկար,- ասաց տղան, հետո ավելացրեց,- կխենթանայի, եթե չգայիր։

Մացառների ու քարերի արանքով իջնող արահետով նրանք իջան դեպի ծով։ Լռություն էր, և միայն ճերմակափրփուր ալիքներն էին, որ թեթև աղմուկով գալիս, խփվում էին առափնյա սալ քարերին ու փշուր-փշուր ետ էին սահում։

Նստեցին ամայի ծովափին։ Կինը, ինչպես նախորդ հանդիպմանը տղայի ընկերոջ բնակարանում, մտովի նախատում էր ինքն իրեն, որ այստեղ եկավ, որ այսպես անկամ ու թույլ գտնվեց, եկավ։ Նա հայացքը հառել էր հեռու և մտամփոփ նայում էր մի կետի։ Այնտեղ, ուր ծովն ու երկինքը միանում էին իրար։ Նրան այնպես էր թվում, թե տղան մտքում ծիծաղում է իր վրա։ Նա նույնիսկ սարսափեց այդ մտքից, նայեց տղային, ասաց.

- Ես ինքս ինձ ներել չեմ կարող, բայց դու, խնդրում եմ, ներիր ինձ, որ այսքան կամազուրկն եմ …

Տղան չթողեց, որ նա խոսի։ Նա քնքշորեն բռնեց կնոջ ուսերը, կնոջ դեմքը շրջեց իր կողմը։

- Ես սիրում եմ քեզ,- շշնջաց տղան, համբուրելով կնոջ կիսաբաց մեղուշ շուրթերը։ Տղայի շուրթերը պինդ էին, ձեռքերն ուժեղ էին, և գիրկը տաք էր, և կնոջ համար աստղերը երկնքում շաղ էին տալիս, թափվում ծովը… Եվ նա՝ հուզախռով ու արցունքացոլ աչքերով, նախատում էր ինքն իրեն, որ արժանապատվություն չունի ու այս լերկ քարերին է տրվում նրան…

…Նրանք նստել էին այս քարերին, երազել էին, ճայերը պտտվել էին նրանց գլխավերևում, կարոտով կանչել էին, ջրերի վրայով սահել էին՝ ճերմակ փետուրները ջրերի կապույտին քսելով, իրենք նայել էին։ Լողազգեստով պառկել էին սալ քարերին ու վազվզել տաք ավազների մեջ, ու միշտ էլ կինը մտածել էր այն մասին, որ պետք է բաժանվեն, այդպես անհնար է շարունակել։ Ի՞նչ իրավունքով և մինչև ե՞րբ։

- Ես քեզ չեմ մեղադրում,- խոսեց կինը։- Ես եմ մեղավորը։ Նման հարցերում կանայք, միայն կանայք են մեղավոր։

- Փոշմանե՞լ ես։

-Փոշմանե՞լ։-Կինը մի պահ խորհում էր, հետո ասաց վճռական։-Ոչ։ Ինքս էլ չգիտեմ ինչպես ստացվեց այս ամենը։ Անուշ երազ էր սա։ Եվ հիմա պիտի ընդհատվի այդ երազը։ Չեմ փոշմանել ու երբեք չպիտի փոշմանեմ։ Պարզապես ինձ համար ապրում էի։ Եվ երջանկությունը, թվում էր, հենց այդ է, որ կար։ Ուրիշ երջանկություն չի լինում։ Դու ամեն ինչ տակնուվրա արեցիր։ Բայց դու մեղավոր չես բնավ։ Ես այն չեմ մտածում, ինչ ասում եմ։

-Իհարկե, դու ես մեղավոր։ Ինչո՞ւ շուտ ամուսնացար։ Չէի՞ր կարող սպասել։

- Եթե իմանայի, որ պիտի հանդիպեմ քեզ… Հարյուր տարի կսպասեի… Բայց դու ինձ չէիր առնի։

- Ինչու։ Կառնեի, ազնիվ խոսք կառնեի։ Ուրեմն դու կասկածո՞ւմ ես, որ քեզ սիրում եմ։

- Չեմ կասկածում։ Երբեմն նույնիսկ ինձ այնպես է թվում, թե դա է ինձ պահում։ Ուր էլ լինեմ, մտածում եմ այն մասին, որ դու կաս, որ երբ ուզենամ՝ կարող եմ զանգել քեզ և թեթևություն եմ զգում դրանից։

- Իսկ հետո ես կամուսնանամ, և դու կմոռանաս ինձ,- հայացքը ջրերին, անբռնազբոսիկ ասաց տղան։- Բոլորովին չես էլ հիշի։

Կինը հանկարծակի նայեց նրան։

- Լռիր, աղաչում եմ… Այդ ինչե՞ր ես խոսում…

Տղան ցանկացավ գրկել կնոջը։

Կինն իբր վիրավորվել էր, իբր չէր ուզում, որ տղան գրկեր իրեն, համբուրեր, նա դեմքը այս ու այն կողմ փախցնոււմ, սակայն տղան զգում էր, որ կինը երկարաձգում է հաճույքը, նա ավելի ուժգին սեղմեց նրան, շուրթերով գտավ բերանը… Տղան միշտ մոլեգին էր, դա դուր էր գալիս կնոջը, շուրթերը պինդ էին. դա դուր էր գալիս կնոջը… ''Լուսինե, Լուսինե Լուսինե- հևոցով շշնջում էր տղան,- Ես սիրում եմ քեզ, մի՞թե կասկածում ես''։

… Տղան հոգնած պառկել էր ավազին, դեմքը դեպի երկինք։ Կինը նստել էր նրա կողքին, ձեռքերով գրկել ծնկները։

- Ես ճիշտ չէի ասում,- խոսեց տղան։ - Կատակում էի, ինձ թվում է, ես ոչ ոքի չպիտի սիրեմ… Պիտի ամուսնանամ,- կրկնեց նա,- բայց ինձ թվում է, որ իմ և նրա միջև պիտի լինես դու… Ես նրա մեջ պիտի որոնեմ քեզ ու չպիտի գտնեմ … Ես դա գիտեմ…

''Ես նրան խանգարում եմ,- մտածում էր կինը,- նա իմ պատճառով չի ամուսնանում։ Կհեռանամ, ինչո՞ւ խանգարեմ…''։ Նա մատներով հանդարտ շոյում էր տղայի դեմքը,մատները երկար պահում էր տղայի տաք շուրթերի վրա։

-Իսկ դու նրան սիրո՞ւմ ես (տղայի խոսքը կնոջ ամուսնու մասին էր)։

-Չգիտեմ,- հանգիստ ասաց կինը։- Մինչև քեզ՝ թվում էր այո։ Իսկ հիմա չգիտեմ։ Ինքը ինձ սիրում է։ Դա նրան կուրացնում է և մտքով անգամ չի անցնում, որ ես կարող եմ դավաճանել նրան, սիրել ուրիշի։ Մեզ մոտ, տպարանում, գիտեն, որ ես սիրում եմ քեզ։ Քո ինչ-որ մի գիրք աղջիկներից մեկը գտավ ինձ համար։ Այնտեղ, տպագրական մեքենաների աղմուկի մեջ, ես քո մասին եմ մտածում, ճանապարհին, ավտոբուսում, քո մասին եմ մտածում… Իսկ նա կարծում է, թե ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։

-Բաժավիր, - հենց այնպես ասաց տղան։

-Իսկ հետո՞։

-Միասին կգնանք ուրիշ քաղաք։

Կինն իհարկե, հասկանում էր, որ այդպես լինել չի կարող։ Հիմա նա այդ բառերն ասում է, ճիշտ է, բայց չի լինի։ Դա չի լինի։ ''Իմ և նրա միջև անդունդներ կան. Նա հիմա դա չի հասկանում''։ Այդ մասին էր մտածում կինը, սակայն ուրիշ բան ասաց.

-Նա առանց ինձ չի կարող։ Նավթային ինժեներ է, ծովում է աշխատում։ Երբեմն շաբաթներով չի գալիս։ Մի ամսում տասը-տասնհինգ նամակ է գրում։ Դու չես պատկերացնում։ Ես գիտեմ, նա կխելագարվի… Իսկ երեխաները…- Կինը մի պահ լռեց։ - Չէ, էլ չենք հանդիպի, վերջին անգամն է սա։

Նրանք մոտ էին և անդորր էր։ Եվ ջրերը ծփում էին, մեղմիկ երգում էին։ Եվ հորիզոնից- հորիզոն ձգված էր ծովը, ծովը սև, համատարած ցել էր թվում, ցելը փայլկտում էր աստղալույսի տակ։ Եվ լուսինը, որ նոր էր ելել ծովի այն կողմից, կածան էր կապել սև ցելերի վրայով։

-Երանի չհանդիպեինք,- լռությունը խախտեց կինը։- Այնպես հեշտ էր ապրելը։ Շատ եմ մտածել այդ մասին։ Ինչո՞ւ հանդիպեցինք։ Հիշո՞ւմ ես մեր հանդիպումը ընկերոջդ տանը։ Երբ մենակ էինք։ Հիշո՞ւմ ես։

-Այո։

-Հետո ես լաց եղա… Ախր, ես այդպես չէի ուզում… Պարզապես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ. ես՝ ես էի, ու ես չէի…

-Հետո նստել էինք իրարից հեռու,- հիշեց տղան։- Ես քեզ չէի բռնել, չէի պահում, իսկ դու շարունակ ասում էիր. ''Թող ինձ, թող գնամ։ Ու չէր գնում։

-Չէի կարողանում։ Եթե կարողանայի, կգնայի։ Չէի մնա։ Թվում էր՝ տարիներ շարունակ որոնել էի քեզ ու գտել. Վախենում էի մի քայլ անգամ անել ու կորցնել… Թեկուզ ներքուստ անհանգիստ էի, ինչ-որ բանից վախենում էի, թե հատկապես ինչից՝ չէի հասկանում։ Բայց չէի գնում։ Հիմա եմ հասկանում, որ ինձանից էի վախենում… Այս օրից… Եթե այն ժամանակ բաժանվեինք, հեշտ կլիներ…

Տղան լուռ էր։ երկար քայլեցին՝ ջրերի ճողփյունը ականջներում։ Ալիքները շարունակ խշշում էին։

Կինը նայեց ժամացույցին։

-Ուշ է,- շշնջաց նա։ -Գնանք… Հիմա կինոյից տուն կգան, պետք է ընթրիք տալ նրան…

Տղան նայեց նրան։

-Մի վիրավորվիր… Նրան ո՞վ պիտի ընթրիք տա։

Նա մոլեգնորեն նորից գրկեց կնոջը, համբուրեց նրա տաք, անհնազանդ շուրթերը։


Քիչ առաջ տղան ավազի վրա գրել էր.

''Ես սիրում եմ քեզ, Լուսինե''։ Մազերը կարգի բերելիս, կինը տեսավ , որ ալիքը եկել, տարել է տղայի գրածը։

-Ամեն ինչ այսպես է,- տխուր ասաց կինը,- Կա ու չկա։- Հետո նայեց դեպի ծովը։ Ծովը խաղաղ էր, հանդարտ։ Նայեց ժայռակերպ սալ քարերին, հայացքով չափեց ծովափը, նայեց ժայռերին։ Այստեղ ամեն ինչ հարազատ էր նրան, և հիմա ինքը բաժանվում էր այդ բոլորից։ Կինը նայում էր տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից։

Քարքարոտ նեղ արահետով սկսեցին բարձրանալ դեպի ավտոբուսի կանգառ։ Օդում սև չղջիկներ կային։ Չղջիկները պտտվում էին նրանց գլխավերևը, թափով իջնում էին, քիչ էր մնում թևերով դիպչեին նրանց։

Տղան նայում էր սև չղջիկներին և մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ երևի ինչ-որ շատ հեռու արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից անդին, և հանդարտ պտտվում էին կապտավուն ջրերի վրա։

-Դու հիմա քո ճայերի մասին ես մտածում,- ասաց կինը։

-…

- Դու ճայերի սիրահար ես։ Ես դա գիտեմ։ Դու բանաստեղծություններ շատ ունես ճայերի մասին։

Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր։

-Եթե ես ճայերի սիրահար եմ, ապա սիրահար եմ նաև քեզ։ Դու նման ես գեղեցիկ ճայի,-ժպտաց նա։- Դու իմ թուխ ճայն ես։

Աջ ձեռքով գրկած կնոջը, նրանք բարձրացան բանուկ արահետով, իսկ երբ երևաց կանգառը, տղան ասաց…

-Ես այստեղ կկանգնեմ, դու գնա, ծանոթներ կլինեն հանկարծ։- Տղան մատները քսեց կնոջ շուրթերին։ - Մնաս բարով։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երբեք-երբեք։

-Ես նույնպես։ Ես նույնպես չեմ մոռանա,- կնոջ ձայնը դողաց, աչքերը լցվեցին։- Հիշիր ինձ։- Նա սեղմվեց տղային. չէր ուզում նրանից պոկվել։- Ուրեմն վե՞րջ, էլ չե՞նք հանդիպելու…- Նա այլևս չէր կարողանում պահել արցունքները։

Հեռվում երևաց ավտոբուսը։

- Մի անգամ էլ հանդիպենք և վերջ,- հանկարծ ասաց կինը։

Տղան լուռ էր։

- Միայն մի անգամ։

- Լավ,- ի վերջո ասաց տղան։ Ուզում էր ասել. ''Ոչ'', բայց, ինքն էլ չիմացավ ինչպես, ասաց՝ ''Լավ''։

Կինը գնաց դեպի կանգառ։ ճանապարհին նա շրջվեց՝ մի անգամ ևս տղային նայելու, և ձեռքով հրաժեշտ տվեց։

-Վաղը կզանգեմ,- ասաց նա։- Ցտեսություն։ - Նա երևի ժպտաց մթան մեջ։

Ավտոբուսը գնաց։ Թուխ ճայը չկար։ Սպիտակ ճայերը չկային։ Տղան մենակ էր։

Ներքևում, բլրի տակ, երևում էր ծովը։ Ծովը համատարած սև ցել էր, և լուսինը բարակ կածան էր կապել սև ցելերի վրայով… Ընկնես այդ կածանն ու գնաս, գնաս, գնաս…











    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail