ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. «ԻՄ ՍԻՐՏՆ ԱՅՆՏԵՂ Է, ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ»


Զրույցը՝ Միքայել Հաջյանի




- Լևոն, բարեկամս, հայրենիքում ծնունդդ ենք նշում, ավաղ, դարձյալ քո բացակայությամբ... Շնորհավորում եմ։ Ընդունիր որպես առաջին հարց. չե՞ս կարոտել և վերջապես ե՞րբ ես մտադիր այցելել հայրենի Արցախ...

-Սիրելիդ իմ Միքայել, եթե այդ ԿԱՐՈՏ բառն ի զորու լիներ իր մեջ ամփոփելու այն վսեմագույն զգացումը, որ մշտատև ապրում է ոչ իր կամոք օտար ափերում դեգերող ամեն մի հայի մեջ՝ ժամանակ առ ժամանակ նրանց սրտերը լցնելով անպարփակ կարոտով ու տխրությամբ… Թե որ իրոք զորու լիներ… Յուրաքանչյուրիս հոգում մեր կախարդական երկրի հանդ ու սարերն են, այդ սարերի շնկշնկան հովը, զիլզիլան զովն ու մեր սարերից իջնող ու ձորերից ելնող կակաչազարդ դաշտերն ու այդ դաշտերում, կապույտ մշուշների ու ծիրանագույն արևի մեջ հնձած արտերի վրա կախված կապտաթև տատրակները, որ մեր հուշերի ծալքերում թրթռալով կախվում, քարանում են օդում… Մի՞թե երբևէ հնարավոր է մոռանալ էն հեռո՜ւ-հեռու արեգակի խաղն ու արևի ցոլքը մեր սարերի վրա՝ ոնց որ բոցավառ կրակ, կամ մեր գետակների մանր խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն արևի փայլը շողշողենի , կամ արտույտի անուշ արտորումն արտերում, խրխինջը ձիու՝ ամառվա տապում կամ էլ, ասենք, մեր ձորերում կկվի էն թախծագորով անձկալի ձենն ու հավքի դայլայլը, սիրտ մղկտացնող նրա մեղեդին ինչպես չկարոտես ու ոնց մտահան անես… Ինչ մնում է հայրենի Արցախ այցելելուն… կարոտաբաղձ իմ սիրտը միշտ ճամփին է , պարզապես տեղ չի հասնում։

- Իսկ այժմ՝ հարցիս պատասխանը ոչ այնքան ավագ ու միջին սերնդի քո ընթերցողներին է պետք, որոնցից շատերն այսօր էլ քո գրչի երկրպագուներն են, այլ նրանց, ովքեր, հնարավոր է, դեռ չեն կարդացել քեզ։ Ուրեմն այսպես. ո՞վ է Լևոն Ադյան մարդն ու գրողը։

-Լևոն Ադյան մարդն ու Լևոն Ադյան գրողը նույն հենքից են հյուսված, որովհետև իմ բոլոր ստեղծագործություններում՝ առաջին ՙՀեռու լեռներում՚ վիպակից սկսած մինչև վերջին ՙՀեռացող եզերք՚ վեպը, աննշան բացառությամբ, իմ կյանքն է արտացոլված, ինքնակենսագրական բնույթ ունեն համարյա։ Կներես անհամեստ համեմատության համար, մի՞թե նույնը չի կրկնվում Լև Տոլստոյի կամ Դոստոևսկու պարագայում։ ՙԿարամազով եղբայրների՚ Միտյա Կարամազովն ինքը Դոստոևսկին է՝ Տոբոլսկի բանտի անմեղսակից այդ դատապարտյալը։ ՙՄեռյալ տնիցՙ գրված նամակները ևս իր նամակներն են՝ իր մասին։ Իսկ մի՞թե ՙՆեղ օրերից մեկում՚ իր՝ Նար-Դոսի կյանքը չէ պատկերված՝ մեր օրերի այդ խորիմաստ պատմությունը՝ հենց մեր մասին։ Հրանտ Մաթևոսյանի բազում ստեղծագործությունների գլխավոր հերոսն ինքը՝ անզուգական մարդ ու գրող Մաթևոսյանն է։ Կամ, ասենք, Թումանյանի անմահական ՙԳիքորում՚ ինքը՝ Թումանյա՞նը չէ արդյոք՝ փոքր ժամանակ՝ Գիքոր, արդեն մեծացած՝ Համբո, որ հեռավոր Մոսկվա քաղաքում, մահվանից առաջ գեղջուկ Համբոյի անմեղ միամտությամբ անձկությամբ ասում է. ''ես ավելի շատ մեր տունը կգնամ, մեր տունը էնքան եմ կարոտել''։ Ասես Գիքորի վերջին բառերի արձագանքն է հնչում, հիշու՞մ ես. ''ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դեդի… ես մեր տունն եմ գնում''։

- Քո հերոսները, անկախ բնակության վայրից, չնչին բացառությամբ, արցախցիներ են։ Արդյոք, դա կամա-ակամա չի՞ նեղացնում միջանձնային հարաբերությունների, մարդկային հատկանիշների ու դրանց դրսևորումների քո՝ գրողի տեսլականը։ Ինչո՞վ կբացատրես այդ նախապատվությունը։

-Իմ հերոսներն, այո, քո ասած, չնչին վերապահումով, արցախցիներ են, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ես ծննունդով ու ամբողջ էությամբ այդ աշխարհի հարազատ ու հավատարիմ զավակն եմ ու ինչ էլ որ գրել եմ կամ պիտի գրեմ՝ արել եմ ու պիտի արարարեմ լոկ սրտիս կանչին անսալով, իսկ սիրտն իմ անդիմադրելի մղումով ինձ շարունակ տանում է դեպի հայրենի եզերք, իմ սիրտն այստեղ չէ, իմ սիրտն այնտեղ է, հեռու լեռներում։ Իմ գործերն, իրոք առավելապես պատկերում են մեր գյուղաշխարհը, հայրենի Արցախի առօրյան, լեռնցու կյանքն ու հոգեբանությունը: Այսինքն՝ ղարաբաղցի մարդուն՝ ղարաբաղցու իր մարդկային դիմագծով։ Այդ որ երկրի գրողն է, որ կոչված չէ ստեղծելու իր ցեղի մարդու, արյունակցի, իրեն հարազատ միջավայրի մարդու համամարդկային կերպարը, սկսած Աչեբեից, Օրուելից, Կաբո Աբեից մինչև Մարկես, Քամյու ու Չինգիզ Այթմատով։ Ընդ որում, դա ոչ միայն ինձ մոտ է ակներև, Արցախի մեր շնորհաշատ գրողներից յուրաքանչյուր ոք՝ ղարաբաղցու լիարժեք կերպար ստեղծելով, կարծում եմ, միջանձնային հարաբերությունների, մարդկային հատկանիշների ու դրանց դրսևորումների նեղացում չի միտում բնավ։

- Քո վեպերի, վիպակների ու պատմվածքների հենքը, անկասկած, իրական կյանքն է՝ իր ամենատարբեր առումներով։ Բայց, ըստ իս, գրեթե բոլոր գործերում էլ դու մնացել ես նույն անուղղելի ռոմանտիկը՝ մի յուրօրինակ Դոն-Քիշոտ։ Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում։

- Արդարև, իմ բոլոր գրվածքների հենքն իրական կյանքն է, իմ կյանքն է, լավ ու վատ օրերով, լավը քիչ, վատը՝ շատ, ու, եթե իմ նախնական գործերն իրոք հագեցած էին պատանեկան անաղարտ ռոմանտիզմով ու մաքրամաքուր հավատով դեպի հեռավոր թվացող լուսաշող գալիքը, ապա հետագա գործերում արդեն նշմարվում են թախծի անսքող երանգները։ ՙՀեռացող եզերքում՚ ևս առկա է ռոմանտիզմը , սակայն դա, ավելի շուտ, ողբերգային դաշներանգներ են։ Այս գործը ևս իրական պատմություն է, սիրավեպ ցեյտնոտի մեջ ընկած մի զույգի, որ պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում, առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախաապատրաստումը և, ավաղ, առանց գիտենելու նաև, թե ինչ է սպասում իրենց՝ հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ պատահական հանդիպումից հետո։ Իսկ առջևում նրանց սպասում էր Բաքուն ու Սումգայիթը… ՙՀեռացող եզերքում՚ պատկերված սիրո պատմությունը սոսկ ֆոն է, իրականում դա զուտ ճշմարիտ ու արդարացի պատմություն է Ղարաբաղի մասին, որը գալիս է մի անգամ ևս հավաստելու, թե ինչից ժայթքեց Ղարաբաղի ցասումն ընդդեմ ադրբեջանական հայատյաց սանձարձակության:

- Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ օտար ափերում ես ապրում... Տեղյակ եմ, ի հեճուկս կյանքի փորձություններին, մի ամբողջ շարք նոր վիպակներ ես հեղինակել, այդ թվում, մանավանդ, ՙՀեռացող եզերք՚, վեպը, որոնք բոլորն էլ, ավաղ, անտիպ են առ այսօր։ Ո՞րն է նոր ստեղծագործություններիդ կենսական հենքը. միայն անցյալի հուշե՞րդ, թե՞ նաև արդի իրողությունները, որոնց, անկասկած, հասու ես։

-Ի պատասխան այս հարցիդ ասեմ միայն այն, ինչ արդեն ասել եմ մի առիթով. յուրաքանչյուր հեղինակ գիրք է գրում՝ անպայման տպագրելու հույս ու հավատով, և, եթե չի հրատարակվում այն, ավելի ճիշտ, եթե չի հաջողվում հրատարակել, այստեղ, ինչ խոսք, հեղինակի ցավն ավելի շատ է, քան մեղքը: Գիր ու գրականությունը, դժբախտաբար, մեր առօրյա կյանքից ետ են մղված։ Եվ ժամանակներն են ուրիշ և բարքերն են օտար։

- Չեմ ուզում այս վերջին հարցը տալ, բայց, այնուամենայնիվ, լինելով բավական բեղուն գրչի տեր ստեղծագործող, դու քեզ երջանի՞կ գրող ես համարում։

-Ոչ։




ՙԱզատ Արցախ՚ թերթ- 13.01.2011թ.
Ստեփանակերտ -Սանկտ-Պետերբուրգ




    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail