ԱՊԱՇԽԱՐԱՆՔ / ПОКАЯНИЕ
(պատմվածք)


Էլենն անշտապ ջրում էր տնամերձ փոքրիկ այգու վարդերը, որ նոր էին բացվել և արևածագի ոսկեձույլ շողերից հուրհրում էին ցանկապատի ողջ երկարությամբ: Այդ վարդերի թովիչ բուրմունքն էր կախված օդում:

Դեռևս երեկվանից, չգիտես ինչու, ներհակ մտքեր էին համակել նրան, իսկ թե ինչու՞ էին այդ մտքերը միանգամից պաշարել իրեն և առհասարակ ինչի՞ց սկսվեց դա՝ Էլենը հասկանալ չէր կարողանում: Ինչ-որ լավ բանի, թե՞ տագնապի զգացում կար ներսը, որ նա զանազանել չէր կարողանում: Տարտամ մտքերով համակված՝ նա մտածում էր այն մասին, որ կյանքը շատ ավելի կարճատև է, քան թվում է առաջին հայացքից, կարճատև, բայց նաև սքանչելի է, այն անսպասելիորեն ջերմացնում է անակնկալ կերպով, բայց և դաժան է երբեմն, և, այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, մտորում էր նա, ինչպիսին էլ որ լինի՝ դա քո կյանքն է, վատ թե լավ՝ քոնն է, և ոչ մեկ ուրիշինը. оրդ ծիծաղով է անցնում, թե գիշերները վերմակի տակ պինդ փաթաթվում ես՝ կուչ եկած քո ներսից եկող ցրտից՝ ոչ մեկին չի հետաքրքրում,որովհետև, այո, դա քո՛ կյանքն է, քո՛ ճակատագիրը, որին ընդդեմ գնալ անկարող ես, մնում է հոժարակամ ու հլու կրես այն, ինչ գրված է քո ճակատին, ինչ քո ճակատագիրն է ի ծնե, և դու պարտավոր ես մինչև վերջ լռին տանել քո ծանր խաչը: Բայց չէ՞ որ երբեմն պատահում է և այնպես, որ այդ կարճատև կյանքում ժամանակը չի հերիքում հասկանալու, որ անվերադարձ կորցրել ես շատ կարևոր մի բան, որը քո ամբողջ կյանքի իմաստն էր կազմում:

Էլենն ուղղվեց, նայեց սարերի կողմը, ուր արևը երկինքն ի վեր բարձրացել, շռայլորեն ցոլցլում էր բարձր սարերի վրա: Եվ երկինքը մաքու՜ր-մաքուր էր, ասես լեղակած, և ամպի ոչ մի ծվեն չկար հորիզոնից հորիզոն փռված լաջվարդ երկնքում:

Այն հեռու ամռանն այդ դրախտային սարերում, ծաղկունքի մեջ կորսված բացատում մոշ են քաղել Գևորգի հետ, սիրո հաճոյական խոսքեր է շշնջացել նա իրեն, և այժմ, մտաբերելով այդ հեռավոր երանելի պահերը՝ բուրումնավետ սարերում, Էլենն ակամաբար ինքն իրեն նախանձում էր, որ այն ժամանակ Գևորգը՝ հանդուգն, գեղեցիկ, իրեն, գյուղի բոլոր աղջիկների մեջ հատկապես իրեն ընտրեց և ոչ ուրիշի:

Էլենը, հայացքը հեռավոր սարերին, դառը ժպտաց՝ հիշելով Գևորգի խոսքն այն մասին, որ ինքն ու Էլենը անտեսանելի կարմիր թելերով շաղկապված են իրար և կյանքում ոչինչ՝ ո՛չ ժամանակը, ո՛չ միջավայրն ու ոչ էլ հանգամանքներն ի զորու չեն բաժանելու իրենց:Այդ թելերը կարող են ձգվել, ասաց նա, ձգվել կամ խճճվել, բայց չեն կտրվի երբեք: Դա ասվեց քնքշալից համբույրներից հետո, այնուհետև իրենք վերստին համբուրվեցին, Էլենը դա հիմա հիշում էր սրտի անդիմադիր թրթիռով ու բաղձալի երանությամբ:

Միայն ինքը՝ Էլենն է մեղավոր ամեն ինչում: Սեփական մեղավորությունն ուրիշի վրա բարդելու գեշ զգացողությունը նա հեռու էր վանում իրենից: Ուրիշ ոչ ոք՝ միայն ինքը, ինքն է մեղավոր…

Այդ օրերին վերին թաղից Վարդուհին, որի հետ մի ամիս առաջ էին ավարտել տասներորդը, եկավ իր մոտ ու ասաց, որ Երևանում սովորող իր եղբոր երկու ուսանող ընկերների հետ գնում են Չըռչըռ աղբյուր՝ քեֆի: Իրեն էլ հրավիրեց: Գնալ չէր ուզում: Մանավանդ, որ Գևորգն այդ օրը չկար, շրջկենտրոնում նրանց հեռու բարեկամն էր մահացել, մոր հետ գնացել էին թաղման: Վարդուհին համոզեց, և նա ի վերջո համաձայնվեց գնալ:

Գյուղից երկու ուրիշ տղա ևս կային, որոնցից մեկը՝ Արսենը, նույնպես վերին թաղից, վաղուց սիրահարված էր իրեն: Գյուղում գիտեին այդ մասին, Գևորգն էլ գիտեր ու սարսափելի խանդում էր: Աստված վկա, իմանար, որ նա էլ պիտի լինի այնտեղ՝ Էլենը չէր գնա: Ինչպես հետո իմացավ, հենց Արսենն էր Վարդուհուն ուղարկել իր մոտ:

Այնուամենայնիվ, սքանչելի օր էր: Եվ խնդուն երգերն ու արտասանությունները՝ խորովածի կրակի շուրջ, և հաճելի եռուզեռը, և տղաների զվարճալի պատմությունները՝ ուսանողական կյանքից, և տնական գինու դուրեկան ազդեցությունը՝ այդ ամենը ախորժելի մթնոլորտ էր ստեղծել զով անտառակում: Իսկ երբ արդեն մութն ընկած տուն էին վերադառնում, և, ասես խոսքները մեկ արած, բոլորն առաջ էին ընկել, Արսենը հանկարծակի բռնեց Էլենի թևը ու մի տեսակ փոխված ձայնով ասաց.

-Էլեն, ինչու՞ ես այպես անտարբեր իմ հանդեպ…

-Ե՞ս,-ակամա դանդաղեցնելով քայլն ու ձեռքը տանելով կրծքին, անմեղորեն հարցրեց Էլենը:-Ամենևին, նման բան չկա, ինչու՞ է քեզ այդպես թվում:

-Չգիտեմ, թվում է և վերջ: Ավելի ճիշտ՝ չի թվում, այդպես էլ կա: Իսկ դու գիտե՞ս, որ ես վեցերորդ դասարանից եմ սիրում քեզ:

Էլենը մանր ծիծաղեց, նայեց Արսենին.

-Ինչպե՞ս:

-Շատ պարզ: Միշտ էլ դուր ես եկել ինձ… Նույնիսկ երբ հեռվից նայում եմ ձեր տան կողմը, սիրտս թրթռում է,- մի տեսակ ոգևորված ավելացրեց Արսենը:- Ուրիշները չգիտեմ ինչպես, ես էդ դասարանից եմ տարված քեզանով: Որովհետև դու իմ աչքին ամենասիրունն ես մեր գյուղում: Քեզնից սիրունը չկա: Երբեմն մարդ փնտրում է ամբողջ կյանքում ու չի գտնում այն, ինչ որոնել է, երբեմն էլ գտնում է մի օրում, ոնց որ ես այսօր…-Արսենը մի պահ լուռ էր, լուռ քայլում էին, ու նա աչքի տակով հմայված նայում էր Էլենին ու չէր հավատում ասես, որ ահա ինքը նրա հետ, միասին քայլում են խորհրդավոր ձայներով լեցուն այս մթին անտառով: Երբեմն ծառերի ետևից լողալով դուրս էր սահում լուսինը, երբեմն անհետանում ծառերի ետևում…

-Ես առաջին անգամ եմ քեզ հետ այսպես մոտիկ քայլում,-դարձյալ խոսեց Արսենը:-Առաջին անգամ է, ու առաջին անգամ է, որ քեզ հետ խոսում եմ այդ մասին ու գիտե՞ս, Էլեն, ես անսահման երջանիկ եմ այսօր… Ես ամեն ինչ կանեմ, Էլեն, որ դու երջանիկ լինես, բոլորի մեջ՝ բոլորից երջանիկը:

Էլենը կողքանց ուշադիր նայեց նրան: Նա Գևորգի մասին էր մտածում այդ պահին: Աստված իմ, եթե Գևորգը իմանար, թե հիմա որտեղ է ինքը այս ուշ ժամին, խանդից կպայթեր սիրտը, չէ՞ որ Էլենը շատ լավ գիտեր, թե ինչ խանդոտն է նա: Սակայն, չգիտես ինչու, իր համար հաճելի էր Արսենի սիրո խոստովանությունն այս մթին անտառում:

-Ես հարկավորական մարդ եմ այս գյուղում,-քիչ անց շարունակեց Արսենը,-բանակից եկել եմ թե չէ, իսկույն գործի եմ անցել, շրջկենտրոնում տրակտորիստի ու կոմբայնավարի կուրսեր եմ պրծել ու սաղն էլ գիտեն, որ վատ չեմ վաստակում: Բայց տես, անձնական երջանկություն չունեմ, որովհետև սիրված չեմ: Ամենաերջանիկը նա է, ում սիրում են, մանավանդ, երբ քեզ սիրում է նա, ում դու ես սիրում: Առանց սիրո կյանք չկա:- Արսենը քիչ հապաղեց, ասաց.- Լսել եմ, որ ուզում ես սովորել, բարձրագույն կրթություն ստանալ: Ճիշտ որոշում է: Կարելի է և հեռակա: Գիտեմ, բարձր գնահատականներով ես ավարտել միջնակարգը, աններելի է, որ չսովորես, ինստիտուտ չավարտես… Իմացիր, Էլեն, լավ իմացիր, որ ես ամեն ինչ կանեմ, որ դու երջանիկ լինես, բոլորի մեջ՝ ամենից երջանիկը:-Արսենը հանկարծակի կանգ առավ, հուզված ասաց.- մտածելով ապագայի մասին, չպետք է մոռանալ, որ պետք է վայելել նաև ներկան:- Նա Էլենին ձգեց դեպի իրեն, գիրկն առավ միանգամից:

-Պետք չէ,-դողդոջուն խնդրեց Էլենը,-Բաց թող, պետք չէ,_ նորից խնդրեց նա…

-Բա ասում ես անտարբեր չես, անտարբեր ես, Էլեն, անտարբեր ես,-թեթև վիրավորված արտաբերեց Արսենն առանց նրան բաց թողնելու գրկից:- Ես այսքան տարի սիրում եմ քեզ,-ավելացրեց նա խզված ձայնով, և Էլենին ավելի սեղմելով իր կրծքին, սիրատենչ շուրթերով գտավ աղջկա կիսաբաց շուրթերը… Նա ավելի մոլեգնորեն սկսեց համբուրել, զգալով, որ Էլենը ոչ միայն չի դիմադրում, այլև ակամաբար մղվում է դեպի իրեն:

Ինչու՞, ինչու՞ այդպես հիմար ու թեթևամիտ գտնվեց: Էլենը հիմա, տարիներ անց, խորը ափսոսանքով, դառնությամբ էր հիշում այդ ամենը… Նա հիշեց, թե ինչ եղավ հաջորդ օրը երեկոյան: Գևորգը եկավ գունատ, ասես բարձր ջերմության մեջ՝ դողում էր կատաղությունից: Նրա հարցը կտրուկ էր՝ իրո՞ք եղել է Չըռչըռ աղբյուրում և ճի՞շտ է, որ Արսենի հետ համբուրվել է անտառում:

Էլենի սարսափահար լռությունը նրան ավելի կատաղեցրեց:

-Ուրեմն ճիշտ է, ինչ պատմում են,- ասաց նա ատելությունից փայլկտող աչքերով,-դու մի օր անգամ չսպասեցիր ինձ, Էլեն, ուրեմն գնա քո Արսենի մոտ ու այլևս չերևաս աչքիս:

Ինքը, միայն ինքը, Էլենն է մեղավոր, ուրիշ ոչ ոք, իրավամբ, հիմա, տարիներ հետո, այդ օրերի մասին Էլենը մտածում էր մեղավորության խորը կսկիծով: Ինքը, այո, ինքն էր ամեն ինչում մեղավոր, իր պատճառով էր նաև, որ Գևորգը դիմեց զինկոմիսարիատ ու մի տարի շուտ մեկնեց բանակ՝ պա Արսենի մոտ ծառայության: Նա նույնիսկ հրաժեշտ չտվեց իրեն:

Էլենն աչքով աչք չուներ Արսենին տեսնելու: Ընկերուհիներին արգելել էր նրա անունն անգամ տալ իր մոտ: Մինչ այդ ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժին, աշխատանքի ընդունվեց դպրոցի գրադարանում, մինչև կավարտեր ինստիտուտը: Դիրեկտորը խոստացել էր երրորդ կուրսից դասաժամեր տալ իրեն: Աշնանը, բերքահավաքից հետո նրան ուզելու եկան գյուղի կինոմեխանիկի համար: Կինոմեխանիկը, անունը նույնպես Արսեն, տեղացի չէր, շրջկենտրոնից էր եկել, բարեկամի մոտ, ներքին թաղամասում էր ապրում: Մոտիկից չգիտեր, չնայած մի երկու անգամ տեսել էր: Գովեցին՝ չի ծխում, չի խմում, հանգիստ, բարեսիրտ, լավ տղա է: Էլենի համար Գևորգից հետո կարծես թե մեկ էր, թե ինչպիսին է նա՝ լավ, թե վատ, միևնույն էր իր համար: Առանց հարսանիքի, մի փոքրիկ կերուխումով ամուսնացան: Կոլտնտեսության օգնությամբ գյուղում երկու սենյակից բաղկացած՝ փոքրիկ պատշգամբով մի տուն կառուցեցին՝ անտառին կպած, և Էլենն ամուսնու հետ սկսեցին ապրել այնտեղ: Այնուհետև հեռակա կարգով ավարտեց մանկավարժական ինստիտուտը, դասավանդում էր ցածր դասարաններում: Դժգոհ չէր՝ լավ-վատ ապրում էին, շուտով տղա ունեցան: Միայն երբեմն Էլենը հանկարծակի հիշում էր Գևորգին, և սիրտր խորքից ծակում էր: Որտե՞ղ էր նա՝ ոչ ոք չգիտեր: Բանակից գյուղ չեկավ: Ոչ ոք չուներ գյուղում, պառավ մորաքույրն էր, նա էլ քոչեց Աբովյան՝ աղջկա մոտ, և տունը, որտեղ ապրում էին Գևորգն ու մորաքույրը, կոլտնտեսությունը կարտոֆիլի պահեստ դարձրեց: Իսկ Գևորգից՝ ոչ մի լուր: Միայն մի անգամ, մարտի 8-ի կապակցությամբ, Էլենը մի բացիկ ստացավ՝ առանց ստորագրության ու հետադարձ հասցեի, փոստի փոքրիկ, կլոր կնիքի վրա քաղաքի անունը՝ Լենինգրադ… Գևորգի ձեռագիրն էր, Էլենը ճանաչեց, ամբողջ օրը քայլում էր այլայլված, գրպանից չէր հանում բացիկը և չգիտեր, չէր կարողանում հասկանալ՝ այսքան տարիներ հետո Գևորգն ինչու՞ էր ուղարկել այդ բացիկը, ինչու՞ է տանջում իրեն: Իբր դա քիչ էր՝ գարնան սկզբներին ամուսինն ասաց՝ գնում եմ Ղազախստան՝ փող աշխատելու, հոկտեմբերին կգամ: Ու էն գնալն էր, չեկավ այլևս: Ասում էին, որ իբր այնտեղ գետում խորտակվելիս՝ ռուս մի կին փրկել, դուրս էր բերել գետից: Գյուղում կատակում էին, թե իբր այդ ռուս կինն ասել էր՝ ինձ համար եմ դուրս բերել: Ոնց որ ոսկե ձկնիկ, անունն էլ փոխել էր՝ Վասյա:

Առաջին երկու տարիներին երբեմն փող էր ուղարկում Կարագանդայի մարզից, հետո դա էլ կտրվեց: Հարևան-բարեկամ ասում էին՝ դատարան տուր, ալիմենտ որոշիր: Բայց Էլենը չէր ուզում: Պետք չէ ինձ նրա փողը,ասում էր նա, եթե ինքը չի ուղարկում, ուրեմն պետք չէ:

Էլենը ջրեց բոլոր թփերը: Արևի հուրհրացող շողերի հետ ասես միանգամից բացվեցին փակ կոկոնները, և վարդի բուրմունքը տարածվեց շուրջ բոլոր:

Կյանքս ինչու՞ այսպես անցավ,հառաչեց Էլենը,այսպես անիմաստ, փուչ: Հիմա ինքը կմտնի տուն, ճռռոցով կբացի տան դուռը, և նրան կդիմավորի կիսամութ սենյակների քար լռությունը: Եթե դու, իրոք, անտեսանելի կարմիր թելերով շաղկապված ես մեկին, ինչպես Գևորգն էր ասում այն ժամանակ , ով քեզ ստիպում է, որպեսզի դու քեզ զգաս երջանիկ, ուրեմն եղիր նրա հետ: Նրա հետ, ով ստիպում է ժպտալ և առանց որի մի օր անգամ դժվար է ապրել, ուրեմն պիտի աչքի լույսի պես պահպանել նրան, որպեսզի միշտ ժպտաս, լիաթոք ծիծաղես, քանի շնչում ես, քանի ապրում ես: Ինքը բաց է թողել երջանիկ ապրելու իր հնարավորությունը և դրանում ոչ ոք մեղավոր չէ իրենից բացի:

Չէ, ինքը հիմա տուն չի մտնի, կնստի պատշգամբում՝ նոր ելնող արևի ոսկե շողերի ներքո և ականջ կդնի, թե ինչպես են ներքևում, ալիք-ալիք թափառող արտերում քաղցրահունչ կանչում մարգարտալորն ու կաքավը: Հետո կմիացնի պատեֆոնը, և ձայնասկավառակը կպտտվի դանդաղ… Տխու՜ր, ցածրաձայն կերգի պատեֆոնը, և Էլենը նորից կհիշի անցած օրերը, հեռու դաշտերի վրա նստած մղեղի մեջ կօրորվեն դեղնած արտերը, և ինքն ու Գևորգը՝ անհոգ ու երջանիկ, կգնան արտերի միջով ընկած ցողաթաթախ արահետով…

Էլենը, մտաբերելով նախորդ օրվա իր խոստումը՝ կիրակի օրը պարապել իր աշակերտուհիներից մեկի, հարևանուհու աղջկա՝ Նունեի հետ, դուրս եկավ բակ և անկանոն աճած սալորենիների արանքով քայլեց դեպի ցանկապատ: Նա դեռ չէր հասել ցանկապատին, երբ հանկարծ ինչ-որ մեկի ձեռքերը, ինչպես երեխա ժամանակ, ետևի կողմից փակեցին Էլենի աչքերը՝ գուշակիր, ո՞վ է:

Չգիտես ինչու, Էլենը բոլորովին չբարկացավ: Մատներով դիպչելով նրա ձեռքին, նա հասկացավ, որ կանացի ձեռքեր չեն, կոպտորեն ասաց.

_Դեհ… բաց թողեք:

Տղամարդու կոշտ, տաք ձեռքերը չէին հեռանում:

Էլենն ակնթարթորեն հիշեց իր բոլոր ծանոթներին և չկարողացավ հասկանալ, թե ո՞վ էր այդպիսի հիմար կատակ անում իր հետ:

_Դեհ,-նորից ասաց նա ցածրաձայն, որպեսզի ոչ ոք չլսի, ձգտելով ետ քաշել տղամարդու ձեռքերը:

Ձեռքերը դանդաղ ետ գնացին: Եվ Էլենը…ոչինչ չասաց իր առջև կանգնած բարձրահասակ, պճնագեղ կուրտկայով լայնաթիկունք տղամարդուն: Նա սոսկ քարացած նայում էր:

-Տեր աստված,-դողացող ձայնով ասաց նա:-Այդ դու՞ ես…դու՞ ես…

Եվ Գևորգի համար անսպասելի, Էլենը հանկարծ փլվեց նրա կրծքին, սեղմվեց նրան և ցածր ու դառը արտասվեց:

Նրանք կանգնած էին այգու թավախիտ ծառերի տակ, օտար աչքի համար անտեսանելի:

Գևորգը մխիթարական խոսքեր չէր ասում, չէր հանգստացնում նրան, կրծքին սեղմած լուռ շոյում էր մազերը, իսկ Էլենը երկար ու անզուսպ արտասվում էր: Նա արտասվում էր իր խորտակված սիրո համար, ուրիշի աչքի համար աննկատ իր առաջին կնճիռների համար, անիմաստ, դատարկ անցնող իր օրերի համար, այն բանի համար, որ ինքը չի լվացել, արդուկել Գևորգի տաբատն ու ճերմակ վերնաշապիկը:

- Դե լավ,-ինչպես երեխայի՝ ասաց Գևորգը:-Հերիք է:

Ոչինչ, ասես, չէր փոխվել, ժամանակն, ասես, ետ էր դարձել՝ նույն արևն էր սարի վրա, ինչպես այն ժամանակ, նույն Սառնատուն լեռը, որից այն կողմ, կիսաթեք սարալանջին փռված խմհատում մոշ էին քաղում ու թռչունների դայլայլի տակ համբուրվում զով սարում:

Ասես մի քանի ամսով բացակայել ու կրկին վերադարձել էր Գևորգը, և Էլենն իրենն էր, ինչպես այն ժամանակ, տարիներ առաջ:

-Ինչպե՞ս ես,-վերջապես խաղաղվելով, ցածրաձայն հարցրեց Էլենը:- Ինչպե՞ս ես ապրում:

Ոչինչ չթաքցրեց Գևորգը: Պատմեց բոլորը: Ամուսնացել է, իր ընկերներից մեկի քույրն է, աղջիկ ունեն արդեն, մի չնաշխարհիկ գեղեցկուհի, անունը Մարինա:

-Վաղու՞ց եք այստեղ, շրջանում,-կիսաձայն հարցրեց Էլենը:

-Ոչ այնքան: Նոր ենք վերադարձել, շրջկենտրոնից ոչ հեռու, Ներքին Հոռաթաղ գյուղում ենք տեղավորվել: Սովխոզի դիրեկտորի հետ բանակում միասին ենք ծառայել: Նրա հրավերով եմ փոխադրվել Լենինգրադից, ճիշտն ասած, դա իմ երազանքն էր նաև՝ ապրել հայրենի Ղարաբաղում: Լենինգրադը հրաշք քաղաք է, բայց Ղարաբաղ չէ՝ ցուրտ, անձրևներ, խոնավ, ապրելու տեղ չէ: Ապրելու տեղն այստեղ է, մեր հայրենիքում: Ես վարորդ եմ աշխատում սովխոզում, նա մանկապարտեզում դաստիարակչուհի է…

Կնոջ անունը չտվեց, նկատեց Էլենը, այլ ասաց նա, չի սիրում ուրեմն, սիրեր՝ այդպես չէր արտահայտվի:

-Մի խոսքով, որոշեցինք գալ ու եկանք,-ասաց Գևորգը, քիչ դադար տվեց, ավելացրեց հոգոցով:- Երևի պատճառն այն էր նաև, որ ուզում էի մոտիկ լինել քեզ:

Էլենը սրտի արագացող բաբախյունով նայեց նրան: Քիչ ներքևում, անտառապատ ձորակում գեղգեղաց մի թռչուն, նրան ձայնակցեցին այս ու այն կողմից:

Տիրեց լռություն: Արտերում անդադար երգում էր կաքավը, նրա քաղցրահունչ կաղկղան մեկ լսվում էր շատ մոտիկ, մեկ թեթև հովի հետ հեռանում էր:

-Եկա քեզ տեսնելու,-նորից խոսեց Գևորգը: - Շատ էի ուզում տեսնել, գոնե հեռվից հեռու նայել: Այսքան տարի երևի չի եղել մի օր, որ կարոտով չհիշեի քեզ:

- Ինչու՞ հեռվից հեռու,- հենց այնպես, տխրամած ասաց Էլենը, հետո ավելացրեց քնքշաձայն,- գնանք տուն:

Ծառերի արանքներով ընկած տոփանված արահետով հասան բակ, բարձրացան պատշգամբ:

Նստեցին պատշգամբում, դեմ-դիմաց: Եվ ասես չգիտեին ինչից խոսել: Շփոթվում էին: Իսկ խոսելու այնքա՜ն բան կար:

Էլենը մտավ տուն, միացրեց պատեֆոնը: Այդ երգը դուր էր գալիս Էլենին, և նա ուզում էր, որ Գևորգը լսեր այն: Երգն այն մասին էր, որ կյանքը երբեմն սև է, երբեմն՝ սպիտակ , և որ մենք ժպտում ենք արևին և պարզում մեր դեմքը նրա ջերմ շողերին, իսկ երբեմն դնում ենք արևային ակնոցներ՝ փորձելով թաքնվել բոլորից:

- Ես միշտ հիշել եմ քեզ,-կրկին ասաց Գևորգը:- Դու հիմա էլ հմայիչ ես, ինչպես այն ժամանակ: Ժամանակն անուժ է եղել դժգունելու քո գեղեցիկ դեմքն իմ մտապատկերում: Դու բոլորովին չես փոխվել, Էլեն:

_Դա միայն թվում է,-ցածր արտաբերեց Էլենը՝ կրկին անգամ կշտամբելով ինքն իրեն, որ այս ամենում ինքն է մեղավոր միայն ու մտովի երախտապարտ էր Գևորգին, որ չէր անդրադառնում դրան:- Դու քաղցած ես, երևի,- ավելացրեց նա: -Ես հիմա մի բան կպատրաստեմ: Ամենահեշտը ձվածեղն է, ձվածեղ կպատրաստեմ: Ես շատ համով եմ պատրաստում, քեզ դուր կգա,-ժպտաց նա:

Լիներ, այնպես լիներ՝ միասին լինեին, Էլենը դպրոցից գար, Գևորգը ժպիտով դիմավորեր նրան, միասին նստեին ընթրիքի, խոսեին, ծիծաղեին, կիրակի օրերը միասին գնային անտառ, քայլեին ծանոթ արահետներով, որ հիմա երևի կորել են խոտերի մեջ:

Ծուռ էր դրված մեր սիրո տան հիմնաքարը, ինքն իրեն տխրությամբ մտածում էր Էլենը, դրա համար էլ երկար չկանգնեց, փուլ եկավ:

_Իսկ ես քո մասին ամեն ինչ գիտեմ,- երկար լռությունից հետո շրջվելով Էլենի կողմը՝ անսպասելի ասաց Գևորգը:- Հետաքրքրվել եմ:

- Ճի՞շտ,- սիրո անդիմադրելի մղումով ասաց Էլենը:-Ինչպե՞ս:

-Ձեր հեռու մի բարեկամ մեր սովխոզում է աշխատում: Միշտ հարցնում եմ քո մասին: Նա ասաց, որ փոքրիկ տղա ունես:

-Այո, մերոնց մոտ է: Կիրակի օրերին մորս մոտ է մնում: Արդեն մեծ տղա է,- թախծալից ժպտաց Էլենը:

-Ձերոնք ո՞նց են:

-Ոչինչ: Ծերացել են: Իրենք ասում են՝ արի մեզ հետ ապրիր, մենակ ենք, ես ասում եմ դուք եկեք: Ոչ իրենք են գալիս, ոչ ես եմ գնում: Այդպես ապրում ենք:

Քիչ հետո սեղանը պատրաստ էր:

Էլենը գինի դրեց սեղանին, բաժակներ բերեց:

Տնամերձ այգում անընդմեջ ճկճկում էր դեղնաթև անաջը: Տրակտորի հռնդյուն լսվեց, հետո մարեց:

Պատշգամբի բաց լուսամուտներից թափանցող արեգակի կենարար շողերի ներքո նստել էին նրանք՝ Էլենն ու Գևորգը, զրուցում էին անցած օրերի մասին:

Նրանք կարող էին այդպես նստել ժամերով, օրերով, նրանք այնպե՜ս էին կարոտել իրար, և խոսելու այնքա՜ն բան կար:

<<Հիշու՞մ ես>>,- ասում էր Էլենը:<< Իսկ դու հիշու՞մ ես>>,- ասում էր Գևորգը:

Ինչքա՜ն է փոխվել, աստված իմ,մտածում էր Էլենը,-քունքերը լրիվ ճերմակել են: Չէ, չի սիրում կնոջը: Եթե սիրեր, այդպես շուտ չէր ծերանա:

-Դե, ես գնամ,- Գևորգը ձեռքը դրեց Էլենի ձեռքին, մի պահ կարոտանքով նայեց նրան, ելավ տեղից:- Ընկերոջ հետ եմ եկել,- ասաց նա, -բեռ էր բերել այստեղ, ու որոշեցի նրա հետ գալ, տեսնել քեզ: Եվ շատ եմ ուրախ, անասելի ուրախ եմ, որ եկա ու տեսա ու կրկին անգամ հմայվեցի քո անանցողիկ գեղեցկությամբ ու հմայքով… Թե իմանաս ինչքան երջանիկ եմ, որ եկա ու տեսա քեզ, Էլեն,- շարունակեց նա նույն հուզումնալից տոնով:- Ամեն ինչ վերհիշեցի, ամեն-ամեն ինչ, ես քեզ առավել սիրեցի, Էլեն, որովհետև, ասացի քիչ առաջ, ես քեզ երբեք չեմ մոռացել: Չգիտեմ նույնիսկ, թե այսուհետև ինչպես պիտի ապրեմ առանց քեզ… Լավ է չտեսնեի: Ամեն ինչ տակնուվրա եղավ իմ մեջ:

Էլենը ոչինչ չէր գտնում ասելու: Մեղավորության զգացումը չէր թողնում նրան որևէ բան ասելու: Միայն լսում էր լուռ՝ ձգտելով չարտասվել:

Նրանք իջան աստիճաններով՝ Գևորգը առջևից, Էլենը ետևից: Կողք-կողքի, լռելյայն գնացին մինչև բակի ծայրը: Նրանց ստվերները իրենցից առաջ անցան ցանկապատի վրայով:

- Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ,- կրկին խոսեց Գևորգը:- Ես դեռ սիրում եմ քեզ,- խզված ձայնով ասաց նա՝ ձեռքը սահեցնելով Էլենի շեկ, ասես ոսկե ջրի մեջ լվացած մազերի վրայով:- Գուցե ավելի, քան առաջ:

-Գնա,-հանկարծ ետ քաշվելով, ցածր ասաց Էլենը՝ աչքերը չբարձրացնելով գետնից:

Գևորգը արագ շրջվեց ու, առանց ետ նայելու, գնաց դեպի ներքևի թաղամաս, ուր նրան սպասում էին:

Էլենը երկար նայում էր նրա ետևից: Ինչ-որ ամայություն, դատարկություն էր իջել նրա հոգուն, և Էլենը հազիվ էր զսպում իրեն, որ լաց չլինի: Սպասեց, միչև ճանապարհն ակումբի մոտ թեքվելով՝ կորավ տների ետևում: Գևորգն այլևս չէր երևում:

Հետո գնաց տուն, երկար ժամանակ չգիտեր ինչ էր անում: Մի իրը վերցնում, մի ուրիշ տեղ էր դնում և չգիտեր, թե ինչու: Հետո հանկարծ ընկավ մահճակալին և զսպված հեկեկանքով լաց եղավ: Ամեն մարդ ուզում է երջանիկ լինել,մտածում էր Էլենը, ծնվել է երջանիկ լինելու համար, աստված մարդուն հենց դրա համար է ստեղծել, իսկ ինքն անմիտ ու թույլ գտնվեց, և Արսենը, օգտվելով դրանից, դիտմամբ պատմեց բոլորին իր այդ հիմար համբույրի մասին, քաջ գիտենալով, որ Գևորգը չի ներելու Էլենին:

Ամեն ինչ կազմակերպված էր, ինքը դա հետո իմացավ, բայց ուշ էր արդեն: Պարզվում է՝ սխալ գործելու համար մի ակնթարթն անգամ հերիք է,այն ուղղելու համար մի ամբողջ կյանքն էլ քիչ է: Չիմացավ ու չուզեց հասկանալ, որ ինքը երջանիկ կարող էր լինել միայն Գևորգի հետ, չուզեց, դրա համար էլ, ինչպես բոլոր մեծ երջանկությունները, կարճ տևեց և իր երջանկությունը:

Գևորգն իրենն էր, Էլենինը, իր համար էր աշխարհ եկել, իրեն հասկանալու, սիրելու համար և ինչպես էր հիմա Էլենն ատում Գևորգի կնոջը, այդ անծանոթ, ուրիշ կնոջը, ով իրենից խլեց Գևորգին, տիրացավ: Որովհետև, եթե նրան չպատկաներ, Գևորգը ետ կգար գյուղ, մի՞թե մի հիմար համբույրի համար նա կխորտակեր իրենց անբիծ սերը: Չէ՞ որ ինքը՝ Գևորգն էր ասում, որ ինքն ու Էլենը անտեսանելի կարմիր թելերով շաղկապված են իրար,և կյանքում ոչինչ՝ ոչ ժամանակը, ոչ միջավայրն ու ոչ էլ հանգամանքները ի զորու չեն բաժանելու իրենց: Այո, նա է մեղավոր, ինքն իրեն համոզում էր Էլենը՝ մտովի նախատելով Գևորգի կնոջը, որը նույնիսկ չգիտի, որ այս անիմաստ աշխարհի երեսին կա մեկը՝ բոլորի կողմից լքված ու մենակ, և որին այն հեռու տարիներին սիրել է Գևորգը: Ինչու՞ պատահեց, աստված իմ, ինչու՞, Գևորգն ինչու՞ պատահեց այդ կնոջը:

Ծառերի ստվերները երկարել էին: Օրն անցնում է՝ մտածեց Էլենը և գնաց մոր տուն՝ Արայիկին բերելու: Եվ մոր տուն գնալիս, և այնտեղից վերադառնալիս Էլենին շարունակ թվում էր, թե բոլորը գիտեն Գևորգի այցելության մասին և ինչ-որ կասկածանքով են նայում իրեն: Նա ավելի շփոթվեց, երբ ճանապարհին մտավ խանութ՝ շաքարավազ գնելու, և գործակատար Հրանտիկը՝ ժպտալով ու աչքով անելով խանութում կանգնած կանանց, ասաց. <<Էլենին առանց հերթի եմ բաց թողնում, իսկ թե ինչու՝ որ սպանեք էլ, չեմ ասի, գաղտնիք է>>:

Մոռացավ շաքարավազ առնել, ակամա հարցրեց. <<Լուցկի ունե՞ք>>: <<Քեզ համար կճարվի>>,-արձագանքեց այդ շողոմքոր ու քսու Հրանտիկը: Եթե խանութը լիքը լիներ անգամ այդ ապրանքով, Հրանտիկի անփոփոխ արտահայտությունը կա ու կա՝ քեզ համար կճարվի:

Խանութից դուրս գալիս Էլենին թվաց, թե կանայք շրջված նայում են իր ետևից, և երեսն սկսեց այրվել:

…Օրը սովորական էր՝ լցված բազում հոգսերով: Կեսօրին հորդ անձրև տեղաց, հետո գեղեցկագույն ծիածանը երկինք ու երկիր շաղկապեց իրար: Եվ երկինքը մաքու՜ր-մաքուր էր, ամպի ծվեն չկար մինչև ուշ երեկո:

Արևը գնաց, կանգ առավ Կըղնախաչ սարի վրա, իր ոսկեձույլ տեսքով մնաց այդպես կանգնած, հետո հանկարծակի մայր մտավ, երկինքը աղոտացավ՝ ներկվելով բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչ փիրուզ: Մոտիկ անտառում անդադար կանչում էր գիշերահավը, հետո սկսեց իջնել աղջամուղջը և այս ու այնտեղ, երկնքի հեռու խորքերում, առկայծեցին առաջին աստղերը:

Էլենը քնացրեց թմբլիկ, ծանր ու տաք Արայիկին, մի քանի էջ կարդաց Քամյուի <<Օտարականը>> վեպից: Քունը չէր տանում: Դուրս եկավ պատշգամբ, կանգնեց բաց պատուհանի առջև:

Խոնավության մեղմ շունչ կար օդում:

Էլի անձրև է գալու, նայելով սևակնած երկնքին, մտածեց Էլենը ու ամեն օրվա պես դարձյալ մտածեց Գևորգի մասին: Ինչու՞ եկար այն օրը, Գևո՛րգ,- մտովի շշնջաց նա, հին մորմոքներն ինչու՞ արթնացրիր նորից…

Քիչ հետո կայծակը փայլատակեց մութ երկնքում: Դղրդյունը գլորվելով գնաց անտառների վրայով: Եվս մի քանի րոպե, և անձրևը սկսեց թմբկահարել տանիքի թիթեղը: Ցնցվում, ալեկոծվում էր գիշերը, մեկ հանկարծ բացվում էր սպիտակավուն հրով, մեկ սեղմվում անթափանց խավարի մեջ: Խոնավ հողի զովասուն հոտի հետ թաց տերևների ու չորացած եղինջի բույր էր բերում սառը հովը:

…Գևորգը եկավ կեսգիշերին: Անձրևը վաղուց կտրվել էր, երկինքը՝ պարզվել, լուսինը անկաշկանդ սահում էր աստղերի միջով ընկած ճանապարհով: Գևորգը երկար, ցածր ծեծում էր դուռը:

Էլենը աչքերը բաց արեց խավարի մեջ, վախեցավ: Ո՞վ է,վախվորած մտածեց նա,ո՞վ կլինի այս կես գիշերին:

Դուռը նորից ծեծեցին:

Էլենը մոտեցավ լուսամուտին և տեսավ նրան՝ կանգնած դռան ետևում, լուսնալույսի տակ: Եվ չհավատաց աչքերին:

-Գևո՞րգ,-արագ դուրս գալով պատշգամբ, ասաց նա, հազիվ զսպելով արցունքները:- Արի: Բարձրացիր: Բա՞ն է պատահել:

Գևորգը դանդաղ բարձրացավ աստիճաններով։ Լրիվ թրջված էր։

-Անձրևի տակ եմ ընկել-մի բան ասած լինելու համար, ասաց նա։-Վարար անձրև էր։

Ամուսնու շորերից կար, Էլենը իսկույն բերեց։

-Մտիր սենյակ, փոխիր, կմրսես,-քնքշանքով ասաց նա։-Ես ուտելու բան կպատրաստեմ հիմա։

-Պետք չէ, Էլեն։-Գևորգը հանեց կուրտկան։-Չի թափանցում, նայիր, շորերս չոր են։- Նա նստեց բազմոցին։-Ուտելու համար նույնպես մի անհանգստա։ Գևորգը նստեց։ Նորից ելավ։

-Որևէ բա՞ն է պատահել,-մի տեսակ վախվորած տարակուսանքով հարցրեց Էլենը:

-Էլեն, հասկանու՞մ ես,-ցածրաձայն սկսեց նա ու լռեց, ասես հարմար բառեր չգտնելով շարունակելու միտքը:

Էլենը ուշադիր նայեց նրան:

-Ես ընդմիշտ եկել եմ քեզ մոտ,- միանգամից ասաց Գևորգը՝ խոր շունչ քաշելով:- Որովհետև չեմ կարող այլևս,-աչքերը հատակից չբարձրացնելով՝ շարունակեց նա կամացուկ:- Որովհետև առանց սիրո դծվար է ապրել: Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ:

Էլենը լուռ էր:

-Նրան ասե՞լ ես,-վերջապես հարցրեց Էլենը:

Գևորգը գլուխը օրորեց:

-Ոչ,- ասաց նա:-Նամակով կհայտնեմ: Ասել եմ գործով Ստեփանակերտ եմ գնում… Եվ ահա թե որտեղ եմ…

Էլենը ոչինչ չէր կարողանում ասել:

-Գնամ թեյ դնեմ,- ասաց նա և դուրս եկավ բակ՝ օջախը վառելու: Աստված իմ, շշնջում էր Էլենը,մի՞թե սա չէ երջանկությունը… Նա եկել է, նա սիրում է դեռ… Իրավ, սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա՝ երջանիկ լինելու համար: Նա վառեց կրակը, թեյնիկը ջրով լցրեց, դրեց եռոտանու վրա:

-Մարինա,-հանկարծ կանչեց Գևորգը:

Էլենը ուղղվեց, մնաց կրակի մոտ կանգնած: Նրա հոգում ինչ-որ բան տեղի տվեց, փլվեց: Մոտեցավ, հենվեց փայտե բազրիքին: <<Մարինա>>. աղջկա անունով կանչեց, ոչ թե կնոջ: Էլենը հիշեց նրա պատմածները աղջկա մասին՝ նրա կապույտ աչքերի, քաղցր նայվածքի, նոր դուրս եկած երկու փոքրիկ ատամների մասին: Հիշեց, պատկերացրեց նրան՝ նստած մոր գրկում, ուրախ ու երջանիկ՝ անտեղյակ, թե իր համար ինչ են նախապատրաստում իրենից մեծ, խելոք ու ուժեղ մարդիկ:

Էլենը ներս մտավ, կանգնեց դռան մոտ: Գևորգը քնել էր բազմոցին նստած: Ի՞նչ անել: Բաց անել դուռը և ասել՝ գնա: Ոչ: Անհնար է դա: Էլենը զգույշ, անձայն քայլում էր սենյակում, կանգնում, նայում էր Գևորգին, նորից էր քայլում՝ ականջը գիշերային արտասովոր ձայներին: Հնար լիներ՝ թողներ ու գնար, գնար կորչեր: Իսկ ու՞ր, որտե՞ղ: Գիշեր: Լռություն:

Նա մտածում էր այն մասին, որ երբեմն Աստծո կամոք կամ պատահաբար հանդիպում ես ինչ-որ մեկին, ներըմբռնողաբար զգալով ու հասկանալով, որ ամբողջ կյանքում հատկապես նրան ես փնտրել, փնտրել ու սպասել, և զարմանում ես, թե այդ ինչպես ես մինչև հիմա ապրել առանց նրան, բայց պատահում է և այնպես,որ հանգամանքների ստիպումով պարտավոր ես լինում թողնել, հեռանալ, հասկանալով, որ մեղքերի քավում է դա, որ այդպես էլ պիտի լիներ,և որ ամենաճիշտ քայլը դա էր: Երջանկությունն այն է,ինքն իրեն ասում էր Էլենը, երբ կարողանում ես նույնը մնալ: Մնալ նույնը՝ լինի դա ուրախության մեջ, վշտի, հաղթանակի, թե ծանր պարտության դեպքում, և գլխավորն այն է, որ հավանում ես ինքդ քեզ և դրա համար հարկավոր չէ ինչ-որ մեկի հաստատումը: Ով կարող է հասկանալ, որ երբեմն ուզում ես գոռալ ցավից ճաք տված սրտի ողջ կուտակվածը, բայց դա չես անում, որովհետև երբեմն հարկավոր է ընդամենը լռել:

Եվ Էլենը, հանկարծ կախարանից վերցնելով գլխաշորը, դուրս վազեց:

Գնում էր նա կարճ ճանապարհով, համարյա վազեվազ:

Կոլտնտեսության գրասենյակը հեռու չէր: Էս ու՞ր է կորել պահակը,մտածեց նա, հրեց գյուղխորհրդի քարտուղարի առանձնասենյակի ցածրիկ լուսամուտը: Փեղկը ետ գնաց: Էլենը մատ գցեց, բարձրացրեց կեռիկը, ներս մտավ: Հնադարյան սև հեռախոսը կախված էր պատից:

Մոտ կես ժամ Էլենը խնդրում, աղաչում էր հարևան Կիչան գյուղի փոստատան անծանոթ հեռախոսավարուհուն, մինչև նա միացրեց շրջկենտրոն, հետո Ներքին Հոռաթաղ:

-Աղջիկ ջան, խնդրում եմ, աղաչում եմ, կանչեք սովխոզի վարորդ Գևորգ Մաթևոսյանի կնոջը,- խզված ձայնով, մի կերպ զսպելով արցունքները՝ ասում էր Էլենը:-Շատ եմ խնդրում, մանկապարտեզում է աշխատում:

-Առավոտյան կասեմ, ի՞նչ է պատահել,-երևի ոչինչ չհասկանալով ընդդիմացավ քնատ հեռախոսավարուհին:

-Հիմա է պետք, խնդրում եմ,-արագ ասաց Էլենը:- Շատ եմ խնդրում, ես ձեր լավությունը չեմ մոռանա: Հետո ուշ կլինի:

-Լավ, սպասեք: Մոտ են ապրում, հիմա կկանչեմ:

Ի վերջո լսվեց Գևորգի կնոջ տագնապահար ձայնը:

-Ալլո, ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել: Այդ ո՞վ է:

Էլենը լուռ էր, հետո ասաց սառցային անտարբերությամբ.

-Ուրեմն այսպես,- Էլենը խորը շնչեց, հետո շունչը տեղը բերեց, միանգամից ավելացրեց,- հենց հիմա մեքենա գտեք, շտապ եկեք մեր գյուղ՝ Հնձախութ, և տարեք ձեր ամուսնուն: Լսու՞մ եք: Հենց հիմա, այս ժամին, վաղը ուշ կլինի:- Էլենը ասաց տան տեղը, անուն-ազգանունն ասաց և ցած դրեց հեռախոսափողը:

Գևորգը քնած էր դեռ: Էլենը տուն չմտավ: Նստեց դրսում, փայտե աստիճաններին… Ինչքան էր այդպես նստած մնացել՝ չգիտեր, գնալով հալվում էր տաք գիշերը, խավարի մեջ, իրար ընդհատելով, անդադրում երգում էին ծղրիդները: Հետո անժամանակ կանչեց աքաղաղը: Թևաբախում՝ երևի, թառի վրա, շան ծույլ հաչոց՝ գյուղի մյուս ծայրին: Բվի կռինչ՝ մոտակա անտառակում: Ձորերից բարձրանում էր թանձր մառախուղը: Արևելքում հորիզոնը կարմրել էր արդեն, երբ տան ետևում մի մեքենա աղմկեց: Էլենը արագ ելավ տեղից, մտավ այգի, որ չտեսնեն իրեն: Գնաց մինչև այգու ծայրը, նստեց ծառերի տակ և, գլուխն առնելով ափերի մեջ, դառը լաց եղավ: Կցկտուր բառեր էին հասնում նրա ականջին, կնոջ լացի փշրանքներ, հետո տան ետևում նորից աղմկեց քիչ առաջվա մեքենան, և ամեն ինչ սուզվեց լռության մեջ:

Էլենը բարձրացավ տեղից և, ասես պիտի ընկներ, ծառերից բռնելով քայլեց դեպի տուն: Նա մտածում էր իր մասին, այն մասին, որ ինչ էլ լինի, ինքը ճիշտ է վարվել՝ անսալով իր սրտի ձայնին, և որ ինքը բարի սիրտ ունի, և բախտավոր կլինի նա, ով դա կհասկանա: Եվ անպայման կլինի մեկը, որ կհասկանա դա: Անպայման կլինի:

Էլենը, խորը շնչելով այգաբացի սառը օդը,լռին նայում էր հեռու սարերի կողմը և արցունքները առատ հոսում էին նրա աչքերից: Եվ դրանց միջից հիմա ամեն ինչ երազ էր թվում շուրջը՝ ծմակների անթափանց խավարն ու այնտեղից եկող խորհրդավոր ձայները, գետի միալար վշշոցը ներքևում՝ ուռենազարդ ձորակում, իր գլխավերևում դանդաղ օրորվող ծառերի սոսափը, լեռներով կտրտված երկնքի աստղերը…

Ամեն ինչ երազ էր թվում…



Սանկտ-Պետերբուրգ







    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail