ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. «ՄԵՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՄԻ ԱԿՆԹԱՐԹ է` ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՎ…»


Զրույցը՝ Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ




-Պարոն Ադյան, ընթերցողի և գրողի զրույցն անկախ ժամանակից և տարածությունից շարունակվում է ընթերցողի հիշողության մեջ՝ ի շնորհիվ գրողի ստեղծած արժեքների: Այս առումով, որպես ընթերցող շեշտեմ, մեր զրույցը՝ թեկուզև հեռակա, տասնամյակներ առաջ սկսված երկխոսության նոր ելևէջը կդառնա: Երբևէ Ձեզ զգացե՞լ եք Ձեր ընթերցողի դերում և ինչ է նշանակում լինել ընթերցողի առջև պարտավոր և պատասխանատո:

-Գրողն իր ստեղծած ուրույն աշխարհով, պատկերավոր ոգեշունչ խոսքով, այսինքն, իր ստեղծած արժեքներով, մտնում է ընթերցողի սիրտը, ընթերցողին ուղեկցելով համարյա ամբողջ կյանքում: Բարձր գրականության բոլոր մեծերը ապրում են մեր մեջ, ապրում են ու ապրեցնում: Գրողը ևս նույն ընթերցողն է, իր ստեղծագործությունների հենց առաջին ընթերցողը` նրա առջև մեծագույն պարտավորությամբ ու պատասխանատվությամբ, պարզապես բանն այն է, որ նա շատ դեպքերում չի կարողանում ճիշտ գնահատել իր գործը` գեղարվեստական արժանիքնե՞ր ունի այն, թե ամուլ մի բան է: Եվ զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ մեր ամենամեծ ու ամենասիրելի Թումանյանն անգամ տարակուսանքով էր վերաբերվում իր ստեղծագործություններին, կասկածամտությամբ ասելով` խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ որպես բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե բանաստեղծ եմ ես…

Նրանք, ովքեր անցել են մեզնից առաջ, մշտապես ապրում են մեր մեջ, և մենք նույնպես, եթե դրան արժանի ենք, կապրենք նրանց մեջ, ովքեր գալիս են մեր հետևից: Դա կյանքի հիշողության օրենքն է, կյանքի մշտնջենական անխախտ օրենքը, որովհետև, երբ աստված ուզում է պատժել մարդուն, նրան զրկում է հիշողությունից: Մեր մեծերն իրենց օրինակով մեզ հիշեցնում էին` ապրել սեփական բարի գործերով, ու մենք էլ, մեր հնարավորությունների սահմաններում, մեզնից հետո եկողներին ենք պատգամում, որ մարդ չպետք է կոպիտ սխալներ թույլ տա, քանզի կյանքն այնքան վաղանցուկ է, որ նա չի հասցնի ուղղել իր սխալը և որ պետք է ապրել միայն խղճի մտոք, քո ներսում, քո մեջ ապրող աստծո` խղճի մտոք – չկա խիղճ, ուրեմն չկա աստված,չկա աստված` ուրեմն ամեն ինչ թույլատրելի է: Դրա համար էլ հիմա ամեն մի սուրբ բան խաթարված է, ամեն ինչ կարելի է… Կարամազով եղբայրների հոր խոսքերով։`нет бога - все дозволено… Կյանքում իմ բախտը սաստիկ բերել է այն առումով, որ իմ կյանքի ճանապարհին, չնչին բացառությամբ, ինձ հանդիպել են սոսկ անսահմանորեն ազնվագույն մարդիկ, որոնցից շատ-շատերն այս կամ այն կերպ իմ գրքերի գործող անձանց նախատիպն են հադիսանում: Այդ մարդկանց նվիրական անունները անմեռ ու սուրբ են ինձ համար, նրանցից շատերն, ավաղ, չկան, բայց այսօր էլ օգնում են ինձ պարզերես ու շիտակ ապրել, նրանց մտերմությունն ու բարեկամությունն ինձ հետ` ես աստվածային պարգև եմ համարում…

-Ադամորդուն հետամուտ կյանքի կտրուկ շրջադարձերը ստեղծագործ անհատի պարագայում ընկալվում են առավել ցավագնորեն, ասես փլուզվում է նաև նրա ստեղծած աշխարհը՝ արվեստում: Կարողացե՞լ եք պահել Ձեր ստեղծագործության դիմագիծը:

- Ես կարծում եմ, որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում - այս աշխարհում ամեն ինչ կամ փորձություն է, կամ պատիժ, կամ շնորհ, կամ նախանշան: Բաքվի դեպքերից հետո իմ կյանքը դասավորվել է համարյա նույն կերպ, ինչպես որ մնացած բաքվեցի հայերինը, որոնց թիվը մինչև իննսունի հունվարյան ջարդերը ավելի քան երեք հարյուր հազար էր: Ամբողջ այդ հայությունը հարկադրված եղավ թողնել հարազատ քաղաքը, աշխատանք, տունուտեղ, իսկ դա նշանակում է, որ մինչև մեր կյանքի վերջին օրերը պետք է հատուցենք դրա համար: Մարդիկ սովորաբար ապրում են անցյալով ու ապագայով, ամենադժվարը ներկայով ապրելն է: Օտար քաղաք ու օտար երկիր գաղթելը միշտ էլ ողբերգություն է, հատկապես` եթե դա բռնի է: Դա մշտատև ծանր պայքար է գոյատևման համար: Բանականությամբ կարելի է հաշտվել այդ մտքի հետ, բայց հոգին ոչ մի կերպ չի ընդունում դա, չի ուզում համակերպվել… Կա մի դառը հանգամանք ևս, որի մասին ինչ որ առիթով ասել եմ և որն ինձ` որպես գրողի, հանգիստ չի տալիս: Դա այն է, որ Բաքվի ջարդերն, իմ խորին համոզմամբ, չէին կարող տեղի ունենալ` առանց ադրբեջանական մտավորականության լուռ համաձայնության, այդ թվում և հանրապետության գրողների ու բանաստեղծների` հենց այդ մտավորականության առաջատար մասի, լուռ համաձայնության: Այդ ինչպե՞ս պատահեց, որ 20 – րդ դարի վերջին տասնամյակին չգտնվեց մի գրող, մշակույթի գործիչ, ով պաշտպան կանգներ անմեղ մարդկանց, ինչպես որ դա հայերն արեցին տասնութ թվականի մարտ ամսվա դեպքերի ժամանակ՝ շուրջ տասներեք հազար մուսուլմանների թաքցնելով իրենց տներում ու հիմնարկներում, ինչպես յոթանասուն տարի անց նույնն արեցին սումգայիթցի ու բաքվեցի հասարակ ռուս, լեզգի ու ադբեջանցի մարդիկ, ովքեր երբեմն սեփական կյանքը վտանգելով, փրկում էին իրենց հայ ծառայակիցներին, ընկերներին, հարևաններին, պարզապես անծանոթ մարդկանց` կարողանալով ծայրահեղ իրադրություններում պահպանել մարդկային կերպարանքը: Եվ ընդհակառակը, որոշ բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, այն էլ բավականին հայտնի, անձնական շահեր հետապնդելով՝ ամբոխի բազմահազարանոց խառնաժողովներում, զանգվածային լրատվամիջոցներում, հատկապես հանրապետական հեռուստատեսությամբ, մշտապես լարում էին հակահայկական հիստերիայի պարուրակը, ազգայնամոլական կրքեր բորբոքելով՝ երիտասարդությանն ու անչափահասներին բացեիբաց սադրելով թալանի, ջարդերի ու չարագործությունների:

Կյանքի կտրուկ շրջադարձերը ստեղծագործ անհատի պարագայում իրոք որ ընկալվում են առավել ցավագնորեն, իրավամբ, փլուզվում է նրա ստեղծած գեղեցիկ աշխարհը, որ իրենն է լոկ ու զուտ իրեն է միայն տեսանելի ու մատչելի: Իրադարձություններից դեռևս շատ առաջ հրատարակչության էի հանձնել իմ ստեղծագործությունների հատորյակը, որի մեջ մտել են մի շարք պատմվածքներ ու վիպակներ, մեկ ուրիշ հրատարակչությունում տպագրության էր պատրաստվում Ադրբեջանի դասականներից ու ժամանակակից գրողներից իմ թարգմանությունների երկհատորյակը: Այդ գրքերը պատրաստ էին, կարդացել էի առաջին տպվածքները, սակայն, իրադրության ահագնացող սրության կապակցությամբ, իմ գրքերի ձեռագրերը ոչնչացվել են հրատարակչությունում: Բաքվում են մնացել նաև իմ բոլոր գրքերն ու ձեռագրերը: Ինձ համար ցավալի է խոստովանել, որ դեպքերից անմիջապես հետո գրված ՙՀեռավոր եզերք՚ վեպը` Բաքվի այն ահավոր օրերի իրադարձությունների մասին, մինչև օրս հրատարակել չի հաջողվում: Այն վշտալի մտքից, որ գրականությունը և ընդհանրապես արվեստը երբեմն ի զորու չեն ներգործել մարդկային մտքի ու չար մտադրությունների վրա, ինչպես նաև իմ ձեռագրերի ոչնչացվելուց ու առանձնապես ՙՀեռացող եզերքի՚, այսպես ասած, դժբախտ ճակատագրից հետո մտածում էի այլևս ոչինչ չգրել և, իրոք, այս անցած տարիներին համարյա ոչինչ չէի գրում, չնայած բավականին մտահղացումներ են եղել: Երկար լռությունից հետո վերստին վճռել եմ վերադառնալ ստեղծագործելուն, գրել եմ մի քանի պատմվածքներ ու վիպակներ. ինտերնետի կայքերում կան դրանք: Մտածում եմ ուրիշ գործեր ևս գրել, ավարտել ՙԻրիկնային աղջամուղջ՚ վեպը, որից հատվածներ են տպագրվել մամուլում, ով գիտի, գուցե հանկարծ նորից բացվեն անհաստատ բախտի դռները, և ամեն ինչ վերադառնա ի շրջանս յուր…

- Երբ քո հայրենիքում խաղաղությունն այնքան փխրուն է, որ հաճախ վերանում են ճակատ և թիկունք հասկացությունների սահմանները, հեռվից եկող կարոտի ձոները դառնում են անիմաստ: Չեք վախենում, որ Ձեր տողը...

-Ես հիմա էլ անսահման մեծ ցավ եմ ապրում իմ պաշտելի ընթերցողներից նամակներ ստանալով ոչ միայն անծայրածավալ Ռուսաստանի համարյա բոլոր նահանգներից, մարզերից ու երկրի ամենակորած խուլ վայրերից, ուր ճակատագրի ծաղրով բնակություն են հաստատել մեր հայրենակիցները, այլև աշխարհի տարբեր քաղաքներից` Բրունկլին, Բոստոն, Տորոնտո, Կանբերա, Բրիսբեն, Մյունխեն, նույնիսկ Պորտուգալիայի Մայդերա կղզուց, և ես սրտի անդիմադրելի սոսկումով եմ մտածում այն մասին, որ նրանց ժառանգներն այլևս չեն կարդա հայերեն:

Որպեսզի նման ցավ չհամակի մեզ այլևս, հույժ անհրաժեշտ է, որ Արցախում պահպանվի կայունությունը։ Եվ ոչ միայն Արցախում, այլև նրա շուրջը կայունությունը կարող է պահպանվել սոսկ ներկայիս ռազմաքաղաքական իրողությունների անվերապահ պահպանմամբ ու հայ ռազմիկի սուրբ արյամբ սրբագործված տարածքների անպայման վերաբնակեցմամբ` Ադրբեջանի շրջաններից բռնի տեղահանված հայ ազգաբնակչությամբ, որովհետև Արցախի ժողովուրդն այսօր ազատագրված այդ տարածքները դիտարկում է որպես իր անվտանգության բացարձակ և միակ իրական ապավեն` նրա մի թիզ հողն անգամ հակառակորդին չզիջելու աներեր պայմանով:

Դժբախտաբար, որոշ մարդկանց մեղքով, այս պատերազմին Ադրբեջանը չմատնվեց համակարգային պարտության: Ես տեղյակ եմ հավաստի տվյալների, ծանոթ եմ ադրբեջանական պառլամենտի` Միլլի մեջլիսի, այն ժամանակվա խոսնակ Ռասիմ Գուլիևի հուշերին և գիտեմ, որ Քուռ գետից մինչև Արաքս ողջ ադրբեջանական ժողովուրդը` Կիրովաբադ ու Խանլարից սկսած մինչև Սաբիրաբադ, մինչև այնտեղ, ուր Քուռ և Արաքս գետերը խառնվում են իրար, ճամպրուկները կապած փախչում էր և զենքի ուժով էին միայն կարողանում մարրդկանց կանգնեցնել: Այսօր անհեռատես կերպով տարածքային նվազագույն զիջում անելու դեպքում անգամ` ամբողջապես կխաթարվի ծանրագույն զոհողությունների գնով կայացած Արցախի ու Հայաստանի պաշտպանական ողջ համակարգը, կկործանվի այն միակ երաշխիքը, որի շնորհիվ, չնայած ջղաձիգ կեցվածքին ու ռազմատենչ հայտարարություններին` այս էլ քանի տարի, Ադրբեջանը չի համարձակվում վերսկսել ռազմական գործողությունները` քաջ գիտենալով, որ իր կորուստն առավել շատ կլինի, քան շահածը:

- Բաքվի հայ մտավորականության, և ինչու չէ, նաև Արցախի բանաստեղծների և արձակագիրների համար խոսափող էր Ձեր խմբագրած հանդեսը՝ «Գրական Ադրբեջանըե: Այսօր կրկին ստեղծագործական ակտիվ կյանքով ապրողի տեսանկյունից ի՞նչն է գնահատելի Ձեր այդ տարիների գործունեության մեջ և ինչի համար եք ափսոսում:

-Շնորհակալ եմ Ձեզ գոնե այս հարցի համար, որովհետև առիթ է ընձեռնվում խոսք բացել անարդարացի կերպով մոռացության մատնված ՙԳրական Ադրբեջանի՚ մասին, որին ես նվիրել եմ իմ կյանքի լավագուն տարիները, ուղիղ քսանհինգ տարի աշխատելով հանդեսի խմբագրությունում: Ուզում եմ անձամբ Ձեզ իմ ափսոսանքը հայտնել այն բանի համար, որ Ձեր ունեցած գրական զրույցներում Արցախի գրողներից և ոչ մեկը մի խոսք անգամ չի ասում հանդեսի վերաբերյալ: Թող կոպիտ չհնչի, սակայն, կարծում եմ, աններելի է երախտապարտ չլինել նրան, ում ինչ-որ չափով պարտական ես քո նվաճումների համար: Դա իրավ շատ ցավալի է:Ինչպես ասում են` աչքից հեռու, սրտից հեռու: Այնինչ մեծ էր Հայաստանից դուրս միակ հայերեն գրական հանդեսի դերը ոչ միայն այն ժամանակ Ադրբեջանի տարածքում ապրող բոլոր հայ ստեղծագործողների համար, այլև մեծ ու նշանակալից էր այդ դերը առանձնապես հայապահպանման սրբավանդ գործում: Հանդեսի տպաքանակը, չնայած Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մշակույթի բաժնի համառ դիմադրությանը, հասել էր տասներկու հազարի, որը կրկնակի գերազանցում էր ՙՍովետական գրականություն՚ ամսագրի տպաքանակին, չխոսելով ՙԼիտերատուրնայա Արմենիա՚ և ՙԼիտերատուրնի Ազերբայջան՚ ամսագրերի մասին, որոնց տպաքանակը երեք հազարից չէր անցնում:

ՙԳրական Ադրբեջանը՚ (նախկինում` ՙԽորհրդային գրող՚) երեսունական թվականների սկզբից սկսած մինչև Հայրենական Մեծ պատերազմի առաջին ամիսը, երբ խմբագրական ամբողջ կազմը` Համո Սահյան, Արշավիր Դարբնի, Գևորգ Պետրոսյան, Աթանես Սենալ, Գևորգ Բլանց, հանդեսի գլխավոր խմբագիր Գարեգին Սևունցի ու պատասխանատու քարտուղար Թաթուլ Հուրյանի հետ, մեկնեց ռազմաճակատ, ուր Թաթուլը զոհվեց հերոսի մահով, մինչև հանդեսի փակումը Բաքվի 1990-ի հունվարի հայոց կոտորածից ընդամենը երկու ամիս առաջ, անխոնջ ծառայել է հայությանը` աճեցնելով գրողների, բանաստեղծների ու գրականագետների մի ստվար բանակ` սկսած Համո Սահյանից, Գարեգին Սևունցից, Սուրեն Այվազյանից, Աշոտ Գրաշուց, Մարգար Դավթյանից,Համո Ամիրխանյանից, Գուրգեն Անտոնյանից, Արշավիր Դարբնուց, Սամվել Գրիգորյանից, Բագրատ Ուլուբաբյանից, Սարգիս Աբրահամյանից, Բոգդան Ջանյանից ու մեր մյուս երախտավորներից մինչև այսօր Արցախում ու Հայաստանում լայն ճանաչում գտած մեր անվանի գրողներն ու բանաստեղծները: Հանդեսին պարտական են նաև մեր մի շարք գրականագետներ, որովհետև, առանց հանդեսում տպագրվելու, նրանք չէին կարողանա պաշտպանության ներկայացնել իրենց թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաները: Մենք դա լավ էինք հասկանում ու միշտ ընդառաջում էինք:

Անդրադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ այդ տարիների գործունեության մեջ գնահատելին, իհարկե, գրական կենսախինդ մթնոլորտն էր, գրելու ու տպագրվելու տենչը: Հատկապես ինձ համար այդ տարիներն իմ կյանքի երջանիկ ու հագեցած տարիներ էին, բեղմնավոր ստեղծագործության տարիներ. գրքերի հրատարակում, մշտական հանդիպումներ ուսանողների ու դպրոցականների հետ, սիմպոզիումներ, ստեղծագործական միությունների լիակազմ ժողովներ, ուղևորություններ երկրում ու Ադրբեջանի զանազան շրջաններում, միութենական հանրապետությունների գրականությունների օրեր, որտեղ մենք հնարավորություն ունեինք շփվելու երկրի, այդ թվում նաև Հայաստանի մեր նշանավոր գրողների ու բանաստեղծների հետ… Մի խոսքով, քառորդ դարն անցավ ինչպես մի ակնթարթ: Ինչպես որ հայտնի երգում է ասվում` մեր ամբողջ կյանքը մի ակնթարթ է միայն, մի ակնթարթ` անցյալի և ապագայի միջև… Այժմ, ավաղ, գիր ու գրականությունը մեր առօրյա կյանքից մի քանի մղոնով դուրս են մղված, հիմա շատ բան փողով է չափվում` երբեմն նաև` և պատիվ, և խիղճ, և արժանապատվություն: Ափսոսալու մասին… Եթե լայն ընդգրկումով վերցնենք, ապա պետք է ասեմ, որ, եթե հնարավոր լիներ` իմ անցած կյանքն ապրեի վերստին, ես այն ուրիշ կերպ կապրեի: Գլխավորը` ես կապրեի իմ հայրենի Ղարաբաղում, ուր ծնվել եմ ու դպրոցն ավարտել և որի հեքիաթային գեղեցկությամբ աշխարհ տեսած Ստրաբոնն է անգամ տարվել` Քրիստոսի ծննդից շատ առաջ, հիացմոււնքով ասելով` ՙայստեղ ծղոտից ընկած հատիկից հաց է ծնվում, մեղուները ծառերին են պարս տալիս, իսկ մեղրը տերևներից է հոսում…՚: Ճշմարիտ եմ ասում, հարազատ վայրերից ոչ մի տեղ չէի գնա` ոչ միայն այն հաստատուն համոզումով, որ գրողն անպայման իր հողի վրա պիտի միայն ապրի, այլև կուզենայի ապրել ծնողներիս կողքին, որպեսզի նրանք միշտ զգային իմ հոգատարությունն ու ուշադրությունը: Ափսոսում եմ, որ ճակատագիրն այլ կերպ է տնօրինել, այլ կերպ է դասավորվել իմ կյանքը, և ես չկատարեցի իմ որդիական սուրբ պարտքը, և դա մտատանջում է ինձ…Երկարաձիգ տարիներ, այո, աշխատել եմ հանդեսում, լավ ու վատ օրեր շատ են եղել ու այստեղ ևս ափսոսալու շատ բան կա: Որպես Ադրբեջանի մամուլի կոմիտեի գեղարվեստական խորհրդի անդամ` անմիջապես կապված եմ եղել հրատարակչությունների հետ, ափսոսանք եմ ապրում, որ չհաջողվեց հրատարակել Ղարաբաղի երիտասարդ գրողների ստեղծագործություններից կազմված ծավալուն գիրքը:

Յուրաքանչյուրից հրատարակչական ավելի քան մեկ մամուլ արձակ ու չափածո գործերով ընդգրկված էին Կոմիտաս Դանիելյանը, Ռոբերտ Եսայանը, Վաղարշակ Գաբրիելյանը, Ժաննա Բեգլարյանը, Մարսել Պետրոսյանը, Սլավիկ Հարությունյանը, Կիմ Գաբրիելյանը, Սեյրան Քամալյանը, Դավիթ Միքայելյանը, Համլետ Մարտիրոսյանը, Սեյրան Բալայանը և ուրիշներ: Այն ձախողվեց վերջին պահին` մեր հայ գրողներից մեկի ստորաքարշ գաղտնի գրախոսությամբ` տարակուսանք հարուցելով, թե ինչու մարզում ապրող ադրբեջանցի հեղինակները տեղ չեն գտել գրքու:

Լեոնիդ Հուրունցն ասում էր` մեր ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Նա ասում էր նաև, որ ծառը չէր տապալվի, եթե կոթն իրենից չլիներ: Չէր սխալվում մեր մեծ հայրենասերը, ազգերն իրոք ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:

-Ծանոթ եմ Ձեր ՙՀեռացող եզերք՚ անտիպ վեպին, որտեղ հայ գրողին, կրկնում եմ՝ հայ գրողին վայել ազնվականությամբ կարողացել եք ներկայացնել նաև ոչ հայերին: Անշուշտ, դժվար էր ազերիների կազմակերպած նախճիրի խավարում լույս փնտրել և ավելին՝ հավատալ դրա աղոտ պատկերին: Ինչպես կարողացաք կրկին հավատալ մարդուն, չէ՞ որ Դուք Բաքվի եղեռնից մազապուրծ մի մարդ` տեսաք, որ նրանք Ձեր պատկերը չունեն:

-Ասել եմ ու կրկնում եմ, որ այդ նախճիրի, հրեշավոր այդ ոճրագործության հեղինակը կուսակցական-ազգայնական մաֆիան էր, որի թիկունքին կանգնած էր կենտրոնական համամիութենականը, որն, անշուշտ, իրագործում էր կայսրության հետևողական քաղաքականությունը՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով: Ժամանակին հենց այդ սկզզբունքով առաջնորդվեց ցարիզմը. ըստ Ղարաբաղի Գյուլիստանում կնքված պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի զգալի տարածքները դուրս եկան պարսկական տիրապետությունից, անտեսելով տասնիններորդ դարի առաջին կեսին Ռուսաստանի մղած չորս պատերազմներում հայության թափած արյունը, այսինքն՝ անտեսելով այն, որ հայոց կամավորական ջոկատները՝ շուրջ երեք հարյուր հազար կռվող տղամարդ, Բալկաններից մինչև թուրքական ճակատ, մասնակցում էին պատերազմական բոլոր գործողություններին՝ ցուցաբերելով անձնազոհ հերոսություն ու աննախադեպ նվիրվածություն, ցարիզմը հայկական տարածքները կցեց ուրիշ վարչական միավորումների, հայոց հողերը կալվածատեր բեկերի ու աղալարների կաշառությամբ տարանջատեց՝ հնարավորություն ընձեռնելով ուրիշներին բնավորվելու ու բազմանալու այդ բարեբեր տարածքներում, փաստորեն այնտեղ ապրելու իրավունքից զրկելով իսկական տերերին: Այսօրվա վեճ ու կռիվը այդտեղից է գալիս, Նվարդ, ամեն ինչ ծագում է բացառապես քաղաքական խաղերի պատճառով, Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, և տուժողը, պարզ է, միշտ էլ հասարակ մարդիկ են՝ լինի հայ, թե ադրբեջանցի:

Ի պատասխան Ձեր հարցի, ասեմ, որ խիղճը մարդկային խառնվածքի զարդն է, դա չպետք է մոռանալ, չպետք է մոռանալ և այն, որ չի կարելի ծառայել սեփական ժողովրդին՝ անարդար լինելով այլ ժողովրդի նկատմամբ…Իսկ դուք գիտե՞ք, որ Շեքսպիրը ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետան իրոք եղել են: Նրանց սիրո պատմությունը ևս իրական պատմություն է: Եվ այն, որ նրանց ծնողները պատկանում էին երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական հինավուրց քեն, թշնամություն կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան սադրանքներով՝ նույնպես եղելություն է: Տեսնում ե՞ք, այն ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվում...

-Ժամանակին մեծ արձագանք ունեցավ երիտասարդ գվարդիայի կազմում ֆաշիստների դեմ մարտնչած ու նահատակված Մայա Փեհլիվանովայի մասին Ձեր վեպը: Հայի հետքի հայտնաբերումը, որը նաև գենետիկ հատկություն է մեզանում, այսօր Սանկտ-Պետերբուրգում ապրող հայ գրողին ինչ նոր ափեր է տարել:

- ՙԿորսված բարդիները՚` Կրասնոդոնի Պերվոմայկա ավանի տասերորդ դասարանի կոմերիտուհի Մայա Փեհլիվանովայի կարճատև կյանքի ու սխրագործության մասին, գրվել է ոգեշունչ հպարտությամբ մեր ազգի հերոսուհի դստեր հանդեպ: Այսօր իմ մեջ վաղնջական այդ վսեմ զգացումը չկա այլևս. ես մի քանի տարի Պյատիգորսկի հայկական համայքում, որն իր մեջ շրջակա կուրորտային քաղաքների հետ միատեղ, ավելի քան հարյուր հազար հայ է ընդգրկում, նախագահի տեղակալ էի, ռեգիոնալ թերթ էի հրատարակում և, պարզ է, անմիջական շփման մեջ էի տեղի հայության հետ և պետք է ասեմ, որ այնքան էլ նպաստավոր կարծիքի չեմ մեր մասին: Մեր օրերում, դժբախտաբար, զորեղների հավիտենավառ ու անմարդավայել օրենքն է գործում սոսկ` ընդդեմ անմիաբան թույլերի, որ նոր չէ, գոյություն ուներ մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, երբ աթենացիները Մելոս կղզու անհամեմատ թույլ բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին, որովհետև` զորեղն անում է, ինչ կարող է, թույլը զիջում է…

- Մեջբերենք Ձեր ժողովածուներից մեկի վերնագիրը՝ ՙԱյն հեռավոր ամռանը՚։ Արցախ գալու եղանակը արդեն ընտրե՞լ եք:

- Ես Ղարաբաղից դուրս եմ եկել շա՛տ վաղուց, երբ դեռևս պատանեկան հովերով էի տարված` այսինքն դավին տակավին անսովոր, ցավին անընտել, և հետագայում ուր էլ որ եղել եմ, այդ հեռավոր ամռան ջերմությունն ու անմար կարոտը` բնօրրանի տեսքով, ինձ հետ է եղել միշտ, միշտ ապրել եմ նրա դժվարին կյանքով և պատահական չէ, որ իմ բոլոր գործերը հիմնականում նվիրված են Ղարաբաղին, պատկերում են մեր գյուղաշխարհը, ինձ համար թանկ ու անսահման հարազատ Ղարաբաղի առօրյան, մեր մարդկանց կյանքն ու հոգեբանությունը։ Ինչ վերաբերում է Արցախ գալու եղանակի ընտրությանը, ասեմ. կարոտաբաղձ իմ սիրտը միշտ ճամփին է, պարզապես տեղ չի հասնում…










    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail