ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. «ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՓՐԿՎԵԼ՝ ԳԱԶԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏՆԵՐՈՒՄ»


Զրույցը՝ Միքայել Հաջյանի




- Ուղիղ քսանմեկ տարի է անցել Բաքվի հայ բնակչության հունվարյան ջարդերից: Պարոն Ադյան, որպես Բաքվի նախկին բնակիչ և իրադրությանը քաջածանոթ մտավորական, ինչո՞վ եք բացատրում և ի՞նչ պատճառահետանքային կապի մեջ եք տեսնում այդ ողբերգական իրադարձությունները:

-Սև հունվարյան այդ ջարդերի նախօրեին այն ահազանգին,թե հունվարի 13-ին Բաքվում հայերի մեծ ջարդ է սպասվում, հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել՝ այն կանխելու համար, Ադբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովը անհոգորեն պատասխանել է՝ոչինչ, թող տղաները մի քիչ զվարճանան-լիցքաթափվեն: Հայոց հերթական այդ ջարդն, իմ հաստատ համոզմամբ,իրագործվեց Ադրբեջանի ազգայնական ու կուսակցական-կառավարական մաֆիայի կողմից՝ հենվելով խաժամուժի վրա ու,անշուշտ, խրախխուսվելով Կրեմլի՝ վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից : Այդ գործում, պարզ է, պակաս դեր չխաղաց նաև Հեյդար Ալիևը. նա տեղյակ էր ամեն ինչին, առանց նրա ոչինչ չէր արվում: «Գորբաչովի հայեցակարգերը« գրքում համարյա նույնն է պնդում նաև մեզ քաջ հայտնի Ջորջ Սորոսը, մատնանշելով, որ իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրություններն այն մասին, թե հայկական ջարդերն Ադրբեջանում ներշնչված են եղել տեղական մաֆիայի կողմից, որին ուղղորդում էր Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Հեյդար Ալիևը, այն հաշվով, որպեսզի անշահեկան իրավիճակ ստեղծվեր Գորբաչովի համար ու նաև, իհարկե, Ադրբեջանում իշխանությունը կրկին իր ձերքը վերցնելու նպատակով, ինչին որ հետագայում նա հասավ՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու այլուր, հանուն իշխանության ու փառքի՝ անխնա հեղելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց արյունը՝ չխնայելով անգամ իր հայրենակիցների ու թուրք մեսխեթցիների արյունը Խոջալլու գյուղում ու Աղդամի մատույցներում:

-Փաստորեն, Բաքվի ջարդերը վերջին ակորդը հանդիսացան 1988-90թթ. եղերական իրադարձությունների այդ շարքում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ՝ Սումգայիթից, Կիրովաբադից,Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերից հետո միայն Բաքվում:

-Ուզում եք ասել, որ Բաքուն ահաբեկության մանրակրկիտ պլանավորված խոշորամասշտաբ ակցիայի մի մասն էր և պահվում էր՝ վերջնական հարվածի համար. որպեսզի հայերը հե՞տ կանգնեին ղարաբաղյան հիմնահարցից: Գուցեև այդպես: Չեմ մտածել այդ մասին: Շատ հնարավոր է:

-Որքան էլ զարմանալի ու տարօրինակ թվա, Բաքվի հայկական ջարդերի զոհերի թիվը անորոշ է առ այսօր, թեկուզ ինչպես Սումգայիթի պարագայում է, շրջանառվում են տարբեր թվեր: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է գոնե մոտավորապես ճշտել Բաքվում նահատակված մեր հայրենակիցների թվաքանակը:

-Ըստ ակադեմիկոս Զիա Բունիաթովի՝ Բաքվում ինը հազար հայ է զոհվել, Սումգայիթում՝ յոթ հարյուր հայ: Թե որքանով է դա ճիշտ, ստույգ ասել չեմ կարող, սակայն Սումգայիթի ու Բաքվի հայոց կոտորածների ամենաակտիվ կազմակերպիչներից մեկին հիմք չունենք չհավատալու: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության օպերատիվ քննչական խմբի շտաբի պետ Կրիվոպուսկովը Սումգայիթի պարագայում նույնն է նշում համարյա՝ որ Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է,որ Բունիաթովի բերած թվերը, ամենայն հավանականությամբ, մոտ են ճշմարտությանը:

-Բաքվի և Ադրբեջանի այլ բնակավայրերում վայրագ ամբոխի գազանաբարո պահվածքի զոհ դարձած մեր յուրաքանչյուր հայրենակցի կորուստ, անկախ նրա զբաղմունքից ու հանրային դիրքից, խորապես ցավալի է մեզ համար: Այնուամենայնիվ, այդ ծանր ու խառնակ ժամանակներում ինչպիսի՞ն էր Բաքվի հայ մտավորականության՝ գրողների, լրագրողների, նկարիչների, գիտնականների, դասախոսների, ճարտարագետ մասնագետների վիճակը:

- Այդ ամբողջ մտավորականությունը, թողած տուն ու տեղ, լքյալ ու վշտաբեկ, ինչպես սովահար վայրի ոհմակից հալածված մի հոտ, ցրվեց աշխարհով մեկ՝ շրջափակված Հայաստանից ու սառնաշունչ Ռուսաստանից սկսած մինչև հեռավոր Յուտա, Տորոնտո, Միչիգան ու Ռոդ-Այլենդ , իսկ նրանք, ովքեր չկարողացան, ավելի ճիշտ, հնարավորություն չունեցան փրկվել՝ գազանաբար սպանվեցին իրենց տներում ու Բաքվի փողոցներում, հավիտյանս մնալով անհայտ կորածների ցուցակներում:

- Մեր հասարակության մեջ երբեմն,ըստ իս, հանիրավի կշտամբանքներ են հնչում Ադրբեջանի և, առանձնապես, Բաքվի հայ բնակչության, այդ թվում, մանավանդ, մտավորականության հասցեին, թե իբր ապազգային կեցվածք էր որդեգրել և, որպես այդպիսին, գործուն մասնակցություն չի ունեցել Ղարաբաղյան շարժմանը, ավելին՝ չի կարողացել կազմակերպել իր ինքնապաշտպանությունը: Ձեր տեսակետը:

-Հետաքրքիր է, նրանք չե՞ն մեղադրում արդյոք Գրիգոր Զոհրապին, Վարուժանին, Սիամանթոյին ու մեր մյուս երևելիներին, տասնհինգ թվականի կոտորածների ժամանակ ապազգային կեցվածք որդեգրելու համար: Էլ ինչո՞ւ ենք նեղանում Զիա Բունիաթովից, երբ նա Սումգայիթի՝ միջնադարյան այդ ոճրագործության մեջ մեղադրում է ... ոճրագործության զոհ դարձած հայերին, իսկ «Պրավդայի» թղթակցուհի Հյուսեյնովան թերթի բազմահազար ընթերցողներին հաղորդում է, որ Բաքվից փախչելուց առաջ Բաքվի հայերը հրդեհել են հայոց եկեղեցին: Ստացվում է, որ անպաշտպան մարդիկ, որոնց այդ ժամանակ անգթաբար կոտորում էին, դուրս նետում իրենց իսկ բնակարանների պատուհաններից՝ զավթելով նրանց տներն ու թալանելով ունեցվածքը, մարդիկ, որոնց ողջ-ողջ այրում էին երկու միլիոնանոց քաղաքի կենտրոնում, այդ թվում նաև կայարանամերձ հրապարակում, ինչի մասին, ի դեպ, բոլոր կենտրոնական թերթերն են գրել, ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց համար մնացած միակ սրբավայրը հրդեհել: Հեռվից հեռու ապահով ու շատ դյուրին է իմաստուն փիլիսոփայի դեմք ընդունած՝ փքուն դատողություններ անել: Ինչ վերաբերում է ինքնապաշտպանությանը, ապա բազմաթիվ օրինակներ կարելի բերել, թե հայերն ինչպես էին նահատակվում՝ պաշտպանելով իրար, թե ինչպես էին հայ տղաները բենզին լցրած շշերով գիշեր ու ցերեկ կազմակերպված հերթապահում հայկական թաղամասերում, թե ինչպիսի հերոսական քայլի դիմեց ծնունդով Ադրբեջանի Աղսուի շրջանի Գյուրջևան գյուղացի^ Բաքվի բնակիչ Ալյոշա Աղաբեկյանը, երբ երկաթաձողերով զինված ադրբեջանցի կատաղի ամբոխը հայատյաց վայրենի հարայ-հրոցով արդեն մտնում էր մեծամասամբ հայերով բնակեցված Խուտոր ավանը: Որսորդական հրացանով տան կտուրից արձակած գնդակը գետնին է տապալում խառնանբոխի գլխավորին՝ քաղաքացիական հագուստով միլիցիայի մայոր Ֆազիլ Իսմայլովին, ամբոխը ցաքուցրիվ դիմում է փախուստի՝ սարսափահար գոչումներով՝ հայերը զինված են, փախեք,մեզ կոտորում են: Այդպես էլ դրանից հետո ոչ ոք այլևս ոտք չդրեց ավան: Ադրբեջանի դատախազության պահանջով Հայաստանում կալանվում է Աղաբեկյանը՝ Կիրովականի բանտում սպասելով, որ իր հայրենակիցները, համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազին տրված խոստման, շուտով նրան էտապով կուղարկեն Բաքու՝ հաշվեհարդարի :Չկա այլևս հազարավոր հայերի փրկարար Ալյոշա Աղաբեկյանը, Երևանի կենտրոնում, Ֆազիլ Իսմայլովի բարեկամների կողմից վարձված հայի ձեռքով սպանվել է և նրա Արեգ որդին:Այնպես որ, մեղմ ասած,իրոք, հանիրավի անհիմն ու վիրավորական են այդ կշտամբանքները:

- Դուք երկար տարիներ աշխատել եք Ադրբեջանի գրողների միությունում, աշխատանքի և մարդկային հարաբերությունների բերումով մշտապես շփումների մեջ էիք ադրբեջանցի ձեր գործընկերների հետ: Ինչպիսի՞ն էր, այսպես ասենք, մտավորականի նրանց կեցվածքն ու վերաբերմունքը հայատյացության և ամենատյացության այդ արյունալի դրսևորումների նկատմամբ: Առ այսօր հնչե՞լ է, արդյոք, նրանցից որևէ մեկի դատապարտման խոսքը հայ համաքաղաքացիների նկատմամբ զանգվածային վայրագությունների կապակցությամբ:

-Սկզբնական շրջանում, հատկապես Սումգայիթից հետո, ադրբեջանցի իմ ընկերների շրջանում, այո, կային մարդիկ, ովքեր ընդվզում էին այդ վայրագության դեմ՝ խիստ դատապարտելով սումգայիթյան բարբարոսությունը հրահրողներին: Սակայն ամենօրյա հակահայ ուժեղ քարոզչությունն ի վերջո իր ներգործությունն ունեցավ մարդկային մտքի ու մտադրությունների վրա: Մի առիթով ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ ինձ, որպես նախկին բաքվեցու ու գրողի, հանգիստ չի տալիս այն դառն իրողությունը, որ Բաքվի ջարդերը չէին կարող տեղի ունենալ առանց ադրբեջանական մտավորականության առնվազն մի մասի լուռ համաձայնության, այդ թվում և հանրապետության գրողների ու բանաստեղծների՝ հենց այդ մտավորականության առաջավոր մասի լուռ համաձայնության: Դեռ ավելին . որոշ բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, այն էլ բավականին հայտնի, անձնական շահեր հետապնդելով՝ ամբոխի բազմահազարանոց խառնաժողովներում, զանգվածային լրատվամիջոցներում, հատկապես հանրապետական հեռուստատեսությամբ, մշտապես լարում էին հակահայկական հիստերիայի պարուրակը, ազգայնամոլական կրքեր բորբոքելով՝ երիտասարդությանն ու անչափահասներին բացեիբաց սադրելով թալանի, ջարդերի ու չարագործությունների: Զարմանալի ու շատ ցավալի է, որ այդպես էլ չգտնվեց մի գրող, մշակույթի գործիչ, ով պաշտպան կանգներ անմեղ մարդկանց, ինչպես որ դա հայերն արեցին տասնութ թվականի մարտ ամսվա դեպքերի ժամանակ՝ շուրջ տասներեք հազար մուսուլմանների թաքցնելով իրենց տներում ու հիմնարկներում, ինչպես յոթանասուն տարի անց նույնն արեցին սումգայիթցի ու բաքվեցի հասարակ ադբեջանցիները, որոնք երբեմն սեփական կյանքը վտանգելով, փրկում էին իրենց հայ ծառայակիցներին, ընկերներին, հարևաններին, պարզապես անծանոթ մարդկանց, կարողանալով ծայրահեղ իրադրություններում պահպանել մարդկային կերպարանքը:

- Բաքվի հայկական ջարդերը, ինչպես որ Սումգաիթինը և, առհասարակ Ադրբեջանի հայության բռնի տեղահանությունը՝ որպես մարդու և ժողովրդի ապրելու անքակտելի իրավունքի կոպիտ խախտման փաստեր, այդպես էլ իրավական գնահատական չստացան միջազգային հանրության կողմից: Ի՞նչն է պատճառը և, արդյոք, այն թաքնվա՞ծ չէ նաև մեր՝ հայերիս մեջ:

-Մեղքն այստեղ հենց հայերինս է: Տեսեք, թե ադրբեջանցիները Խոջալուի շինծու պատմությունն ինչպես են թնդացնում աշխարհով մեկ, համընդհանուր կարծիք ստեղծելով մեր նկատմամբ, իսկ Մարաղայի սարսափելի ողբերգության մասին ոչ ոք չգիտի՝ բացի հայերից, ադրբեջանցի գաղթականներին կրկին իրենց նախկին բնակավայրերը վերադարձնելու հարցը քննության առարկա է դառնում ՄԱԿ-ում, միջազգային այլ կառույցներում, կես միլիոնից ավել բռնագաղթված ու բռնի տեղահանված հայերի մասին՝ դարձյալ ոչ մի խոսք, էլ չենք ասում այն մասին, որ ազատագրված տարածքները հայոց հողեր են եղել , ազատագրվել են վերջապես և չի կարելի հայ մամուլում դրանք կոչել «գրավված տարածքներ», թեկուզ և չակերտներում:

- Ձեր «Հեռացող եզերք» անտիպ վեպում դուք իրադարձությունների անմիջական ականատեսի և կամ այլ տուժյալների վկայությամբ անդրադարձել եք Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի իրապատում տեսարաններին: Ինչո՞ւ առ այսօր անտիպ է Ձեր վեպը, չնայած վաղուց է, ինչ այն պատրաստ է տպագրության:Մանավանդ, որ ասպարեզում չկա այդ իրադարձությունների ծավալային ու խորքային ընդգրկմամբ մեկ այլ համարժեք արձակ ստեղծագործություն:

-Սիրելի Միքայել, ի՞նչ պատասխան կարող եմ տալ այդ հարցին: «Հեռացող եզերքը» արդարև իրական պատմություն է, և այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, պատահական չէ. իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունն է դա, որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը: Վերապատմելով դրվագներ Լեոնիդ Հուրունցի՝ անզուգական այդ մեծ մարդու ու նվիրյալ հայրենասերի մասին, ես ուզում էի մի անգամ ևս հավաստել, թե ինչից ժայթքեց Ղարաբաղի ցասումն ընդդեմ ադրբեջանական հայատյաց սանձարձակության: Նա ասում էր, որ այն ամենը, ինչի մասին բորբոքված պատմում է, գրած ունի վաղուց, սակայն տպագրել չի հաջողվում և հույս էլ չկա, թե երբևէ կտպագրվի: Հետագայում նա կարողացա՞վ, արդյոք, հրատարակել այդ պատմությունները՝ չգիտեմ: Եթե ոչ, ապա իմ բերած դրվագները թող համարվեն որպես հարգանքի ու սիրո տուրք՝ անանմոռանալի Հուրունցի անվանն ու անմեռ հիշատակին: Ես իմ խորին երախտիքն եմ բերում քսաներկուամյա Մարինա Հովհաննիսյանին, որ Ստավրոպոլի Բուդյոնովսկ քաղաքում, ընկճված ու տրտմագին վերապրում էր Սումգայիթում իր գլխով անցածը. թե ինչպես իր ծննդյան օրը վերածվեց զարհուրելի մղձավանջի՝ մոր, կրտսեր քույրերի ու իր անասնական բռնաբարության՝ խոշտանգված հոր աչքի առաջ: Շնորհակալ եմ և Էմմա Սարգսյանին, որ վշտահար տեսքով անդադար պատմում ու պատմում էր ամուսնու ողբերգական սպանության մասին, որին գազանաբար այրել էին սեփական ավտոմեքենայում, և նա լալիս ու շարունակ նույնն էր կրկնում, որ ամուսնու մահից հետո իր ապրելն իզուր է այս աշխարհում: Իմ երախտապարտությունը նաև իմ բարեկամ Բարմեն Բեդյանին՝ Ղարաբաղի Պողոսագոմեր գյուղից, Սումգայիթի քաղկոմի շենքում այն օրերին արած իր պատմության համար: Ծեծ ու ջարդից այլանդակված, դեմքին լայնակի սև այտուցներ՝ նա արտասվախառն ձայնով պատմում էր՝ շինարարի իր կոշտուկապատ ձեռքերը ցուցադրելով, որ տասնյակ բնակելի շենքեր է կառուցել Սումգայիթում, և թե ինչպես էին միլիցիայի աշխատակիցները բռնել նրան ու հանձնել մարդասպան ամբոխին: Ես շատ-շատերին եմ շնորհապարտ այս գրքի համար, այդ թվում և Վիլյամ Ռուսյանին՝ Բաքվի Լենինի պողոտայի 32-րդ շենքից: Նա ասում էր՝ նրանք, ովքեր չկարողացան դուրս պրծնել գազազած ոհմակի ճանկերից, ոչինչ չեն պատմի այլևս, իսկ նրանք, որոնց հաջողվեց կենդանի մնալ, մի բան կարող են ասել միայն՝ որ այդ գեհենից փրկվել են հրաշքով: Ու ես հորդորում էի նրան գրել, անպայման գրել այդ մասին: Բաքվի զանգվածային սպանդից մազապուրծ՝ նա ականատեսի իր հավաստի պատմությամբ՝ կապված հունվարի տասներեքին սկսված հայոց կոտորածի հետ, օգնեց վերականգնելու Բաքվի ահավոր եղեռնի իրապատում պատկերը: Ինչ վերաբերում է գրքի հրատարակմանը, ապա կասեմ որ յուրաքանչյուր հեղինակ գիրք է գրում՝ անպայման տպագրելու հույս ու հավատով, և, եթե չի հրատարակվում այն, ավելի ճիշտ, եթե չի հաջողվում հրատարակել, կարծում եմ, այստեղ հեղինակի ցավն ավելի շատ է առկա, քան մեղքը:


ՙԱզատ Արցախ՚ թերթ- 13.01.2011թ.
Ստեփանակերտ -Սանկտ-Պետերբուրգ




    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail