ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ
(պատմվածք)


Օդանավը թռչում էր բարձրաբերձ ամպերից էլ վեր, որոնք, երբ թեթևակի ճեղք էին տալիս, ներքևում՝ խոր անդունդում, երևում էր համատարած կապտասև, անեզր ծովը։ Միքայելը, դեմքը լուսանցույցին սեղմած, նայում էր ներքև։ Նրան դուր էր գալիս այն, որ ամպերը համընթաց սահում էին օդանավի հետ ու դանդաղասահ ետ էին մնում, որ ներքևում, ձյունաճերմակ ամպերի տակ, երբեմն երևում էր կապտասևավուն ծովը, իսկ իրենք թռչում էին ամպերից էլ վեր, լուսաշղարշ արևի միջով և օդանավում հաճելիորեն տաք էր։

Այդպես տարված, աչքն ու միտքը դրսում, Միքայելը չլսեց, երբ հայտարարեցին, որ Երևանում եղանակն ամպամած է, օդանավ չի ընդունում և որ ստիպված վայրէջք կկատարեն Բաքվի «Բինա» օդանավակայանում։

-Չի լինում էլի, մարդու ուզածը երբեք չի լինում, - ականջի տակ դժգոհեց հարևանը։-Թոռանս ծնունդն է, ասացի ժամանակին տուն կհասնեմ, բա էսպիսի բան կլինի…

- Իսկ ի՞նչ է պատահել, - շրջվելով, տարակուսանքով հարցրեց Միքայելը։

- Բա չլեցի՞ք։ Երևանը չի ընդունում։ Բաքվի օդանավակայանում ենք իջնում։

«Լավ չեղավ,- մտքում սրտնեղած ասաց Միքայելը։- Հանկարծ ուշանամ գործից»։

Օդանավակայանում թերթերի կրպակն արդեն փակ էր։ Միքայելը ձանձրանում էր։ Շրջում էր սպասասրահում, երկրորդ հարկի հաստ ապակիների ետևում կանգնած՝ նայում էր բարձրացող ու վայրէջքի գնացող օդանավերին ու էլի ձանձրանում էր։ Հետո գնաց ու տեղեկացավ, որ Երևանը օդանավը կընդունի միայն հաջորդ օրվա առավոտյան։

«Մինչև առավոտ ազատ եմ», մտածեց նա և, ձանձրույթից չտառապելու համար, որոշեց մեկնել քաղաք, տեսնել Բաքվի տեսարժան վայրերը։ «Այնուհետև կգամ, վճռեց նա, կմնամ օդանավակայանի հյուրանոցում, իսկ վաղը առավոտյան կթռչեմ Երևան»։ Փոքրիկ ճամպրուկը հանձնելով իրերի պահպանման սենյակ, նա դուրս եկավ փողոց։ Ուզում էր մոտենալ քաղաք մեկնող երթուղային ավտոբուսին, երբ ետևից մեկն անսպասելիորեն բռնեց թևը։

- Բարև, Միքայել։

Նա շրջվեց և, տեսնելով մակության ընկերոջը՝ Աշոտ Հունանյանին, որին չէր տեսել երկար տարիներ, ուրախացավ անսահման։ Միասին էին դպրոցն ավարտել, միասին անցկացրել մանկության անմոռաց տարիները և, իրավ, քանի տարի էր արդեն իրար չէին տեսել։ Ողջագուրվեցին։

-Հարկավոր է նշել այս հանդիպումը, Աշոտ։ Անանպայման նշել,- սրտաբուխ բերկրանքով ասաց Միքայելը,- Ռեստորանը կարծեմ երկրորդ հարկում է։ Գնացինք։ Այ քեզ հանդիպում, մտքովս անգամ չէր անցնի, որ քեզ կարող եմ հանդիպել այստեղ։ Աստված իմ, ինչ լավ է, որ տեսա քեզ, Աշոտ։ Ազնիվ խոսք, ոչ միայն այն բանի համար, որ ձանձրույթից մեռնում էի արդեն, այլ որ, իրոք, հանդիպեցի քեզ այս օտար քաղաքում։ Այսինքն ինձ համար օտար։ Անսահման ուրախ եմ։ Գործուղումից եմ վերադառնում, Տաշքենդում գյուղագիր գրողների խորհրդակցություն էր։ Երևանը չի ընդունում, ստիպված վայրէջք կատարեցինք այստեղ։

- Ես էլ եմ շատ ուրախ, Միքայել։ Շատ եմ ուրախ։ Ուրեմն հետաձգել են թռիչքը։

-Այո, հետաձգել են մինչև առավոտ։ Նոր իմացա։ Ասացին, որ առավոտյան ժամը իննից շուտ չի լինի։ Ուզում էի գնալ քաղաքը տեսնել, չեմ եղել։

- Պայմանավորվում ենք՝ ոչ մի ռեստորան։ Գնում ենք մեր տուն,- առարկություն չընդունող տոնով ասաց Աշոտը։- Հենց տանն էլ կնշենք մեր այս անակնկալ հանդիպումը։

-Աշոտ։

-Չգաս՝ կնեղանամ։ Գնանք, ես էլ եմ գործուղումից վերադառնում։ Սուրգութից։ Անտանելի ցուրտ ու սառնիամանիք երկիր է էդ Սուրգութը։ Նավթի նոր պաշարներ ենք հայտնաբերել այնտեղ։ Ռուսաստանը հարուստ երկիր է, Միքայել։ Ուր փորում ես, նավթ ու գազ է։

Նրանք բարձրացան ավտոբուս։

-Տանը շատ կուրախանան… Գիտե՞ս քանի տարի է արդեն ինչ գյուղում չենք եղել… Ճիշտ է, նախանցյալ տարի մի երկու օրով գնացի, բայց դե, երկու օրով կարոտ չես առնի, չնայած հասկանալի է, որ ոչ մանկության վայրերն են այժմ այն, և ոչ էլ ես եմ նախկին անհոգ պատանին։

-Ես էլ վաղուց չեմ եղել,- թախծեց Միքեյելը։- Արդեն շատ վաղուց։

Ճանապարհին նրանք անընդհատ գյուղից էին խոսում, մանկության վայրերից, աղբյուրներից, հանդ ու սարերում անցկացրած օրերից, մանկության ընկերներից, որոնք չգիտես որտեղ են հիմա…Եվ Միքայելի հեռու- հեռավոր հիշողության մեջ վերստին հառնում ու զնգում էր մանկության առուն, մեղմիվ խոխոջում…Դու մեր մանկության սիրելի առու, մտովի շշնջում էր Միքայելը, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հատ տանելով երազները մեր ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ, հեռու- հեռավոր հուշերի խորքից ետ եկ, մեր առու, ետ բեր օրերը մեր՝ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր սիրասուն մեր ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով ու մենք վերստին դառնանք մանուկներ՝ անհոգ երջանիկ, մեր հեռու, հեռու, հեռու լեռներում…


իքայելը շարունակ մտածում էր մի հարց տալ, ուզում էր հարցնել մեկի մասին, և այդ մեկը Աշոտի մայրն էր՝ ընկեր Արփինեն՝ բոլոր աշակերտների սիրելին։ Հիմա էլ Միքայելի ականջում էր դեռ նրա թավշյա ձայնը՝ այնպես դուրեկան, հարազատ ու սիրելի։ Ուզում էր հարցնել նրա մասին ու անհարմար էր զգում։ Իսկ գուցե չկա արդեն, մտածում էր Միքայելը ու չէր կարողանում վճռել՝ հարցնե՞լ, թե՞ ոչ։ Հիշում է, տասերորդ՝ ավարտական դասարանի վերջին ամիսներին նա երբեմն տխրությամբ ասում էր. «Կգնաք, կյանք կմտնեք ու կմոռանաք ընկեր Արփինեին»։ Իսկ իրենք՝ «Ինչե՜ր եք ասում, ընկեր Արփինե, մենք ձեզ երբեք չենք մոռանա»։ Նա շրջվում, լուսամուտից երկար նայում էր դուրս ու տխրությամբ արտաբերում. «Միայն դուք լավ լինեք,- կամացուկ, ասես ինքն իրեն ասում էր նա,- լավ լինեք, կյանքում գտնեք ձեր արժանի տեղը, երջանիկ լինեք»։ Ու հիմա, ամենայն հավանականությամբ, իր սաներից ոչ մեկը չգիտի էլ՝ կա՞ նա, թե ոչ։ Միքայելը վախենում էր անգամ հարցնել այդ մասին։

-Մայրս շատ կուրախանա,- հանկարծ ասաց Աշոտը, և Միքայելը զարմանքով նայեց նրան, ակամաբար մտածելով այն մասին, որ Աշոտը կարծես թե կռահեց, թե ինչի մասին է մտորում ինքը։- Գոնե հիշո՞ւմ ես դպրոցը, - հարցրեց նա։

-Իհարկե,- մեքենաբար արտասանեց Միքայելը։

-Մայրս գիտե՞ս ինչպես է հպարտանում քեզանով, իմ ամենասիրելի աշակերտներից էր, ասում է, հիմա հայտնի բանաստեղծ է։

Միքայելը թեթևացած շունչ քաշեց, ուրախ, որ ողջ առողջ է իր սիրելի ուսուցչուհին, բայցև անասալի ցավ զգաց, որ այսքան տարի ոչինչ չգիտեր նրա մասին։

-Ուրեմն ընկեր Արփինե՞ն էլ մոտդ է,- հարցրեց նա ոգեշունչ զվարթ տոնով։

-Իհարկե։ Ասացի, չէ՞, վաղուց է, ինչ գյուղում չենք եղել։ Քանի դպրոցում էր, չէր ուզում քաղաք գալ։ Անցավ թոշակի, բերեցի մեզ մոտ, գյուղում մենակ ի՞նչ պիտի աներ։

-Եվ քանի՞ տարի է, որ քեզ մոտ է։

-Չգիտեմ։ Երևի մի տաս տարի։ Գուցեև տասնհինգ։ Միքայել, տարիներն այնպիսի արագությամբ են անցնում, որ չես հասցնում նկատել։ Իսկ մեր տունն այլևս այն չէ,- վշտագին ավելացրեց Աշոտը։- Նամարդ հարևաններն անխղճորեն տանիքի թիթեղը պոկել, տարել են՝ տունը թողնելով ձյան ու անձրևի տակ։ Քեզ ասեմ՝ լավ հարևանից լավը չկա, բայց վատից վատը՝ նույնպես չկա։ Ասացի չէ, նախանցյալ տարի գնացի գյուղ ու, պատկերացնում ես, երկար մնալ չկարողացա։ Տանը նայելիս սիրտս մղկտում էր վշտից։ Քամին բակում թեթև օրորում էր ծառերը, թութը անխնա թափվում էր գետնին։ Անտերություն՝ մարդ չկար։ Չէ, չկարողացա մնալ։ Չդիմացա։

-Բոլորս աններելիորեն փախչում ենք գյուղից։ Թուրքերի ուզածն էլ հենց դա է, որպեսզի գնալով դատարկվի Ղարաբաղը… Ո՞ւմ ենք թողնում, չենք մտածում։

Բազմահարկ շենքի աստիճաններով բարձրանալիս Միքայելի սիրտը անհանգիստ խփում էր։ «Փոխվել է երևի, մտածում էր նա Արփինե Հունանյանի մասին, տեսնես կճանաչի՞»։ Հուզումը նրան ավելի պատեց, երբ Աշոտը սեղմեց դռան զանգը։

Չէր փոխվել։ Նույն բարի դեմքն ու աչքերի նույն բարի ու հարազատ նայվածքը։ Միայն չգիտես ինչու, Միքայելին նա անչափ փոքր թվաց։ Ոչ այնպիսին, ինչպես կար այն ժամանակ՝ տարիներ առաջ, երբ իրենց դասվարն էր։

Նա իսկույն ճանաչեց Միքայելին:

-Սա հո Միքայելն է,- ուրախադեմ բացականչեց նա, ձեռափերն իրար խփելով, անկարող զսպելու արցունքները։ Նա կարոտակեյզ փաթաթվեց Միքայելին։ -Թե իմանայիր ինչպես էի կարոտել քեզ, Միքայել։ Քեզ, բոլորիդ…

Սեղանի շուրջ Արփինե Հունանյանը շարունակ խոսում էր դպրոցից, իր աշակերտներից։ Բոլորին հիշում էր, հիշում էր նույնիսկ, թե տասերորդում ով ում հետ էր նստում նույն նտարանին։ Եվ այնպիսի խանդաղատանքով էր խոսում, որ Միքայելը մի պահ խղճաց նրան. «Ինքը բոլորիս մեկ-մեկ հիշում է, իսկ մենք… Ինչպիսի ամոթ…Չէ, այլևս այդպես չի լինի։ Աստված իմ, ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն։ Մի ջերմ նամակ, շնորահավորական մի բացիկ՝ ծննդյան օրը կամ տոն օրերին հերիք է, որ մարդ իրեն զգա երջանիկ։ Այսուհետև ես այդպես էլ կանեմ, մտածում էր նա, նամակներ կգրեմ, տոներին շնորհավորական բացիկներ կուղարկեմ, նոր լույս տեսած իմ գրքի առաջին օրինակը կուղարկեմ իրեն… Թող իմանա, որ չենք մոռացել իրեն, հիշում ենք, որովհետև նա մեզ համար ընդօրինակման իսկական տիպար է եղել, սովորեցրել է կյանքում ճիշտ ու ճշմարիտ ապրելու դժվարին արվեստը, մոր պես թանկ ու հարազատ է եղել մեզ համար։ Տղաներին կգրեմ, կխնդրեմ, որ իրենք էլ նամակագրական կապ պահպանեն»։

-Գյուղում լավ էր, ամառները քաղաքներից գալիս էին իմ սաները,- անսպասելի ասաց Արփինե Հունանյանը։ -Այցելում էին ինձ։ Պատահում էր, ինքս էի գնում նրանց մոտ, երբ լսում էի, որ եկել են, սիրտս չէր դիմանում… Ինչ անեմ, ես սրտից թույլ եմ,- ասաց նա, հետո ավելացրեց ներողամիտ ժպիտով։-Երբ դու զգում ես ցավը, ուրեմն կաս, ողջ ես, եթե ուրիշի ցավն ես զգում, ուրեմն մարդ ես։ Ես այդպես եմ մտածել միշտ։

-Մենք էլ ձեզ ենք հիշում,- ասաց Միքայելը։- Մի՞թե հնարավոր է մոռանալ։

-Շնորհակալ եմ…- գլխով արեց Արփինե Հունանյանը։ Բայց միտքը ուրիշ տեղ էր։- Մարդ չգիտի, թե տարիներն ինչպես են անցնում,- քիչ անց խոսեց նա։- Ահա քանի տարի է արդեն քաղաքում ենք։ Եվ ամեն անգամ, գիտես, սեպտեմբերի մեկին դուրս եմ գալիս փողոց, մայթին կանգնում։ Աշակերտները, ծաղկեփնջերը ձեռքներին իմ կողքով դպրոց են շտապում ու չեն էլ նկատում ինձ, իսկ իմ սիրտը մղկտում է հեռավոր հուշից։ Նրանք որտեղից իմանան, որ շուրջ երեսուն տարի, այդպես շտապելով, այդպես ուրախ ճռվողելով ինձ համար ծաղիկներ են բերել իմ սաները։

Գուցե Միքայելն ուրիշ անգամ անհարմար զգար, բայց հիմա, մի թեթև գինովցած, առանց քաշվելու, ափերի մեջ առավ իր ծերացած ուսուցչուհու չորուկ մատները, համբուրեց։

-Մենք բոլորս ձեզ պարտական ենք, ընկեր Արփինե,- խռպոտ ասաց նա։- Դուք մեզ շատ բան եք սովորեցրել, դուք, հիշում եմ, ասում էիք սովորեք ընդունել սեփական սխալները: Անհասկանալի իրավիճակներում, ասում էիք, ուղղակի պառկեք քնելու և միշտ հիշեք, որ դա էլ կանցնի: Նույնիսկ լուրջ վեճի ժամանակ, ասում էիք, մի վիրավորեք մարդկանց, ամենայն հավանականությամբ դուք կհաշտվեք, իսկ վիրավորանքը միշտ կհիշվի: Եվ որ կյանքում մարդիկ կարող են լինել հիմար ու կամակոր, չափից դուրս ինքնասեր ու նախանձկոտ, և որ, այնուամենայնիվ, ասում էիք, հարկավոր է կարողանալ ներել նրանց։ Սովորեցրել եք, որ եթե մարդ բարի է, նույնիսկ չափազանց բարի է ու անթերի ամեն ինչում, միևնույնն է, կգտնվեն մարդիկ, ովքեր կչարախոսեն ու կզրպարտեն նրան, կխեղաթյուրեն նրա մտքերը, սեփական շահն ու ագահությունը սքողելու նպատակով՝ վերագրելով նրան մեղքեր, որոնց մասին նա պատկերացում անգամ չունի։ Կյանքում հանդիպելով նման դիպվածների, հաճախակի, շատ հաճախակի եմ մտաբերել ձեր խոսքերը։ Եվ, չնայած այդ ամենին, ասում էիք, որ պետք է ձգտել մնալ բարի ու լուսմավոր։


-Այո, պետք է ձգտել դրան, - ավելացրեց Արփինե Հունանյանը։- Այդպես է, ամեն ինչ կախված է մեր գիտակցության զարգացման աստիճանից։ Մաքուր ու լուսավոր մարդը իր շուրջը տեսնում է միայն մաքուրն ու լուսավորը։ Ասել եմ, այո, նման բան ասել եմ, որովհետև այդ կարծիքին եմ եղել միշտ ու հիմա էլ այդ նույն կարծիքին եմ, որ ինչ էլ որ լինի, անհրաժեշտ է մնալ մաքուր ու ազնիվ։ Մաքրությունն ու ազնվությունը, Միքայել ջան, աստվածային շնորհ է ու այն չարժե սպասել էժանագին մարդկանցից։ Թող շուրջ բոլորը նախանձեն քեզ այն բանի համար, որ դու ոչ հարուստ ես, և ճոխ առանձնատուն ունես և ոչ էլ թանկարժեք մեքենա, բայց երջանիկ ես քո բարությամբ ու ազնվությամբ, քո անշահախնդիր վերաբերմունքով՝ հանդեպ բոլորի, ու պիտի միշտ ձգտես մնալ երջանիկ, և այդ ազնվությունը, բարությունն ու անշահախնդիր վերաբերմունքը, որ կան քո մեջ այսօր, շատ հավանական է, որ վաղը մոռանան մարդիկ, միևնույնն է, արա այդ լավությունը, տուր նրանց սրտիդ ջերմոթյունը, և այն մի օր կգա քո առաջ։

- Այլ կերպ ասած ,- ավելացրեց Միքայելը, - կյանքը հայելի է և ամեն ոք նրանում տեսնում է սեփական արտացոլումը։

- Այո ,- դարձյալ գլխով արեց ուսուցչուհին։- Մարդու արտաքին տեսքը ժամանակավոր է, այն աչք է գրավում սոսկ, այնինչ սիրտը գրավել կարող է միայն հոգին։ Դեմքի գեղեցկության համար կարող են սիրել կարճ ժամանակ, սակայն հոգու գեղեցկության համար՝ ընդմիշտ։ Այդպես է, հոգին է մշտական, - շարունակեց նա, - այն, ինչ մենք անում ենք մեր առօրյա կյանքում՝ լավ թե վատ, առաջին հերթին ոչ թե ուրիշներին, այլ հենց մեզ է պետք, ասված խոսք է՝ ինչ որ սերմանես, այն էլ կստանաս անխուսափելիորեն։ Ես կարծում եմ, որ երջանկության գրավականը դա է։ Չէ որ այդ երջանկություն ասածն այն բանի մեջ չէ, որ ինչ միշտ ուզում՝ այն էլ անում ես։ Երջանկությունը երբեք կախված չէ նրանից, թե ով ես դու կամ ինչ ես ներկայացնում քեզանից ու ինչ ունես։ Այն կախված է միմիայն այն բանից, թե ինչ ես մտածում, որովհետև ոչ մի մարդ երջանիկ չէ, քանի դեռ նա ինքն իրեն երջանիկ չի համարում։

-Ամբողջ կյանքում մենք պարտական ենք մեր ուսուցիչներին,- ասաց Միքայելը։- Մեր ամեն մի մի լավ քայլով պարտական ենք ձեզ։

-Շնորհակալ եմ,- զգացված արտաբերեց Արփինե Հունանյանը։-Նրանք, ովքեր անցել են մեզնից առաջ, մշտապես ապրում են մեր մեջ։ Եվ մենք ևս կապրենք նրանց մեջ, ովքեր կգալիս են մեր ետևից։ Կյանքի օրենքն է դա, կյանքի հավիտենական հուշի անխափան օրենքը, որովհետև, երբ Աստված ուզում է պատժել մարդուն, նրան զրկում է հիշողությունից։ Մարդկանց սրտերում ու նրանց հիշողության մեջ մենք ապրում ենք մեր բարի գործերով միայն։ Մարդ չպետք է կոպիտ սխալներ թույլ տա, որովհետև կյանքն այնքան կարչատև է, որ չես հասցնի ուղղել սխալդ, հարկավոր է խղճով ապրել, որովհետև, եթե չկա խիղճ, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է։ Որախ եմ, որ քո բանաստեղծություններում ակնհայտ է խղճի զգացումը։ Այո, խղճի ու սրտի վսեմ զգացումը։

- Ես իմ բոլոր գրքերը ջերմ մակագրությամբ կուղարկեմ ձեզ,-ուուսուցչուհու խոսքերից շոյված, ասաց Միքայելը։

-Ես քո գրքերից երկուսն ունեմ,- քնքշաձայն ասաց Արփինե Հունանյանը։- Մարինե,- կանչեց նա հարսին։- Բեր Միքայելի գրքերը։

Քիչ անց նրա բանաստեղծությունների երկու ժողովածուն՝ մաքուր ու խնամքով կազմված, դրվեցին սեղանին։

-Ղարաբաղից եմ բերել տվել,- հպարտորեն ասաց նա։ -Այստեղ գրախանութում հայկական բաժին կա, բայց քո գրքերից չեն ստացել, չկան։

Միքայելը, մի տեսակ շփոթ ու տատամսած՝ վերցրեց, մեկ- մեկ նայեց գրքույկները, երկար դիտում էր, ասես առաջին անգամ էր տեսնում, թերթեց, կրկին դրեց սեղանին։

-Իմ բոլոր գրքերը կուղարկեմ,- կրկնեց նա,- անպայման կուղարկեմ՝ ջերմ մակագրությամբ։ -Շնորհակալ եմ,- կրկին զգացված արտաբերեց ուսուչուհին՝ թախծաժպիտ ու երախտապարտ։ -Ես այդ գրքերը կպահեմ որպես ամենաթանկագին նվերներ՝ իմ հեռավոր կյանքից։ Ուղարկիր, սիրելիս ։

Երեկոյան դուրս եկան քաղաք՝ շրջելու։ Միքայելը քայլում էր ուսուցչուհուն թևանցուկ, պատմում էր իր ծրագրերի ու մտահղացումների մասին, և Արփինե Հունանյանը հպարտ, ձյունաթույր գլուխը բարձր, ուշադիր լսում էր։ Նրան այնպես էր թվում, թե շուրջը բոլորը գիտեն, որ իր կողքին քայլողը իր նախկին աշակերտն է, ճանաչված բանաստեղծ Միքայել Հարությունյանը։ Գիտեն ու բարի նախանձով են նայում իրեն։

Հասան ծովափնյա զբոսայգի, նստեցին։ Լուսինն արդեն դուրս էր եկել հեռավոր Նարգին կղզու ետևից, կածան էր կապել ջրերի վրա, մեղմիվ, հազիվ լսելի խշշում էին ալիքները։

-Անթև թռչուններ են աշակերտները,- հայացքը կիսամթան մեջ ծածանվող ծովին, կամացուկ արտասանեց Արփինե Հունանյանը։- Թևեր ենք տալիս նրանց, թռչում, գնում են, իսկ մենք մնում ենք նրանց տեսքին կարոտ։

Բավականին ուշ էր արդեն, երբ տուն հասան։

Առավոտյան շուտ Միքայելը հրաժեշտ տվեց Արփինե Հունանյանին, Աշոտին, նրա կնոջը՝ Մարինեին, փոքրիկ Արայիկին և գնաց։

…Երբ հսկա ԻԼ-62 օդանավը, ցնցելով գետինը, պոկվեց թռիչքուղուց, Միքայելը հանկարծակի հիշեց, որ չի վերցրել ուսուցչուհու ոչ հասցեն, ոչ էլ հեռախոսահամարը։ Նա մի պահ նստել էր շվարած, հետո դեմքը լուսանցույցին սեղմած, հայացքը ներքևում, այգիների մեջ կորած ծովամերձ ամառանոցային ցածրիկ տներին ու այս ու այնտեղ սփռված վերուվարող նավթաբուրգերին, շշնջաց մարող շշուկով. «Ներիր, ընկեր Արփինե… մեզ բոլորիս ներիր…»։

Իսկ օդանավը ոսկեշղարշ արևի միջով բարձրանում, հա բարձրանում էր վեր, դեպի ձյունաճերմակ , մաքուր ամպերից էլ վեր։




Սանկտ-Պետերբուրգ







    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail