ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ

ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ
ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ
ԱՆՑԱՎ
ԵՐԱԶ
ՊԱՏՐԱՆՔ
ՎԵՐՀՈւՇ
ԲԱՔՈւ
ԵՍ ԵՎ ՆԱ
ՄԱՅՐ ԻՄ
ՊԱՏՎԻՐԱՆ
Այս գիշեր
ԷԼԵԳԻԱ
ԱՆՐՋԱՆՔ
ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ...
ԿԱՐՈՏ
ՀՐԱԺԵՇՏ
ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ
ՌԵՔՎԻԵՄ
ՂԱՐԱԲԱՂ
ՕՐՈՐ, ՕՐՈՐ…
ԱՐՑԱԽ
ՄԱՅՐԱՄՈՒՏ
ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ՄԻ ՎՀԱՏՎԻՐ
ՎԱՂԸ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ
ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ…
ՄԻ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ
ԵՎ Ո՞ւՐ ԷՐ ԱՍՏՎԱԾ
ԱՆՑ ԵՆ ԿԵՆՈՒՄ ՕՐԵՐԸ ՄԵՐ…
ԱՄԵՆ ՒՆՉ ԿԱՆՑՆԻ
ԻՄ ՍԻՐՏԸ ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է ՄԻՇՏ
ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵՆՔ

ԿԱԼԵՐՈՒՄ
ԵՐԲ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԻ / Когда меня не будет
Ա՜Խ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ... / Ах, что мне делать?
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ / Устал я уже
ԿՅԱՆՔԸ ԵՐԿԱՐ Է ԹՎՈՒՄ / жизнь кажется длинной
ՍԱՆԴՈՒՂՔՆ Ի ՎԵՐ… / Вверх по лестнице
ՈՒՇ Է... / Поздно
ԿՌՈՒՆԿՆԵՐ / Журавли
ՆԶՈՎՔ / Проклятие
Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ… / Кто мог подумать
ԵՐԱՆԻ ԹԵ / Лишь бы
ԻՐԻԿՆԱՅԻՆՆՎԱԳ / Вечная мелодия
ԻՆՉ ԿԼԻՆԵՐ… / Что было бы
ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ ԴԵՌ / Пока не поздно
ԱՅՑԵԼՈՒՆ /Посетитель
ԵՐԲ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ / Когда любишь
ԵՐԿՆՔԻՆ ՆԱՅԻՐ / Посмотри на небо
ՕՐՀՆԵՐԳ / Молитва
ԵՂԵՐԳ / Скорбная
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ / Я люблю тебя
ՊԱՏՐԱՆՔ / Видение
ԿԱՐՈՒՍԵԼ / Карусель
ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ / Дай мне крылья
ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ / Чтобы не было
ՍԵՐԸ ՀՐԱՇՔԷ / Любовь - это чудо
ՀԻՆ ՀԵՔԻԱԹ / Старая сказка
ԻՆՉՈՒ՞, ԱԽ, ԻՆՉՈՒ՞... / Почему, почему
ՈՉ ԵՐԲԵՔ ԻՆՁ ՀԵՏ / Только не со мной
ԽՐԱՏ ՈՐԴՈՒՍ / Слово сыну
ՄՈՐՄՈՔ / Боль
ԳՈԻՑԵ ՄԻ ՕՐ… / Может в один день
ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ / Матерям нашим
ԵՐԲՈՐՀԱՆԴԻՊԵՆՔ… / Когда встретимся

ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ

Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու երկիր կապելով իրար...

Օրը հանգչում է՝ տառապանքներից, տվայտանքներից, ասված ու չասված ունայն խոսքերից լրիվ հոգնաբեկ...

Եվ հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում... Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում, լոկ ծղրիդներն են երգում անձանձիր...

Սարերի վրա , բարձր երկնքի անծիր կապույտում ,աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու , իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին... Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:

ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես- պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող...

Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող...

Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ...

Հեռու- հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու , անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության ,ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում...

ԱՆՑԱՎ

Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։

Տրտմած է հոգիս հիմա , որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։ Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ - ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։

Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։

Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։

ԵՐԱԶ

Լինե՛ր, լինե՛ր, այնպե՛ս լիներ, տարիներն իմ հետ գնային միանգամից։ Միանգամից ես լինեի իմ հեռավոր երազներում՝ մեր տան դռան, հենց նոր ելած ոսկեշղարշ արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։

Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։

Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ – հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։

ՊԱՏՐԱՆՔ

Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ...

Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն... Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով...

Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ... Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն...

Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած... Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից- սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան... Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր...

...Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ...

ՎԵՐՀՈւՇ

Կըղնաղաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը , արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան...

Չքնաղ երկիրն իմ, իմ Ղարաբաղը, լեռներից անդին՝ էն հեռո՜ւ-հեռու արևի խաղը, ցոլքը արևի՝ բարձրաբոց խարույկ, գետի խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն շողը շենշող , արտույտի անուշ արտորումն արտում , խրխինջը ձիու, ամառվա տապում՝ մեղվի գվվոցն ու սոխակի տաղը՝ հոգիս այրելով մի ուրիշ աշխարհ այսօր ինձ տարան...

Գյուղն իմ հայրենի, տունն իմ հայրական, մեր ավեր բաղը, կալերն ամայի, անտերուչ, լքյալ մորս շիրիմը՝ իմ սրտի դաղը, մարդկանց ձայները՝ թաղից այն թաղը, մեր աղջիկների զնգուն ծիծաղը՝ աղբյուրի մոտից , մանկութ օրերի մեր անհոգ խաղը՝ դավին անսովոր, ցավին անընտել , այսօր վերստին իմ միտը ընկան…

ԲԱՔՈւ

Прощай Баку! Тебя я не увижу,
Теперь в душе печаль, теперь в душе испуг…
С. Есенин


Մնաս բարով Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջայի՜ն, շքեղաշուք տեսքը քո, արդյոք, կտեսնե՞նք էլի… Երկնայի՛ն դու դրախտ, Բաքու՜, Բաքու՜, վշտալից որդիներդ տարաբախտ, հեռանում են քեզանից։

Հեռանում ենք մենք տրտում՝ մեռածներին մեր թողած, նրանց ոգին մեր հոգում հավիտյանս անթեղած։ Լացակումած հեռանում, հեռանում ենք քաղաքից, թուրքի ոհմակն է ոռնում լաստանավի քամակից։

Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջակա՜ն, դու մեզ անհա՜ս, դու մեզ համար անմատչելի, այսուհետև սոսկ հուշերում, լոկ հուշերում կարող ենք գալ մենք քեզ այցի, Բաքու՜, Բաքու՜, սիրու՜ն քաղաք, սիրո՜ քաղաք՝ կախարդակա՜ն, երազայի՜ն, անզուգակա՜ն։

Օրորվում է ծովը լուռ, հրաժեշտի ծփանքով, խոր վշտի մեջ մենք անլուր ետ ենք շրջվում արցունքով։ Ետ ենք շրջվում՝ քեզ, Բաքու, մի անգամ էլ նայելու, չէ՞ որ գիտենք՝ տեսքը քո, ավա՜ղ , էլ չենք տեսնելու…

1990թ.հունվար

ԵՍ ԵՎ ՆԱ

Փողոցով անցնում էր զառամյալ մի մարդ: Հազիվ էր շարժվում՝ ոտքը դանդաղուն, ծանր փոխելով: Մի պահ մտախոհ նայեցի հեռվից ու սարսափ պատեց ինձ միանգամից.. .Ես մտածեցի. չէ՞ որ կգա և գարունն իմ վերջին և այնտեղ, ուր որ հուրհրատում էր կրակը վառման իմ ջահելության՝ մոխիր կլինի լոկ, ախ, մոխիր միայն...

Տարիներ անցան, ժամանակ անցավ, ես, աստվածածին իր գեղեկցությամբ ու աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած, որդի կորցրի, մեն մի օրվա մեջ լրիվ ճերմակած՝ չհասկացա էլ , թե ոնց ծերացա.. .Լուռ քայլում էի ծերունական իմ գայթուն քայլերով, զգացի մեկի հայացքը վրաս ու ետ շրջվեցի. ջահել մի տղա՝ սիրուն պատանյակ, մտախոհ կանգնած, նայում էր հեռվից...

ՄԱՅՐ ԻՄ

Մա՜յր իմ, մայր իմ սիրասուն, սրտիս կոտրած հենասյուն, խոտ ու ծաղկի մեջ կորած՝ վրադ անգամ քար չկա։ Գուցե հառնե՜լ ես նորից, նորից ելել ես հողից՝ որպես մի խոտ , մի ծաղիկ, որպես կակաչ հրավառ՝ տեսքով կարմիր, սիրտը սև, օրորվում ես քամու հետ, լաց ես լինում ինձ համար։

Մա՜յր իմ, մայր իմ աննման, դու ամբարված բարություն, չկա արար աշխարհում ուրիշ ոչ ոք քեզ նման։ Մա՜յր իմ, մայր իմ դու անգին, դու մեծագու՜յն սրբություն, քո կարոտից գիշեր – զօր մղկտում է իմ հոգին։

Ների՜ր, ներիր բոլորին. զավակներիդ, թոռներիդ, աստվածածին քո հոգով, քո մեծ սրտով տառապյալ, բոլորին էլ դու ներիր. չկար մեկը մեզանից՝ բռներ ձեռքդ սրբասուրբ, մի կում ջուր տար, մի քիչ հույս, մոտդ նստեր մինչև լույս, մի խոսք ասեր սրտահույզ, մենակության մեջ լքյալ( գուցե ծարավ ու սովյալ), կյանքդ տրտում բոլորեց՝ աչքդ ճամփին բոլորիս։

Ի թողություն մեղա՜ց. մեղքի տակից ո՜նց դուրս գանք, չկա մեզ ապաշխարանք. մեղսակից ենք հար – հավետ, քանի ապրում ենք ու կանք:

ՊԱՏՎԻՐԱՆ

Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր- ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային՝ ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան:

Մայրս... մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց... մայրս չկար: Նա հող էր դարձել , և որպես ծաղիկ, որպես մի կակաչ՝ ինքը ալ կարմիր, սակայն, սիրտը սև, լուռ օրորվում էր մեղմիվ հովի հետ. նա լաց էր լինում իր որդու համար:

Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր... Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ՝ ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն՝ հարափոփոխ, սերն՝ հրաթրթիռ ու լուսափթիթ, դրանից վսեմ լուսեղեն հեքիաթ աշխարհում չկա, սիրիր, քանի կաս, սիրիր մշտատև, քանի ապրում ես այս արևի տակ, կյանք չկա առանց ըղձալի սիրո հրավառության. սա է պատգամը ունա՜յն, ախ, ունայն, այս ունա՜ յն կյանքի...

Այս գիշեր

Սիրո խոսքեր մի’ ասա այս գիշեր։

Եկ այս գիշեր չխոսենք, սիրո մասին չխոսենք։ Չխնկարկենք խոսքեր սին, ես կլռեմ, չեմ խոսի, ու դու ևս մի խոսիր՝ սիրո մասին այս գիշեր։

Աստվածային դու պարգև, վսեմաշուք ինձ շնորհ՝ թավշե ձայնով հոգեթով, ժպիտն ալվան շուրթերիդ, քո նայվածքով շեղակի, քո քայլվածքով հմայուն, քո պահվածքով եզակի, քո կազմվածքով նրբագեղ, պարանոցով մարմարյա՝ նեֆերտիտյան համարյա – խելքահան ես արել ինձ։

Ասա, ինչպես, ախ, ինչպես ես խենթորեն չսիրեմ աչքերը քո սևորակ, շուրթերը քո մեղրահյուս, մատները քո նրբատաշ, հասակը քո նրբատեսք՝ բարակիրան, սլացիկ՝ ինչպես բարդի մի մատղաշ։ Ախր, ինչպես, ախ, ինչպես չկորցնեմ ինքս ինձ՝ տարված քեզնով, քո սիրով…

Սիրո խոսքեր մի ասա, խոսքերը կայրվեն կրակում, մի ասաոչինչ այս գիշեր...Այս գիշեր խճողիր մազերս, թող մատներդ սահեն իմ դեմքով, ձեռքերդ թող գրկեն ինձ ողջ գիշեր: Այս գիշեր համբուրիր ինձ սիրաբաղձ, գուրգուրիր դու ինձայս գիշեր քո կրքով։ Այս գիշեր մինչև լույս ինձ պահիր գրկիդ մեջ, գրկիդ մեջ` այդքան ջե՛րմ, քաղցրանուշ:

ԷԼԵԳԻԱ

Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ, ոչինչ չունեմ՝ ոչ ներկայում, ոչ գալիքում. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։

Ամեն ինչի հուշը անցած՝ լուսափթիթ վառ մանկության, պատանության արևը ջինջ ու հրավառ, հուշն իմ սիրո՝ հին օրերի շղարշի մեջ՝ անմեկնելի, անմատչելի, ձգում է ինձ, կանչում է ինձ հեռուներից անարձագանք։

Նա վերստին հառնում է իմ հուշերի մեջ, սերն իմ անմար, լույսի նման փայլ է տալիս տարիների հեռու հեռվում՝ հրացայտ սև ու ծիծաղկուն իր աչքերով ու իր տեսքով լուսաժպիտ՝ կախարդելով հոգեհմա։ Այդ հուշերում երկուսով ենք, դրախտի պես մի տնակում՝ այգու ծայրին, ուր զրնգուն գալարվում է գետը ձորում, շուրջը՝ անտառ հնամենի, առվի խոխոջ, վարդի բուրմունք, արտույտի երգ՝ այգուց անդին, ձույլ հասկերով մեղմ ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում…Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք՝ ծնված այրող իմ կարոտից։

Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։

ԱՆՐՋԱՆՔ

Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։

Ոլոր - մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։

Ոլոր - մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…

ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ...

Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ- չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան , որին գնամ ընդդեմ...

Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ...

Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց...

Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր...

ԿԱՐՈՏ

Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր ի վերուստ, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին։

Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին։

Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս – մեկին, հեռվից - հեռու լուռ տենչալով մենք իրարու։

Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ – ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ։ Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…

ՀՐԱԺԵՇՏ

Մի հիշիր դու, ասում են ինձ, գեղատեսիլ վայրերը քո վառ մանկության. ոչ վայրերն են, ասում են ինձ, առաջվա պես գեղատեսիլ և ոչ էլ դու` այն պատանին։

Քո վաղանցուկ կյանքից ոչինչ մի հիշիր դու, ասում են ինձ, ինչ թողել ես այնտեղ վաղուց, միևնույնն է, էլ չես գտնի, հայրենական սար ու ձորեր, հանդեր ու ուրթ` մշուշի մեջ, աղբյուրների խոխոջը մեղմ ու երգեցիկ, հովը գարնան ու նրբագեղ գեղեցկուհուն քո վարդաշուրթ, մի հիշիր դու, ասում են ինձ, մնաս բարով, ասա, արդեն դու ամենքին, ծառ ու ծաղկին, երգող հավքին, լորի կանչին` կակաչազարդ արտից անծիր, ուղիդ անցիր ճամփորդի պես` առանց լացի, ու դիմացի՜ր, ու դիմացի՜ր` որ գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուդ, քեզնից հետո, մեկ ուրիշն է տիրանալու։

Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այդպես, ասում են ինձ, գնա՜ս բարով, քո արևը` մնացողաց, որ շողշողա նրանց վերև` քանի դեռ կան սիրո, լույսի, հույսի ներքո, ու չի եկել ժամը նրանց հրաժեշտի…



ՊԱՏԱՆԵԿԱՆ

Այնքան սիրու՜ն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու լուսազարդ, վեհասքա՜նչ ու գեղանի՝ չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…

Հանց երազի կապույտ թռչուն՝ իր ծիծաղով կարկաչահունչ, այնքա՛ն սիրուն, վեհատեսիլ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ կանգնած նա միշտ իմ ճամփին։

Այն օրվանից, ինչ ես տեսա և այն պահից, երբ սիգանքով շեղ նայեց ինձ՝ հրացոլ սև իր աչքերով, սիրտս դողաց միանգամից, միանգամից կյանքս փոխվեց։

Քաղցրահունչ անուշ ձայնով ու կազմվածքով՝ զուտ նաիրյան, իր մատներով՝ հանց սրբատաշ, պարանոցով՝ այնքան ողորկ՝ հանց մարմարյա, իր քայլվածքով՝ սիգաճեմ ու հեզաճկուն, գիրգ շուրթերի արփիաշող ժպիտներով՝ չնաշխարհիկ, ու դնչիկով՝ հրապուրիչ ու էրոտիկ - խելահան է արել նա ինձ։

Նա իմ կյանքն է՝ Սուլամիթն իմ, Կիթերուհին, մեր սարերի թեծևասույր եղնիկը իմ, ասացեք ինձ, ի՛նչ անեմ ես, որ հասկանա նա իմ հոգին։ Հո չի՞ ուզում՝ սիրուց գերված, ես խենթանամ և ամենուր և ամեն օր, գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունը տամ, ճամփան պահեմ։

՝ Ո՜վ իմ Աստված, այսքան սիրու՜ն, վեհատեսի՜լ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ սքանչե՜լի, լուսաճաճա՜նչ ու կախարդի՜չ, չքնաղագե՜ղ, չնաշխարհի՜կ, վեհասքանչ ու լուսագե՜ղ՝ չէ, չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…



ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ

Այս էլ քանի՜, քա՜նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն… Ասես խռով ամեն ինչից ու ամենքից ՝ բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի՝ որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից – հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ թույլ ժպիտով …

Ես հուսահատ ու շընչահատ, հույլ ու անկամ, ամեն անգամ աղերսելով, մըղկըտալով ետ եմ կանչում, իսկ նա ասես չի լսում ինձ, չի ճանաչում, հեռանում է՝ հետ նայելով, ու վերստին միաձուլվում լազուր երկնի լուսաշղարշ մշուշներին … Ողբ ու կական Ռամայի մեջ, Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, չէր կարենում մըխիթարվել, որովհետև… չըկա՛ն նրանք։

Տե՜ր իմ, Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա, ինչո՞ւ չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք։ Եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ինչո՞ւ, ասա, չես արել դա մինչև հիմա ու չես անում նաև հիմա… Գոնե գըթա՜, գըթա ինձ, Տեր, մեղմի՜ր ցավը իմ անանցիկ. զրկիր մտքից, հուշ ու սրտից, գուցե թե իմ սիրտ կեղեքող ու հոգետանջ այս կրակին ես դիմանալ կարողանամ…

ՌԵՔՎԻԵՄ

Արևը լուսաջինջ երկնքից իջնում է դեպի մայրամուտ, հրացոլք խարույկը նրա վառվում է լեռների վրա։ Բաժանման ցավը անաղոք այրում է իմ վշտոտ հոգին, քանզի չապրած օրերիս ամեն թարթ հուշում է, որ ուշ է. քո առջև զվարթուն գարուններ, իմ առջև՝ անթափանց մշուշ է. ողջ կյանքս կանգնած քո ճամփին, գտել եմ, բայց արդեն ուշ է։

Շիկնահար այտերով գեղուհիս, դեմքը քո դարձրու իմ ցավին, տես, արևս գնում է մարելու, ուր որ է կիջնի երեկոն. չարի կամոք էր՝ վերևից, կամ բախտի քմայքով երևի, որ չգտա ես քեզ ցերեկով։

Մի թախծիր, թարմ վարդի դեռատի իմ կոկոն, ժպտա ինձ սիրառատ աչքերով, մեղրացող շուրթերով ժպտա ինձ, ու փառք տանք, արի, մենք Աստըծուն, որ պահն այս տրվեց մեզ՝ հանց պարգև, որ օրը մեզ թվա տարի…

ՂԱՐԱԲԱՂ

Մռավա սարի թուխ ամպերով, Քիրսա սարով՝ միշտ ձյունածածկ, մատուռներով՝ հին դարերից, մեր խաչերով, խենթ ու խելառ մեր Թարթառով ու Խաչենով՝ մեզ հետ ես դու՝ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, հեռու թե մոտ՝ ուր էլ մնանք, մեզ հետ ես դու, մշտաբողբոջ մեր այգեստան, մեր բուրաստան, հավերժի հետ ընկերակից մեր լեռնաստան։

Ջրերդ զով ու քչքչան հովդ անուշ ու շնկշնկան, արոտներդ ալպիական՝ լորի կանչով կախարդական, անտառներդ հեքիաթային՝ կկվի ձենով ու կուսական, խոնջ հանդերդ, սար ու ձորդ աստվածային՝ չքնաղագեղ ու դյութական։ Արար աշխարհ գնա ման եկ՝ Աստված վկա, ուրիշ նման դրախտ չկա։

Ո՞վ չգիտի, որ դու մերն ես, դու մի արև՝ մեր բոլորիս գլխավերև՝ մինչև մահ ու մահից հետո: Բիրթ կապանքից դու ազատված՝ ընդմիշտ մերն ես, մենք կմեռնենք՝ չենք տա բայց քեզ, մենք մի գետ ենք, դու մեր հունն ես, դու մեր հույսն ես, արյան կանչն ու աչքի լույսն ես, դու համակ կյանք՝ մեր հավատն ու սրտի սյունն ես, մենք սերմացու մի ժողովուրդ՝ դու մեր բունն ես, մեր քաջ նախնյաց սուրբ անունով լուսավորված հավերժական դու մեր տունն ես։



ՕՐՈՐ, ՕՐՈՐ…

Օրո՜ր, օրո՜ր, իմ օրերին օրո՜ր, իմ օրերին բոլոր՝ օրո՜ր, օրո՜ր… Քու՜ն մտիր, սիրտ իմ, քու՜ն մտիր, կոտրա՜ծ թևերով թռչնակ իմ, քու՜ն մտիր խաղաղ, մեր սին հույսերին օրոր, անուրջներին օրոր, օրո՜ր, օրո՜ր։

Հեռու՜ է երկիրն իմ՝ շքեղաշուք դրախտ, ու սիրտն իմ տենչաբաղձ՝ ճամփին է մշտատև, սակայն չի՜ հասնում, չի՜ հասնում նա տեղ, քանզի հուսաբեկ եմ, ավա՜ղ, ու թևահատ։

Իմ ոտնահետքերին կարոտ արահետնե՜ր կան այնտեղ՝ թավ խոտերում կորած, զեփյուռականչ ծաղիկներն այնտեղ, հավքի երգով տարված, օրորվում են մեղմիվ, շնկշնկում է սարերն ի վար դալարամեջք քամին, մանկութ աղբյուրներն այնտեղ կարկաչում, կանչում են անձկագին, մթնաշաղն է նստում արծաթաշաղ մշուշում, առաջին սերն է կանչում իմ և նրբանուրբ անունը իր շղարշվում է շնչիս ու այրում է հոգիս, ու ես այնպե՜ս եմ ուզում սիրել նրան նորեն, վերստին շշնջալ սիրաշշուկ խոսքեր, սիրո նազուն խոսքեր՝ ծնված միայն սիրո համար։

Օրո՜ր, օրո՜ր, իմ հուսախաբ սրտին օրոր, երազներին իմ օրոր, երնեկ արևն էլ իմ մարեր այնտեղ՝ հեռո՜ւ, հեռու՜, հեռու՜ սեգ լեռներում իմ հեռու, ուր գերեզմանն է իմ մոր՝ լքյալ ու անտերունչ, և գերեզմանին նրա սուրբ՝ շունչն է թևածում Աստծո։

Օրո՜ր, օրո՜ր, լույս ընկերներին իմ օրօր և բարեկամներին իմ բոլոր՝ անծիր համացանցի։ Ողորմած է Աստված ու ողորմենք մենք էլ չար սրտերին մեղսոտ՝ և նենգ, և դաժան, անկարեկիր, անգութ, որ հագուրդ չունեն բնավ՝ մի թիզ հողից բացի։

Օրո՜ր, օրո՜ր, օրերին իմ անցած, որ երազի չափ կարչ՝ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ… Օրո՜ր, օրո՜ր, կսկիծներին իմ օրոր, իմ ցավերին օրոր ու օրերին գալիք՝ որ կբացվեն հետո, բայց ո՜չ մեզ համար…



ԱՐՑԱԽ

Հայաստանը մաքուր ոսկուց մի մատանի՝ ակն ես նրա շողշողենի հանց ադամանդ։ Աստվածանիստ դրախտ ես դու երկնային, քո կարոտից հեռուներում՝ ներսից այրվող դեզի նման այրվում ենք մենք լուռ ու մարմանդ։

Ինչքան էլ որ հեռու լինենք մենք քեզանից, մեր օրրան, ուր էլ լինենք հարափոփոխ մեր այս կյանքում, կապրես մեր մեջ դու հանապազ, միշտ անպակաս դու մեզանից՝ մեր հուշերում, մեր սրտերում ու մեր հոգում։

Հայրենի հող, անուշաբույր դու մեր ոստան, մեր այգեստան՝ հար ըղձալի, փոքր ես դու, բայց մոր փոքրին ով է նայում. քարտեզին, տես, չկաս անգամ, չես երևում, որ համբուրենք, բույրդ զգանք, համդ զգանք, հեռվից-հեռու մեր կարոտը գոնե առնենք։

Ախր, մենք ո՜նց, ոնց մոռանանք ապառաժոտ լեռները մեր, սարը Մռավ՝ երկնի մովում, աղբյուրների ջուրը վճիտ, ականակիտ, ո՜նց մոռանանք, լորի կանչը՝ ծաղկափթիթ մեր հանդերում, ասա դու մեզ, ո՜նց մոռանանք, էդ կարոտին ո՜նց դիմանանք։

Երնեկ կրկին մենք տուն դառնանք հեռուներից ու էլ չապրենք օտար հողում մենք անտեղի, մեր հավքերի քաղցրալեզու երգը լսենք մեր ձորերում, վերադառնանք նորից մեր տուն, վերադառնանք, մեր տուն դառնանք ու վերստին տեր կանգնենք մենք մեր ծնողաց գերեզմանին, մեր տուն-տեղին…



ՄԱՅՐԱՄՈՒՏ

Մութը անցավ, լույսը բացվեց, արևն ահա դուրս է եկել, ցո՜լք է տալիս, շափաղում։ Լեռներից վեր, ոսկեվորված արևից բորբ՝ ճերմակ մի ամպ լող է տալիս լուրթ երկնքում՝ դանդաղասա՜հ ու հուշիկ։

Օրը բացվեց լուսապայծա՜ռ, գնաց դեպի մայրամուտ, ճերմակաթև ամպը մեկեն գունափոխվեց, սևացավ։ Մարդու բախտը հանց ճերմակ ամպ, կյանքը նրա՝ օրվա ճամփա՝ լուսաբացին արևացող, իրիկնադեմ մեկ էլ տեսար սևացավ։

Ո՜վ արարիչ, դու արարիչ ամեն ինչի, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ասա, մեզ տվեցիր այսքան կարճ կյանք, որ հանապազ մնանք կարոտ ամեն ինչի… Ինչո՞ւ, ինչո՞ւ տվածը քո, որպես պարգև շռայլորեն՝ լուսաթրթիռ ջահելություն, գեղեցկություն լուսափթիթ, աչքերի լույս, հավատ ու հույս, սեր ու խնդում, հետզհետե ետ ես առնում անգթորեն՝ մեզ թողնելով դավն ընկերոջ, որին սատար էինք կանգնել դժվար օրին, չար նախանձից բարեկամի՝ լուռ այրվելիս, ցա՜վը սիրո արփիաշող, որ ուրացած երդումներն իր սին ու պատիր, գնաց նվաստ թշնամու հետ։

Օրը անցավ, մայրամուտի արևը մեր՝ հորիզոնի ցոլքերի մեջ հըրդեհվելով ոսկեձույլ ու հարահավերժ անրջանքով, դանդաղորեն անց է կենում լեռան ետև. մնացողաց՝ մնա՜ք բարով, գնացողաց՝ լույս ու արև …



ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ՄԻ ՎՀԱՏՎԻՐ

Իմ հուշերում՝ մշուշներից ձյուն է տեղում, նոճիների ծովափնյա զբոսայգու մութ ծառուղում փաթի՜լ- փաթի՜լ ձյուն է տեղում, աստղաթև ու մեղմօրոր ձյուն է մաղում գեղատեսիլ իմ գեղուհու սաթ մազերին, թարթիչներին, վարդայտերին, կիսաթափանց մեղմ թարմությամբ՝ բոսորահուր շուրթիկներին…

Նեոնային լույսերի մեջ՝ թեթև - թեթև ձյուն է մաղում, ձյան լայնշի փաթիլները՝ հարյուր հազար, միլիոնավոր ճերմակաթև թիթեռնիկներ, օդում ճախրում, գալարվում են, ալարելով՝ իջնում են ցած դանդաղորեն։

Իմ սևաչյա գեղեցկուհին՝ հուզաթաթավ ու դեռատի մատղաշ բարդի, իմ գրկի մեջ՝ հեշտանքավառ ու խաղացկուն, գլուխը իր թեթևակի ետ է գցել ու քըմահաճ, հանց աղջնակ, հըրճըվալից ծիծաղում է՝ լեզվի ծայրով ժիր որսալով ձյան ճերմակ փաթիլներն այդ… Նրա տեսքից՝ լուսաճաճանչ ու լուսագեղ, ոսկեհնչյուն ստապատիր իր խոսքերից՝ խայտանքի ու լացի միջից. «Ես դա կանեմ, կանեմ ես դա, դու կտեսնես, ես կգնամ ու էլ չեմ գա, թե որ այդպես դու ուզենաս», սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ, ինքնամոռաց մրմնջում եմ. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ»:

…Հետո եղավ, այնպես եղավ, երկինքը լուրթ պատեց սևով, մարդը կրկին դառավ գազան ու ամեն տեղ ու ամենուր՝ ավար, ավեր, փողոցներում ու տներում՝ մորթված հայեր, խոշտանգված ու սվինահար անմեղ հայեր, աշխարհի կույր աչքի դիմաց՝ խարույկներում վառվող հայեր, մարդը, իրավ, դառավ գազան ու սովահար այդ գազանից մենք հալածված ինչպես մի հոտ՝ թողած տուն-տեղ, ունեցվածք ու գերեզմաններ, սոսկ հրաշքով փրկված ահեղ այդ գեհենից՝ գլխակորույս ու վշտաբեկ, ցրվեցինք մենք աշխարհով մեկ՝ հարահավերժ կորցնելով մեկս մեկին։

Իմ հուշերի մշուշներում ձյուն է մաղում նոճիների զբոսայգում… Փետրաթեթև, մեղմ ու նազուն ձյուն է մաղում մեր մազերին, մեր քունքերին, իմ գեղուհին հառնում է ինձ այդ հեռաբաղձ մշուշներից ՝ առաջվա պես լուսաժպիտ ու լուսագեղ։ Նրա տեսքից հոգեզմայլ սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ մրմնջում եմ արտասվալից. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, մի վհատվիր ու մի կորցրու հույսդ վերջին, ես կգտնե՜մ, քեզ կգտնե՜մ, միայն թե դու մի վհատվիր, ցա՜վդ տանեմ» …



ՎԱՂԸ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ

Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Աստված նրան՝ կրքահարու՜յց հուր աչքերով ու հրաներկ բո՜րբ շուրթերով, ըստեղցել է զուտ բերկրանքի, սիրո համար։

Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լացիր, անօգուտ է և ընդունա՜յն, ախ, ամեն ինչ, ճամփադ անցիր, ի զորու չես դու փոխելու որևէ բան. ունայնություն ունայնունությանց, ունայնություն ունայնունությանց։

Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ, մի որոնիր այնտեղ ոչինչ ու մի խանդիր։ Սիրիր նրան ու վայելիր սերը նրա, սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ ա՜նց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կըլինի։



ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ…

Հազարան հավքի թևերին, թե լաջվարդ հեքիաթից դյութական՝ մենք գալիս ենք այս աշխարհ, ինչպես հավքը եթերում՝ անրջանքով, խայտանքով, երջանկությամբ ապրելու։

Երջանկությունն այդ, սակայն, ինչպես կապույտ հորիզոն՝ ինչքան որ մենք մոտենում, հեռանում է մեզանից, ու չենք հասնում մենք նրան, ախ, չենք հասնում մենք նրան… Ու հաշտվում ենք բախտի հետ, քանզի ուզենք թե չուզենք, ինչ գրված է ի վերուստ՝ ի սկզբանե մեզ համար, հաստատ այն էլ լինելու:

Հազարան հավքի թևերին, թե լաջվարդ հեքիաթից դյութական՝ գալիս ենք մենք լույս աշխարհ, գընում դեպի վերջալույս՝ ճանապարհին կորցնելով ընկերներին սրտակից, մոտիկներին՝ ըղձալի…

Չկա ոչինչ այս կյանքում, որը ավարտ չունենա. ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն բան՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։



ՄԻ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ

Կա թիթեռի մի տեսակ, որ մի օր է ապրում սոսկ… Ոսկեթևիկ մի թիթեռ ծնվեց լույսը նոր բացված՝ զվարճանքով ողջ օրը ծաղկանց վրա ճախրելու, արևի ջինջ շողերում իր խատուտիկ թևերով ջրերի վրա թևելու, խնդությամբ ու բերկրանքով իր կարճ կյանքը ապրելու…

Մթար օր էր օրը այդ, արև չկար, մեգ ու մշուշ՝ խինդ չկար, չկար հավքի երգն անուշ, որ թիթեռը կախարդվեր, լույս չէր կաթում ծառերից, համրացել էր գետակն էլ, ծաղկի ղողանջ էլ չկար, անվերջ անձրև էր տեղում… Այդպես անցավ օրն ամբողջ՝ մինչև եղավ մայրամուտ, արևն անցավ սարերից, մութը ծանր, սևասև, իր մեջ առավ սար ու ձոր։

Անցավ օրը թիթեռի...նա վշտակիր, առհավետ ծալեց թևերն իր ոսկյա ու այդպես էլ չտեսավ ոսկեթևիկ թիթեռն այդ ու չիմացավ նա, ավա՜ղ, որ լինում են լուսաջինջ, պայծառալույս տաք օրեր՝ լեցուն զվարթ կանչերով…

…Մի՞թե դու չես կամ թե ես՝ չարաբախտ ու սգահար ոսկեթևիկ թիթեռն այդ…



ԵՎ Ո՞ւՐ ԷՐ ԱՍՏՎԱԾ

...Եվ ո՞ւր է Աստված։ Տիեզերական հավիտենության իր գահին բազմած՝ այդ բարձունքներից չի իջնում նա ցած՝ ունկն դնելու ողբ ու կականըն իր իսկ արարած երկըրի վրա։

Ո՞ւր էր նա, ո՞ւր էր , երբ հավատացյալ ողջ մի ժողովուրդ՝ թե մանուկ, թե ծեր, հլու-հնազանդ իր Արարիչին՝ Դեր Զորի պապակ անապատներում ոչնչացվում էր անգութ աշխարհի կույր աչքի առաջ՝ Աստծուն ի տես։

Եվ էլ ի՜նչ Աստված, եթե չի իջնում ամպերից այսդին ու չի բռնում նա արյունոտ ձեռքը տմարդ վայրենու ու չի անիծում չար գործը նրա, որ նզովվյալ լինի հարատև ու փորի վերայ գնա նա մենակ ու հող ուտի միայն կյանքի մնացյալ բոլոր օրերին։

..................................................................................

Իր տունն ու տեղը թողած թուրքերին, հարյուր տարուց իվեր՝ Ադանա ծովից մինչև Սումգայիթ ու մինչև Բաքու, քայլում է մարդը՝ լքյալ, վշտաբեկ. Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։



ԱՆՑ ԵՆ ԿԵՆՈՒՄ ՕՐԵՐԸ ՄԵՐ…

Աշնանային թափուր հանդեր, դալուկ արև, թեթև քամուց մունջ օրօրվող դեղձան ծառեր, անձրևներից գունաթափված թախծող դեզեր՝ մենության մեջ…

Ցած են իջնում տերևները աշնանային՝ շիկակարմիր, իրիկնային արևի պաղ շողերի մեջ վերջին անգամ հուրհրատում, շողշողում ու գալարվում են հազարերանգ ու փայլկտուն, իջնում տամուկ սառը հողին։

Այդպես հանդարդ, աներևույթ, դանդաղորեն ու հեզասահ անց են կենում օրերը մեր՝ հրակարմիր ու վարդագույն… Շուտով կգա ձմեռը ցուրտ, ձյուն կտեղա փաթիլ-փաթիլ ու լայնըշի և կծածկի սար ու ձորեր, արտ ու արոտ, ու ձյան տակ լուռ կկորչի արահետն այն՝ ինձ մոտ բերող, ու դու չես գա, դու էլ չես գա…

Հետո նորեն կգա գարուն, կգա ամառ ու նոր աշուն. ո՜վ կհիշի տերևներն այն՝ այն, որ կային, այն, որ մեռան անցած աշնան…



ԱՄԵՆ ՒՆՉ ԿԱՆՑՆԻ

Ժամանակն անցնում է վարար գետի պես ու չի կանգնում բնավ…

Կարողացիր բերկրել երջանիկ թարթերով այս անցած օրվա` որպես արաչական գեղահրաշ ընծա, և քնելը նախքան` հիշիր վայրկյանն այն, երբ տեսար նրան՝ կրակ աչքերով, շուրթերով՝ բուրյան, ու դյութեց նա քեզ` անսպասելիորեն ու միանանգամից, հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։

Պահպանիր նրան աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով, քանզի ողջ կյանքում հոգու տենչը քո՝ նա էր շարունակ, ու դու վերջապես գտել ես նրան։ Իմացիր նաև` փոխադարձ սիրուց ոչինչ չկա վեհ. այն կորցնելուց հետո իզուր է թվում ապրելն այլևս։ Սիրիր լոկ նրան, որի հետ լռելը` քան զրուցելը մեկ ուրիշի հետ, հաճելի է քեզ։ Նվերն ուրիշի` մի ամբողջ աշխարհ թեկուզ նա տա քեզ` պետք չէ քեզ բնավ. քեզ նրա դյութիչ ժպիտն է պետք լոկ, և ուրիշ ոչինչ։

Ու չասես երբեք, թե առանց նրան ապրել չես կարող։ Ապրել կարող ես, պարզապես աշխարհը կփոխվի աչքիդ, կխամրեն բոլոր գույները մեկեն , շնչելը կըլինի ծանր ու դժվար։

Այդպես է հարկավ. ժամանակն անցնում է վարար գետի պես ու հարափոփոխ այս մեծ աշխարհում քո ժամանակն էլ կգա ու կանցնի։ Ամեն ինչ կանցնի՝ վառ հուշից բացի, որ անց է կացել երկնքից ընկնող աստղերի ներքո, ու չի կրկնվի, էլ չի կրկնվի… Ու գիտցիր մի բան, որ կյանքը նման է վառ արեգակի՝ երբ ջահել ենք դեռ։ Արևի նման բոցավառվելով սիրո կրակից, հայացքով ետև՝ գնում ենք դեպի մեր լեռան հետև՝ ուրիշ մի կյանքով նորից ապրելու…

ԻՄ ՍԻՐՏԸ ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է ՄԻՇՏ

Հեռվից նայողը ինձ չի հասկանա, իմ սիրտը հեռու լեռներում է միշտ… Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը լոկ կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, և թե արևն ինչպես է դանդաղ գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը սփռելով հոտն իր բուրավետ… Այդպես է անշուշտ. վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։

Իլյա Սելվինսկին, տես, ինչ է ասում՝ եթե որևէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թվում է, թե ես եմ մեղավոր…Ժամանակները փոխվել են հիմա՝ մարդասպան – քննիչ միասին նստած՝ հանցանք են հյուսում ընդդեմ սպանվածի։ Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից։

Օրերը մթնում ու անց են կենում…Երջանկությունը հորիզոն է մի՝ ինչքան մոտենաս՝ հեռանում է այն։ Բախտդ թե սև է՝ շատ մի կնկճվիր, վստահիր հույսին, այդ սևից հետո ճերմակը կգա, ո՞վ է տեսել, որ ձմեռը տևի ամբողջ մի տարի։ Անցողական է ամեն բան կյանքում, դա նույնպես կանցնի, ամեն ինչ կանցնի. հույսդ մի կորցրու հանդեպ լավ օրվան։ Դարձիր արմատներիդ՝ որտեղից գալիս և ուր ես գնում, բարություն արա ու գցիր գետը, կտեսնես՝ մի օր առջևդ կգա։

Հեռվից նայողը ինձ չի հասկանա, իմ սիրտը հեռու լեռներում է միշտ, այնտեղ է հոգիս, ու ես կարոտից գիշեր ու ցերեկ այրվում եմ անծուխ…



ԵԹԵ ՀԱՆԴԻՊԵՆՔ

Երբ մենք հանդիպենք…

Երբ մենք հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…

Երբ մենք հանդիպենք (օ, Տե՜ր իմ Աստված, ինձ պետք չէ ոչինչ՝ միայն քեզ տեսնեմ, միայն թե տեսնեմ տեսքդ գեղանի, դեմքդ՝ լուսեղեն ու հուզաթաթավ), ու երբ որ տեսնեմ աչքերդ ծավի ու սիրտն իմ թալկանա կարոտի ցավից, ու ես շշնջամ մարող շշուկով՝ արարչական նուրբ կորությամբ գծված շուրթերիդ բոսոր՝ ի՜նչ հաճելի ես դու իմ աչքերին ու հանց բալասան՝ տառապյալ սրտիս…

Ու երբ բերկրանքից, որ մենակ ենք մենք արար աշխարհում, և ոչ ոք, ոչ ոք չի նախանձի մեզ՝ մեղմ գորովելու մեկս մյուսին, ու ինձ՝ շոյելու մանրալիք իջնող մազերդ ոսկյա, այն ժամ կըմբռնենք… որ այլ էր մինչ այդ ու այլ կլինի դրանից հետո։

Երբ երկարատև հույսը կփոխվի լուսաջինջ լույսի, և ծիածանը, անձրևից հետո, կամար կկապի լաջվարդ երկնքում, ու նոր մենք կըզգանք սիրո հրայրքն ու թովչանքը վսեմ՝ մե՜ծ երջանկության, ու հոգիներում մեր, չքնա՜ղ իմ էակ, գարուն կծագի՝ լուսաճաճանչված արեգակնային զվարթ շողերով։

Երբ մենք հանդիպենք։

Եթե՜ հանդիպենք...



ԿԱԼԵՐՈՒՄ

Կարմրաոտ կաքավների լույս կախկղան կոհակվում է օրվա շոգի ու տապի մեջ, արտույտները մոտ արտերում արտորում են թախծագորով, խոտը կոխած հին կալերում շնկշնկում է հովը մեղմիվ՝ ինձ բերելով ձայներն անդարձ մեր մայրերի, որ էլ չկան, անց են կացել այս աշխարհից անվերադարձ…

Կռիվ մեկնած ամուսին ու որդիներին փոխարինած՝ վշտից տմույն, անլուսաշող կյանքը նրանց հանդ էր, արտեր ու մանգաղ , մաճ ու գութան, մղեղ ու կալ, հույսն էր պահում լոկ նրանց , թե բոլորը հետ կգան…Ավա՜ղ չեկան , էլ չեկան , շա՜տ-շատերը ետ չեկան , ով էլ եկավ՝ կաղ ու կըռնատ, խաթարվա՜ծ։

Խոնարհվենք, եկ, մենք լռին ի հիշատակ սրբասուրբ մեր մայրերի ինքնուրաց, որ վաղուց է ինչ չկան, լույս են դառել ու չկան։ Ու խոնարհվենք նաև լուռ նրանց առջև վերըստին, ովքեր ահեղ այն կռվից հաղթանակած տուն եկան, բայց ապրեցին կյանքն իրենց՝ դժվար կյանքով պարտվածի…

Մշտահոլով այս կյանքում մենք վերջինն ենք , որ տեսանք դեմքը նրանց լուսաջինջ, մենք էլ կանցնենք աշխարհից՝ ո՜վ կըհիշի էլ նրանց…

Կաքավների կախկղան՝ կալից անդին հանդերում, տրտում երգը արտույտի՝ ոսկեորած արտերում, սիրտն իմ լցրին անձկությամբ՝ մեր հին լքված կալերում։



ԵՐԲ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԻ / Когда меня не будет

Երբ ես չեմ լինի` արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:

Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կըերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերն վերևի, բարձր երկնքում դինջ օրորվելով` ինձ գնաս բարով կասեն երևի:

Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռու՜-հեռու՜, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:

Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն...

Երբ ես չեմ լինի` ոչ ոք ինձ համար արցունք չի հեղի նրանից բացի..



Ա՜Խ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ... / Ах, что мне делать?

Զույգ որդիներն իմ թևերն էին իմ, հատված թևերով, ա՜խ, ես ի՞նչ անեմ: Ու՞մ բացեմ սիրտս, որ ինձ հասկանա:

Անընդգրկելի, ծանր է ցավս, առավել ծանր, որ այս լույս օրն ու ալվան աշխարհը նրանց համար չէ, որ ես այլևս չեմ տեսնի նրանց, չեմ լսի ձայնը նրանց հոգեթով, խոսքն ու ծիծաղը անուշաբարո էլ չի հնչելու մեր ականջներում:

Ու՞մ պատմեմ ցավս՝ ծովի պես խորը, ո՞վ կհասկանա, որ ներսում այրվում, խորովվում եմ լուռ և ամեն անգամ, որդիներին իմ մտաբերելիս, մեռնում - հառնում եմ՝ պատկերը նրանց իմ աչքի առջև, սուրբ անունները՝ շուրթերիս վրա:

Մեծ տառապանքը տանում են լռին, ու ես ինքնակամ ժպտում եմ մարկանց, քանզի ուրիշը ժպիտն է տեսնում, քո հոգու ցավը ոչ ոք չի տեսնում:

Ես ու՞մ, ու՞մ պատմեմ ցավը իմ անանց, մարդ արարածը ինձ չի հասկանա… Գնամ հայրենի հանդերին պատմեմ իմ տվայտանքը, հովից օրորվող խոտ ու ծաղկունքին, մենավոր կանգնած ծառերին տրտում, անտառի խորքում զմրուխտ մամուռով պատած քարերին, երգող հավքերին, ձորում կարկաչող ջրերին պատմեմ ու նրանց հետ լամ ցավն իմ մորմոքուն:



ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ / Устал я уже

Ես այս աշխարհից հոգնել եմ արդեն:

Էլ չեմ դիմանում կեղծիքին, ստին, շողոմքոր մարդկանց շողոմ խոսքերին, հանկարծ փող տեսած՝ հոգով աղքատի զազիր պահվածքին, փող ունեցողի քամահրանքին, չունեցողների խղճալից տեսքին էլ չեմ դիմանում:

Սիրտս տարագիր էլ չի դիմանում դրացու դավին, նախանձ ու դժխեմ բարքերին նրանց ու լեզուներին՝ նենգարկու, քսու, ես չեմ դիմանում:

Հոգիս կեղեքող մորմոքուն ցավին էլ չեմ դիմանում, զի անկարող եմ գեղեցկատեսիլ իմ որդիներինտեսնել վերստին, անհուն կարոտից փշրված սրտով իմ գիրկը առնել... ախ, որովհետև այլևս չըկան:

Ոչ ոք չի հիշում՝ ով չկա արդեն, ոչ ոք չի հիշի, երբ չենք լինի էլ։ Ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է,ապրելն է դժվար, քանզի ապրել կա՝ մեռելուց վատ է:

Դժվար է ապրել այնպիսի մի տեղ, ուր որ Կայենը և օրենսդիր է, և վայրագ դահիճ, դատավոր նաև, և որ նրանցն է արքայությունը երկըրի վրա ու բիլ երկնքում:

Ես այս անիրավ աշխարհից, իրավ, հոգնել եմ արդեն:

Երանի նրանց, որ չեն ծնվել դեռ…



ԿՅԱՆՔԸ ԵՐԿԱՐ Է ԹՎՈՒՄ / жизнь кажется длинной

Կյանքը երկար է թվում, քան թե որ կա իրապես:

Կարճատև է այն, ավաղ, փութկոտ անցնում է օրը, օրը դառնում է տարի, փոփոխվում է ամեն ինչ՝ ինչ որ թանկ էր մեզ համար ոչ հեռավոր անցյալում, դառնում է սին ու չնչին... Եվ վաղանցիկ այդ կյանքում՝ վատ օրերը անհատնում, լավ օրերը՝ աննշմար, ու անցնում է կյանքը մեր՝ մեր իղձերին խոտորնակ, մեկն ապրում է հրճվալից, աջ ու ահյակ կտտելով, մյուսը՝ բախտին հնազանդ, աղի արցունք կուլ տալով:

Արդարություն անձկացի ողջ իմ կյանքում՝ ապարդյուն, որտեղ բարին՝ չարն այնտեղ, ու հաղթյողը նա է միշտ: Հազար ափսոս արդարին՝ այս անարդար աշխարհում: Աստված վատին ստեղծեց՝ լավերի տեղն իմանանք, ոչ արդար գործ, ոչ էլ խոսք, մի սպասիր դու տմարդից, մարդու լեղին, իմացիր, չի հասնիև ոչ մի թույն: Մահն է արդարը միակ՝ ոչ հարուստ է ճանաչում, ոչ զազրելի պաշտոնյա, ոչ էլ անգետ ու գիտուն. անխտրական տանում է հեռու անհայտ մի աշխարհ:

Կյանքը սիրուն խաբկանք է, գալիք օրվան հույս չկա՝ թռչունն մրջյուն է ուտում, վաղը մրջյունը՝ թռչուն:

Կյանքը երկար է թվում, սակայն կարճ է հիրավի, դանդաղասահ ցատկ է մի՝ ծնված օրից մինչև մահ...



ՍԱՆԴՈՒՂՔՆ Ի ՎԵՐ… / Вверх по лестнице

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։ Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են տվայտալի, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա փուչ

Հրապուրված սին ու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ չհասկացա մի անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն:

Այդպես էլ կար, Տերը վկա, այդպես էլ կար` դժվար օրիս մեկը չկար:

Ինչ կորցրել՝ չեմ որոնում, միևնույն է, էլ չեմ գտնի:Կյանք ասածը դա է,որ կա՝ մեկը ողբում կորուստը իր, մյուսն` հրճվում իր գտածով:

Անցածն անցավ, անդարձ անցավ, ինչ որ պիտի վաղը լինի՝ թող որ լինի, ո՞վ կասի, թե վաղվա օրն ինչ կլինի, ունեցածով մխիթարվենք ու չընկճվենք որպես մի զոհ. չունևորի մորմոքումով՝ ունևորը հրճվում է գոհ։

Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի վհատվիր, սևից հետո ճերմակ կգա։ Ամենացուրտ ձմռանն անգամ գարնան օրն է դիմավորում, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի...

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր…



ՈՒՇ Է... / Поздно

Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու շեր, շենշող հուշե՜ր, հին հուշերի մշուշներում նվաղ հնչյուն՝ ու՜շ է, ու՜շ է...

Կարծես երկար կյանք էր տրված՝ վայելելու իմ դիցանույշ գեղեցկուհու սերը վսեմ՝ բայց կյանքն ասես մի ակնթարթ՝ թռավ-անցավ, չհասկացա՝ ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս անցավ...

Հուշե՜ր, հուշե՜ր, ու հուշերի մշուշներում լուսաշղարշ մի լույս պատկեր կանչում է ինձ սև աչքերի մեղմ դյութանքով, որպեսզի ես նորից հառնեմ մոռացումից, գգվեմ նրան ինքնամոռաց, բույրը առնեմ ես կաթնահունց պարանոցի, հրափափուկ շուրթիկների համը զգամ ու վերստին տաք շշունջը լսեմ նրա՝ հավերժական սիրո մասին...

Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու տիվ հուշեր անթիվ, անծայր հուշեր, նվաղուն ձայն երկնի ծերից՝ արդեն ու՜շ է, ու՜շ է...



ԿՌՈՒՆԿՆԵՐ / Журавли

Կռունկներ իմ, կռունկնե՛ր, անկյունաշար չվերթով ու՞ր եք այդպես թևածում անծայրածիր երկնքով...

Կուռլու-կուռլու... թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ՝ ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ախ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում:

Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց բույրն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում...

Կուռլու-կուռլու, կռունկներ, սիրուն հավքեր երկնային, իմ տարաբախտ սիրտն առած՝ հեռանում է ձայնը ձեր, իմ կարոտը գեթ տարեք, թե որ ձեր չուն՝ մեղմ տաղով, անց կենա մեր Արցախով…



ՆԶՈՎՔ / Проклятие

Աստված ստեղծեց երկինք ու երկիր, անծայրածիր էր երկիրն, ամայի, և սև խավարն էր պատած ամենուր, և Աստծու ոգին լուռ թափառում էր ջրերի վրա:

Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ, և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը խավարից, լույսը ցերեկն էր, խավարը՝ գիշեր: Եղավ երեկո, եղավ առավոտ, օրն էր առաջին:

Աստված ջրերը հավաքեց մի տեղ ու ծով կոչեց այն, ցամաքը՝ երկիր, հետո նա ծառ ու ծաղկունք արարեց, արև ու լուսին, հորդուն անձրևներ, գետեր վարարուն, հավքեր բազմաբյուր՝ մեղրածոր երգով, ձուկ ու կենդանի արարեց հետո, որ չէին եղել, աշխարհը համակ լցվեց հմայքով, խոտի շրշյունով, աղբյուրների մեղմ, քնքուշ կարկաչով, և այդ ամենը հաճո էր ունկին ու աչքին Տիրոջ, նա ասաց՝ լավ է:

Եվ Աստված հետո, վեցերորդ օրը, մի բուռ հող առավ, արարեց մարդուն այդ մի բուռ հողից ու կնոջը նրա՝ իր իսկ ամուսնու սեփական կողից:

Եվ հետո, հետո...տեսավ տիրադավ բնույթը մարդու՝ ընչաքաղց անդուլ, գծուծ ու դաժան, նենգ ու դրուժան, ագահությունը տեսավ նա նրա, որ հագուրդ չունի, և նրա նախանձն ու տարփանքը զազիր, շուրջը պղծելու, իր մերձավորին կառափնատելու բնազդը ատեց ու շատ ափսոսաց, որ ստեղծեց մարդուն երկրի վրա ու հավիտյանս նզովեց նրան ...



Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ… / Кто мог подумать

Ո՞վ կմտածեր,որ կգա մի օր`անկամորդ, շվայտ վերնախավերի անողոք կամոք կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ, ու մենք կհայտնվենք կյանքի հատակին:

Որ կգա մի օր` երեկվա թերուս գողն ու խաբեբան կդառնան հարգի, ամենուր նրանց ծունր կդնեն, լրբերը` սրբեր , կդառնան մի օր, իսկ ազնիվ մարդը կարժեքազրկվի... Ով, տեր իմ Աստված, որտեղի՞ց եկել, այս ու՞ր ենք հասել. գողը փողկապով պատգամավոր է, նա և օրենսդիր, և դատավոր է. փողը իրենցը, երկիրն իրենցը, կամքը իրենցը, կուզեն կայպանեն, կուզեն կսպանեն…

Ու՞մ մտքով կանցներ, որ մարդը այսպես կարժեքազրկվեր, որ նա ամեն ինչ թողած թուրքերին, իր մարող հույսը` անտես Աստծուն, փախստականի անդուր պիտակով մունջ կդեգերի քաղաքից-քաղաք` հլու-հնազանդ օրավուր աճող արհավիրքներին:

Ո՞վ կմտածեր, որ սև աչքերով իմ նուրբ գեղուհուն բախտը կնետի մի ուրիշ երկիր, ու ես այլևս չեմ տեսնի նրան: Որ ես ամեն օր կհիշեմ նրան ու կերազեմ, նա այցի կգա ինձ երազներում` առաջվա նման գեղեցկատեսիլ ու միշտ ցանկալի` առաջվա նման, հետո կարթնանամ, հոգին իմ կայրվի կարոտից նրա:

Ո՞վ կհավատար, որ կգա մի օր, ու ես` հուսաբեկ, անպաշտպան, անտուն, ինչպես չոր տերև` քամու բերանին, տեղ չեմ ունենա այս մեծ աշխարհում: Ու տաժանելի մտքերից խոցված, կարող եմ ընկնել տամուկ փողոցում և մարդկանց հոսքից մեկը չի լինի` թեքվի ինձ վրա, որ գոնե նրան, հանգչող շշունջով մրմնջամ նրան, որ խռով եմ ես այս դժխեմ կյանքից. ողջ աշխարհն իմ մեջ ես տեղավորում ` ես այս աշխարհում չեմ տեղավորվում:

Ո՞վ կմտածեր, որ կգա մի օր` կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ... Ու՞մ մտքով կանցներ… Ո՞վ կհավատար...



ԵՐԱՆԻ ԹԵ / Лишь бы

Ղարաբաղն իմ սիրտն է հեռավոր, եզերքն իմ` այլևս անհաս, և հոգին իմ` վհատ ու նկուն, երբ իջնում է գիշերը լուսնկա, թափառում է քնած հանդերում ու մանկութ կածաններով նրա։

Դեղձան արտերն այնտեղ ծփուն օրորվում, ալիքվում են քամուց, շրջան կազմած` ծտերի երամն է անցնում հին կալերի վրայով, ծիրանագույն արևի մեջ տատրակն օդում կախվում, քարանում է անշարժ, լորի գեղգեղանքն է ծորում ծաղկանախշ դաշտերում։

Երկինքն` աստղազարդ, մուգ կապույտ է այնտեղ, սարերը վսեմ` աստղերը շաղ եկած սարերի վրա, ջրերը կարկաչում են երգեցիկ, անտառները խշշում օրնիբուն, և դյութիչ բույրերից տամուկ սիրտն իմ ճաքում է ըղձանքից։

Ախ, հայրենիք իմ հեռու, մայրական գերեզման անտեր, երանի ես էլ հանգեի այնտեղ և ավերված երազներից իմ սին` ծաղկեին հրագույն կակաչներ `սրտները, ավաղ, սևասև։

Ղարաբաղն իմ հոգին է հեռավոր` ինձ համար անհաս այլևս…



ԻՐԻԿՆԱՅԻՆՆՎԱԳ / Вечная мелодия

Երկինք լուսաջինջ, ծովը կապուտակ՝ տաք արևի տակ, ու սերը մեր ջինջ...Ախ, ինչ բարեբախտ, երջանիկ էինք այն երանելի հեռու եդեմում: Չարի կամոք էր, սև դևի կամոք ՝ թողած տուն ու տեղ, լքյալ, վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ՝ բախտը մեզ աշնան տերևի նման նետեց այլ ափեր, ու մենք մնացինք իրարից հեռու ու իրար համար լուռ տվայտելիս:

Մենք բաժանվելիս՝ սիրտն իմ ասում էր, որ կհանդիպենք: Մենք կհանդիպենք՝ ասացի նրան, ինքս իմ խոսքին չհավատալով: Նա հոգնած ժպտաց: Սևշող աչքերում շողը արցունքի՝ նայեց վշտալից ու մտամոլոր: Սա չի կրկնվի՝ ասաց հուսաբեկ, ես զգում եմ դա՝ մենք չենք հանդիպի, էլ չենք հանդիպի մենք ոչ մի անգամ...

Իմ Կիթերուհի, գեղաչյա չքնաղ դու իմ Սուլամիթ, քեզանով լցված, խաչված քեզանով, այսքան տարիներ չտեսած անգամ՝ ինչու՞ եմ դեռ քեզ տենչում կաթոգին, աչքերիդ հուրը ինչու՞ է այսպես այրում իմ հոգին:

Իմ հուշերի մեջ, առաջվա նման, դու միշտ ցանկալի ու հուզագրգիռ, շուրթերով բոսոր ու հուզաթրթիռ, անվերջ սրտիս մեջ, անդուլ ինձ հետ ես, գիշեր ու ցերեկ քեզ եմ երազում՝ լինի արթմնի կամ թե երազում:

Ախ, իմ պաշտելի, դու ինձնից հեռու, հեռու-հեռավոր, ես՝ կարոտ հոգով ու մշտամոլոր, սիրտն իմ նվաղուն անունդ է տալիս, կարոտած հոգիս՝ տխրալիր լալիս: Դու գեղահրաշ, դու իմ աննման, քեզնով ի վերուստ խաչված ինքնակամ, ապրում եմ տրտում այս հեռու ցրտում, ու, եթե բան է, Աստված չարասցե ,մենք չհանդիպենք և ոչ մի անգամ, իմացած եղիր, ողջ կյանքում քեզ եմ սիրել ես միայն՝ հնազանդ, անկամ, ու քո անունն է լինելու շուրթիս իմ վերջին շնչում, քանզի քեզանով, լոկ քեզանով եմ ապրում ու շնչում այս անագորույն դժնի աշխարհում...



ԻՆՉ ԿԼԻՆԵՐ… / Что было бы

Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, ինչո՞ւ այսպես ես անընդհատ հիշում եմ քեզ, և իմ հոգին կսկծագին, երբ իջնում է գիշերը խոր` լիալուսնի լույսով զօծված, դեգերում է եդեմական մեր սարերում, ձորերում մեր խորնդասույզ ու ցիրուցան մեր հանդերում ծաղկածփուն:

Ինչո՞ւ այսպես ես վերստին հիշում եմ քեզ, իմ դեմ՝ կապույտ երկինքը մեր, գետը` խելառ, որ խայտալով գլորվում է քարերն ի վար, անտառները ամպածրար` խնկարկում են բուրմունքները իրենց տամուկ, մեղմիվ հովը օրորում է խոտ ու ծաղիկ, զմրուխտ արտից լորն է կանչում տրտմալիր, ու կարոտից, ա՜խ, կարոտից սիրտն իմ ներսում ճաք է տալիս:

Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, մայրական սուրբ շիրիմ անտեր, ի՜նչ կլիներ, որդեկորույս ու հուսաբեկ՝ կռունկների երամի հետ դառնայի ետ, մորս կողքին մարեի մունջ և իմ ավեր երազներից ալ կակաչներ վեր հառնեին, հուրհրային` սրտները սև իմ սրտի պես...



ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ ԴԵՌ / Пока не поздно

Պաշտիր դու մորդ, քանի նա դեռ կա, քանի ուշ չէ դեռ…

Սիրիր դու նրան, քանզի ոչ մի տեղ արար աշխարհում մորդ նմանը դու չես գտնելու։ Դու չես գտնելու որևէ մեկին, որ կարոտ սիրտը քո ճանապարհին՝ քեզ անմնացորդ նվիրված լինի, լոկ քեզնով շնչի, լոկ ապրի քեզնով։

Սիրիր դու մորդ, սիրիր անդուլ դու ու մի թերացիր սրտիդ ջերմ խոսքը ասելու նրան։

Կգա ժամանակ՝ անողորմ ու ժանտ, ու դու կափսոսաս, ա՛խ, շատ կափսոսաս, որ չես հասկացել յուր ժամանակին ասելու նրան, թե նա ինչքան թա՛նկ, հարազատ էր քեզ ու երբ նա չկա՝ որբ ես դու արդեն։ Դու կհասկանաս, ամեն ինչ հետո դու կհասկանաս, բայց ուշ կլինի, շատ ուշ կլինի։

…Օրերից մի օր տուն կվերադարնաս անայգ ու անմիտ քո հեռուներից և խոտակալած հին բակում կանգնած՝ անկար ու տրտում, կկանչես նրան՝ քար լռությունը կարձագանքի քեզ…



ԱՅՑԵԼՈՒՆ /Посетитель

Մհեր Մկրտչյանին

Մարդը հոգնած էր, թշվառ ու տրտում, բայց, երևում էր, հույս կար դեռ սրտում:

Նա հավատում էր, որ ծեր բժիշկը կձերբազատի տանջող մտքերից:

- Կյանքում լինում են այնպիսի պահեր,- ասաց այցելուն,- երբ աչքերիդ մեջ արցունքներ չկան, այնինչ սիրտդ մի ծով է արցունքի… Ցավը կեղեքում, խեղում է հոգիդ,- շարունակեց նա:- Երբեմն կարծես ժպտալ չես կարող կամ թե ծիծաղել, բայց դե ժպտում ես, նույնիսկ ծիծաղում, ծիծաղը պետք է, քանզի ծիծաղով թվում է հեշտ է տանել խոր ցավը… Ցավը քարին են տվել, որ տանի, քարը չի տարել` մարդը տանում է: Անողոք ցավը, որ գիշեր ու զօր հանգիստ չի տալիս:

Նա դադար տվեց մի կիսավայրկյան:

-Տասը տարի է` կինս ընկել է հոգեբուժարան,-հոգնատանջ ձայնով վերստին խոսեց:- Իմ որդին ևս, տանը պարփակված, հոգեկան ծանր խախտումներ ունի... Նախանցյալ տարի Արգենտինայում դուստր կորցրի ավտովթարից...

Նա երկար լռեց, խոնջացած տեսքով նայեց բժշկին.

- Ես ոչ ոք չունեմ այլևս կյանքում... Մինչև լույս քնել ինձ չի հաջողվում, տանջվում եմ ծանր մղձավանջներից... Օգնե'ք ինձ, բժի'շկ, իմ այս ցավերին դիմակայելու:

Բժիշկը լռին նայում էր նրան:

-Այստեղ կրկեսում խեղկատակ կա մի,- ասաց բժիշկը:- Հավանական է, ամենաանհոգ խենթը աշխարհի, ամեն մի խոսքից, կատակից նրա` պոռթկուն ծիծաղ է, իմ հիվանդներին երաշխավորում եմ հաճախել նրա ներկայացումներին. ծիծաղը բուժիչ հատկություն ունի, և, գիտեք, այո, շատերը արդեն ապաքինվել են... Դուք էլ այցելեք այդ ծաղրածուին, խորհուրդ եմ տալիս, կօգնի անպայման:

Մարդը հոգնած էր, թշվառ ու տրտում ու, երևում էր, հույսը մարում էր մորմոքուն հոգում: Նա դանդաղ ելավ, դառը հոգոցով հրաժեշտ տվեց ծերուկ բժշկին, առանց ասելու` ինքն է կրկեսի անհոգ ծաղրածուն:



ԵՐԲ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ / Когда любишь

Եթե սիրում ես՝ արար աշխարհում քո սիրած աղջկա նմանը չկա, հրաշալիք է նա մի չնաշխարհիկ, նուրբ ու կառուցիկ, տեսքով հմայուն, դյութիչ աչքերում՝ ծեքծեքուն ծիծաղ...

Եթե սիրում ես՝ ժամադրության վայրն է նա գալիս ժամանակից շուտ, իսկ դու շատ վաղուց կանգնած ես այնտեղ: Եվ կարևոր չէ՝ երբ եք հանդիպել դուք վերջին անգամ, այլ՝ ինչ քնքշալից խոսքեր ես ասել դու քո վարդաշուրթ չքնաղ էակին:

Եթե սիրում ես՝ երկինքը՝ ամպոտ, թվում է անամպ, օրը արևառ, ջինջ ու լուսափայլ: Եվ կռունկների ճերմակ երամն է թևածում այնտեղ կապտաթույր հեռվում:

Եթե սիրում ես՝ գիշեր թե ցերեկ, քուն թե արթմնի, աղոթիր Աստծուն դու նրա համար… Եթե սիրում ես՝ դու չես թողնի, որ նրա աչքերում արցունք երևա...Եթե սիրում ես... երբ որ սիրում ես դու խորունկ սիրով ու քեզ սիրում են փոխդարձ սիրով, թվում է, իրավ, քոնն է աշխարհը, արև ու լուսին՝ քնած աստղավառ սարերի ուսին, խոխոջն աղբյուրի՝ մեղրածոր կարկաչ, կախկղան լորի, շրշյունը հովի, բուրմունքը ծաղկանց, ինքդ՝ սրտացավ, ողորմած, բարի՝ երկնքից իջած սիրո առաքյալ:

Երբ որ սիրում ես...երբ քեզ սիրում են...



ԵՐԿՆՔԻՆ ՆԱՅԻՐ / Посмотри на небо

Ինչպես որ հավքը՝ մարդը ծնվում է այս մեծ աշխարհում ազատ, երջանիկ ապրելու համար:

Իմ հեռու մանկութ օրերում ես էլ՝ հավք էի անհոգ երազանքներով, բայց ո՞վ է հասել երջանկությանն իր, որ ես հասնեի: Դավն ու ցավերը եղան ինձ ընկեր և մինչև հիմա ուղեկցում են ինձ՝ տանելով դեպի վերջին հանգրվան:

Ժպիտը դեմքի ոչինչ չի ասում, դուք մարդու ներսը նայեցեք մի պահ. կակաչը նույնպես հուրհրատում է տեսքով հրագույն, բայց սիրտը սև է իմ սրտի հանգույն...

Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը լոկ կհասկանա, թե ինչ երկար է տևում գիշերը, ինչպես որ փայլուն, լավ օրվա գինը չի հասկանա նա, ով որ չգիտի տառապանքն ինչ է: Կամ էլ կուշտ մարդուն հազիվ թե հասնի, թե կողքի մուտքում դրկից է մեռել սովածությունից: Քո ոտքի ցավը քո սիրտն է զգում, իսկ հոգուդ ցավը ոք չի զգում: Երբ մարդուն կյանքում հասկացող չկա՝ մորմոքուն վիշտն իր ու՞մ պիտի պատմի՝ մամռոտ քարերին, երկնքին մերված ներհուն ծառերին, երգող հավքերին, ջրերին լացկան...

Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, ձեռքերդ դատարկ եկար այս աշխարհ, ձեռքերդ դատարկ կգնաս աշխարհից, այդ ո՞վ է, ասա, բան տարել իր հետ, որ դու էլ տանես, կոշիկդ թե որ ոսկուց էլ լինի, մեկ է՝ ոտքի տակ պիտի որ մաշվի, մարդ եղիր մի քիչ, տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը սփռելով հոտն իր բուրավետ: ...

Սիրտս կսկծաց. կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը: Կյանք է, դիմացիր, ասում եմ ես ինձ, թե բախտը քեզնից երես է թեքել, էլ մի ընկրկիր, դառը մտքերը ծանր է տանել: Ոչ թե ոտքի տակ, երկնքի՜ն նայիր՝ լուսաշող մտքեր կունենաս հարկավ:



ՕՐՀՆԵՐԳ / Молитва

Քեզ հանդիպեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ...Ի՞նչ անեմ, ասա, ո՞րն է մեղքը իմ, որ քեզնից ես վաղ, շատ վաղ ծնվեցի... Ո՞րն է մեղքը իմ, որ պատահեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ:

Ողորմիր, Տեր իմ, ողորմիր դու ինձ, պարզիր գաղտնիքդ ազնվաշուք, վսեմ. ի՜նչ ուժ կար քո մեջ՝ ձեռքդ չդողաց, երբ արարվում էր հրաշքն այդ լուսե՝ այդքան անթերի, այդքան կատարյալ ու սքանչելի:

Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկուն գարունքով: Եվ մի՞թե մեղք է սիրելը, իրավ, այսքան տարաժամ, բայց ո՞վ է, ասա, որ չի խենթանա քո հուր նայվածքից, տեսքից դեռատի, շուրթերից բոսոր ու սիրատոչոր կամ չի թրթռա հեգ սիրտը նրա՝ քո սև աչքերի լուսաշող փայլից:

Դժվար է կրել ցավը սեփական, խոր սիրո ցավին բալասան չկա, երբ մարդու սրտում մարում է սերը, ապրելը արդեն դառնում է իզուր, և տվայտանքը սիրող սրտերի՝ երբ դու սիրում ես խելահեղ սիրով, նա երջանիկ է մեկ ուրիշի հետ... Տրվել չեմ ուզում մտքերի նանիր, ուզում եմ, անշուշտ, սիրես դու մեկին՝ քեզ արժանավորին, լինես նրանից կյանքում անմեկին, որ թևավորվեմ քո երջանկությամբ ու քեզնով զգամ ես ինձ բախտավոր...



ԵՂԵՐԳ / Скорбная

Ես աղերսում էի Աստծուն` Տեր իմ, պահապան եղիր իմ զավակներին, և թախանձում ու պաղատանքն էի հղում իմ նրան:

Խնայիր, Տեր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար արև են նրանք մեր գլխավերև, և առանց նրանց լուսերես տեսքի ու մեղուշ ձայնի փուչ է մեզ համար աշխարհը արար։

Երկինքը մթնում. գիշեր էր գալիս. աչքերս բաց էին մինչև լուսաբաց, արցունքի շողն էր լճանում այնտեղ, և վաղնջական օրերը նորեն ետ էին գալիս, ու գեղեցկատեսք իմ որդիները ` միշտ գորովագութ, անապակ հոգով, ուրիշի ցավին հավետ համակիր, մեր կողքին էին, և արեգակը ժպտում էր վերից երջանիկ կյանքի գունեղ ժպիտով:

Եվ այդ տեսիլից թալկացած հոգով, վհատ ու նկուն՝ ձեռքերս պարզած աղաչում էի հեռու Աստըծուն` ողորմիր, Տեր իմ, մի լքիր նրանց ու մի կործանիր, քանզի կորած ենք առանց իրարու:

…Սակայն չանսաց նա պաղատանքին իմ, եղավ անողորմ, քարսիրտ ու դժնի, և ես հասկացա` սուտ է ամեն բան ու մարեց իմ մեջ հավատն առ Աստված:



ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ / Я люблю тебя

Ես քեզ սիրում եմ… չէ, սիրելն այն չէ՝ ես քեզ պաշտում եմ, պաշտելն էլ այն չէ՝ քեզնով եմ ապրում, շնչում քո շնչով՝ անարատ ու ջերմ, դու իմ արևն ես, լույսը աչքերիս, տրոփը սրտիս, քանզի ամեն թարթ միտքս ծրում է քո պատկերը թանկ:

Տեսքդ սիրունիկ, աչքերդ ծավի, քո կույս պատկերն ու շուրթերդ կրակ՝ այրում են հոգիս: Դու՝ անկրկնելի ու աննմանական, իմ կ յանք, իմ երազ, իմ սքանչելիս, դու իմ առաջին ու վերջին իմ սեր, դու իմ սուրբ սրբոց, մաքուր ու վսեմ, թույլ տուր մտովի գորովեմ ես քեզ, աղվորիկ դեմքդ շուրթերիս քսեմ, երկնքից իջած դու իմ փերին ես, քո ստվերը անգամ գեղատեսիլ է: Ես սիրում եմ քեզ:

Սերը ծնվում է անսպասելի... ու ես հասկացա՝ սերը հզոր է, առանց մեծ սիրո արև չի ծագի, վարդի կոկոնը չի բացվի բնավ, հավքը չի երգի, ծիլը չի ծակի հաստ շերտը հողի... Իմ սերը նույնպես ծնվեց ճիշտ այդպես, կյանքս լցնելով դյութիչ հմայքով: Ես սիրում եմ քեզ:

Ու զարմանում եմ, ինչպե՞ս եմ ապրել մինչ այդ առանց քեզ, առանց մատներիդ թովիչ շոյանքի, մեղրածոր ձայնիդ, ծիծաղիդ կարկաչ, առանց շուրթերիդ ջերմին հպումի ինչպե՞ս եմ ապրել. ես դա հասկանալ չեմ կարողանում:

...Ես չեմ տրտնջում ու չեմ արտասվում, որ ինձ հետ չես դու, այլ օրհնում եմ քեզ, որ դու եղել ես, իմն ես եղել դու:



ՊԱՏՐԱՆՔ / Видение

Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ...

Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն... Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով...

Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ... Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն...

Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած... Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից- սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան... Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր...

...Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ...



ԿԱՐՈՒՍԵԼ / Карусель

Կյանքը փոխվել, շուռ է եկել, արդարին էլ լսող չկա՝ անարդարի ձայնը քանզի բարձր է հնչում, քան արդարի:

Փողի դար է, գողի դար է, բանսարկուի, ստահակի դար է հիմա: Ֆիանիտը ադամանդի, լիրբը՝ սրբի տեղ է անցնում:

Ով, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, քար սրտերում խիղճ դնեիր, խիղճը խեղճի ինչի՞ն է պետք:

Ամենախեղճն այս աշխարհում էշն է մենակ, այդ անլեզու իմաստունը, քաշից ծանր բեռնավորում՝ տանում է լուռ, գլխին խփում, ծեծում են ժանտ, ձեն չի հանում, տեղովը մեկ բարություն է, անունը՝ էշ: Ութից ավել քուռակ ուներ՝ մինչև հիմա փալանի տակ:

Մարդ ծնվում է՝ բախտը իր հետ, թե որ աստված բախտ չի տվել՝ զուր է գթալ... Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան, ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ: Ու իմացիր՝ լավ կնոջից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա. բախտն է դա քո: Ծանր խաչը մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց ի վեր՝ անհասկացող մարդու ձեռին հասկացողը տանջվել է միշտ:

Էհ, ի՞նչ ասեմ, տերը մեռնի բանսարկուի, քանի՜ տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ՝ իր նենգարկու զազիր լեզվով... Անցողիկ է այս աշխարհում ամեն մի բան, գուցե մի օր էդ էլ կանցնի, հազար անգամ երանի տանք հոգով շռայլ անհատներին, որ փարոսի նման հեռվից լույս են հղում անծիր ծովում մոլորվածին:

Լույսը բարի, խաչակնքենք,՝ չար սրտերը քիչ մեղմանան, սիրտը քար չէ, ամեն դավի որ դիմանա:



ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ / Дай мне крылья

Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիդ...

Ապրեցի ես անհյուրընկալ հեռուներում, վիշտ ու հոգսին ընկերակից, քանի անգամ խաբվեցի ես, բայց մնացի դյուրահավատ ու միամիտ: Ծառ տնկեցի ես քանի հատ` բարը համեղ ուրիշները վայելեցին, զարմ ունեցա գորովագութ` աստված խլեց, տարավ իր հետ` թողնելով ինձ որբ ու վհատ` խոորովվելիս ինքս իմ մեջ, տուն շինեցի ես քանի տեղ` վերջում դարձյալ անօթևան:

Աշխարհներում եղա ես շատ ու շատ բաներ տեսա կյանքում, և հասկացա, որ քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե` նայած զազիր չարակամի զազիր լեզուն այս ու այնտեղ ինչեր կասի անձիդ մասին: Հավատացեք, ճերմակաթույր ձյունը նույնպես աղտոտվում է կեղտոտ ոտքից: Հարևանդ թե որ լավն է` արև է մի շողշողենի, վատը եղավ` քոչիր գնա, օր ու արև չես ունենա աչքից նրա, բայց ու՞ր գնաս և ու՞ր կորչես լավդ չուզող արյունակից բարեկամից, ու՞ր կարող ես փախչել, ասա, դու քեզանից…

Տեր իմ Աստված, կորով տուր ինձ, որ նենգ մարդկանց մոռանալ ես կարողանամ: Թևեր տուր ինձ անաղուհաց հեռուներից դառնամ ես տուն: Որտեղ ծնվել, մեծացել եմ, այնտեղ պիտի անցնի կյանքս, որպեսզի իմ հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիս...



ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ / Чтобы не было

Ինչ էլ լինի՝ մի ասա, թե ես եմ, որ կամ, բախտն է տերդ և ոչ թե դու, ժամանակը նաև անկանգ, որ հոսում է հորդ գետի պես՝ տանելով քեզ՝ ափ նետելու մի անհայտ տեղ:

Մի ասա, թե ես եմ, որ կամ, ժամանակն է տերդ, իմաց, ու բախտը նեռ, կգա մի օր՝ կթառամես, ճոխ մազերդ կճերմակեն ու կթափվեն, կպակասի լույսը աչքիդ, հին օրերի քո գեղանի գեղեցկուհու կերպարանքը կմշուշվի, կգա մի օր՝ դու՝ մեջքից կոր, դեմքդ պատած խորշոմներով, քայլդ՝ գայթուն, թույլ ու անդեմ՝ մարդու հանդեպ, թեկուզ օտար՝ լցված սիրով, նրա ցավին միշտ համակիր, կմտորես մորմոքվելով, թե մարդկային կյանքը ինչու՞ կարճ է այսպես. մարդու կյանքը թատերաբեմ, նա՝ դերասան, դեռ բեմ չելած՝ վարագույրը իջնում է ցած:

Մի ասա, թե ես եմ, որ կամ, այս աշխարհում մահը որ կա՝ մնացյալը հույսեր են սին, փուչ ու նանիր, ահը մահի սրտից վանիր, ապրիր օրվա ուրախությամբ. վախենում ես կամ թե որ չէ՝ միևնույն է, նա պիտի գա:

Ինչ էլ լինի՝ մի հոխորտա՝ ես եմ որ կամ, մեկ էլ տեսար՝ դևը եկավ անագորույն, ծանր չոքեց տանդ դռան, ասավ՝ ես եմ, ես եմ որ կամ, տես, եկել եմ քո ետևից:

Մի ասա, թե ես եմ, որ կամ...



ՍԵՐԸ ՀՐԱՇՔԷ / Любовь - это чудо

Այս աշխարհում ամեն ինչ էլ անցողիկ է, ու տևական ոչինչ չկա: Ինչ որ կյանքում սկիզբ ունի, ունի և վերջ: Սիրո հուշն է լոկ տևական, որ հեռավոր մշուշների շղարշներից հանկարծ հառնում, թև է առնում, որ դու տարվես ցնորքներով անրջական ու կարենաս երջանկավետ այն պահերի անուշ հուշի ցավը մեղմել: Արագընթաց քաղցր հուշի, որ առհավետ եկավ անցավ ու այլևս չի կրկնվի:

Ահավասիկ, սիրո հուշն է լոկ տևական, սիրո հուշը և կորցնելու վախից ծնված խանդը ուժգին, որ մեր ներսում ալեկոծում, ծառս էր լինում, ընդվզելով սիրացնոր մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ, արյան ամեն բջիջի մեջ: Ասում եմ ձեզ` մեռնելն այնքան ահավոր չէ, ինչքան որ այն, որ այլևս չես տեսնելու զմայլելի տեսքը սիրած քո էակի:

Սիրո համար ազգություն ու կրոն չկա: Սերը վարդ է, իսկ խանդը` փուշ: Առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի` սեր չի լինում: Սերը վեր է ամեն ինչից, քանզի նրա կենդանարար սուրբ լույսով է օծված շուրջը ամեն մի բան: Մի թերացիր, սրտիդ ջերմին խոսքը ասա քո լուսերես գեղեցկուհուն, ով իր կյանքը չի խնայի զուտ քեզ համար: Մի անգամ է կյանքն այդ տրվում ու անցնում է հանց ակնթարթ: Դու պահպանիր սերը նըրա ոնց աչքի լույս և իմացիր, որ փոխադարձ սիրուց վսեմ ոչինչ չկա, այն կորցնելուց հետո, իրավ, անիմաստ է թվում արդեն ապրելն անգամ...

Սերը` հրաշք, ու անմեռ է, այն հեռավոր մշուշներից հանկարծ հառնում, ճառագում է հանց ծաղկած ծառ` վաղ գարունքին...



ՀԻՆ ՀԵՔԻԱԹ / Старая сказка

Հին հեքիաթ է սա: Գուցե եղել է: Գուցե չի եղել: Դա չէ կարևոր:

Երեք եղբորով երջանկություն էին որոնում մի օր: Եվ պատահեցին երջանկությանը` խորունկ հորի մեջ:

Մեծը` բոլորից, մոտեցավ հորին ու փող խնդրեց: Երջանկությունը փող տվեց նրան, և նա հեռացավ ուրախ, ցնծալից:

Երջանկությունից երկրորդ եղբայրը սիրուն կին ուզեց, որի նմանը չկա ոչ մի տեղ: Երջանկությունը հոժար կատարեց խնդրանքը նրա, և նա հեռացավ սիրուց խենթացած:

Երրորդ եղբայրը մոտեցավ հորին:

-Իսկ քեզ, ասա ինձ, ի՞նչ է հարկավոր,- հարցրեցին հորից:

Եղբայրը երրորդ` մտահոգ նայեց, ասաց կարեկից.

- Դու եղբայրներիս ուզածն արեցիր, նրանք գնացին գոհ ու երջանիկ: Իսկ քե՞զ ինչ է պետք: Գուցե կարենամ մի բանով օգնել:

-Դուրս բեր ինձ հորից:

Երրորդ եղբայրը պարզեց իր ձեռքը, դուրս բերեց հորից, քայլեց դեպի տուն: Երջանկությունը` նրա հետևից...



ԻՆՉՈՒ՞, ԱԽ, ԻՆՉՈՒ՞... / Почему, почему

Ես նրան տեսա փողոցն անցնելիս:

Գարնան տաք օր էր ու շենշող արև:

Կողք-կողքի կանգնած՝ մինչև որ կանաչ լույսը կվառվեր, շեղահար նայեց, ժպտաց հոգեթով: Այդպես նայում են արբունքի հասած գեղեցկատեսիլ աղջիկները լոկ: Նրա հայացքից ես այրող հարված զգացի իմ մեջ ու թվաց մի պահ՝ կանգ առավ շունչս: Իր սև աչքերով ու աղեղնաձև բարակ հոնքերով, ուսերին մանրալիք իջնող մազերով, շքեղ կորությամբ գծված շուրթերով, տեսքով գեղանի՝ նա թովել էր ինձ: Դու հայուհի՞ ես՝ չգիտեմ ինչու հարցրեցի կարկամ: Նա գլխով արեց ու դարձյալ նայեց նազուն նայվածքով, ու ես հմայված մնացի կանգնած:

Անցավ փողոցը, ժպտուն նայեց ետ, ձեռքով հրաժեշտ տվեց այնտեղից ու խառնվեց մարդկանց անդադար հոսքին:

Ու այդ օրվանից պատկերը նրա աչքիս առջև էր, լուսաստղի նման լույս էր տալիս նա իմ ճանապարհին:

Ինչու՞, ախ, ինչու՞ ես չհարցրի անունը նրա կամ հեռախոսի համարը գոնե, կամ վայրը ուսման, գուցե բախտն էր իմ՝ Աստծո ընծա, որ ամբողջ կյանքում երջանկությունից իմ հոգին ցնծար...

Որտե՞ղ է տեսնես իմ հեռու կյանքի չքնաղ գեղուհին, երջանի՞կ է նա, հաջողվե՞ց փրկվել Բաքվի հայատյաց դժխեմ գեհենից, թե՞ հարեմ տարվեց որևէ երկիր կամ թե զոհ գնաց թուրք գազանների վայրի ոհմակին....



ՈՉ ԵՐԲԵՔ ԻՆՁ ՀԵՏ / Только не со мной

Թե կյանքում ինչ-որ լավ բան է եղել` ինձ հետ չի եղել, այլ մեկ ուրիշի:

Իմը` միմիայն ջինջ անուրջներում կամ երազի մեջ:

Այդպես եղել է, հանց ջուրն իր ճամփով` այդպես գնում է, ինչ լավ բան լինում` ինձ հետ չի լինում, միայն ուրիշի:

Իմը` տվայտանք, անլուր նեղություն, անդուլ տառապանք:

Ինչու՞ է այդպես` ես չեմ հասկանում: Տերը վերևից այդ է երևի կամեցել գեթ ինձ` որ ինչ որ լավ բան էլ լինի այս կյանքում, ոչ երբեք ինձ հետ, այլ մեկ ուրիշի:

Իմը` հույսը սին, ու ես ողջ կյանքում` լոկ նրա հույսին:



ԽՐԱՏ ՈՐԴՈՒՍ / Слово сыну

Իմացի՛ր, որդի՛ս, կյանքը շատ է կարճ, ժամանակն անցնում՝ անունն է մնում, պիտի աշխատել լավ անուն թողնել մարդկանց սրտերում,որպեսզի հետո ոչ թե ուրիշի,ինքդ քեզ ասես՝ իզուր չապրեցի ես այս աշխարհում: Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ զուտ ինքներս մեզ: Մեր անցած կյանքից ոչինչ չենք վերցնում հուշերից բացի: Այս էլ իմացիր, ուրիշի հորը չհարգող որդին հազիվ իր հորը բանի տեղ դնի: Այդպես է, որդի՛ս, ծընողի տեղը չիմացող մարդը Տեր-Աստծո տեղը հազիվ իմանա:

Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մ՛ի ակնկալիր: Հանուն իր շահի՝ տունդ կքանդի՝ դեմքիդ ժպտալով: Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած՝ բանսարկում է քեզ իր ընկերոջից: Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում: Բարեկամ չէ նա և ոչ էլ ընկեր, եթե կողքիդ չէ, երբ նեղն ես ընկել: Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք լոկ՝ երբ չկա արդեն:

Աստծուն բարձրում չէ՝ քո մեջ որոնիր, թե որ չգտար՝ զուր ես որոնում: Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ, ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից: Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ ճոխություն՝ այնտեղ դավեր ու նենգամտություն:

Ինչ էլ որ անես՝ օտար ափերում անկոչ հյուր ես դու, հայրենի հողում սարքիր քո տունը: Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդն իր տանը սոսկ կարող է ըզգալ իրեն երջանիկ:

Ապրիր, վայելիր, քանի ջահել ես, գնա ընդառաջ քո վայելքներին: Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը՝ երկու կես արած՝ մորն է քաշելու: Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի: Աչքիդ մի խաբվիր՝ ականջներիդ էլ հավատա մեկ-մեկ:

Եթե սիրում ես, ի՞նչ կարևոր են գույնը աչքերի, տարիքը անգամ, սերն է կարևոր, արարչական այդ վայելքը վսեմ, պահպանի՛ր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի շենշող բերկրանքով: Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ՞ որ կյանքը հենց դա ինքնին սեր է: Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն ինքնասիրելուց, դու անքեն եղիր, այն ծնվում է և կորցնելու վախից:

Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ ողջ ու առողջ են, փառք տուր Արարչին՝ նոր օրվա համար, ժպտա արևին, չէ՞ որ արևը ծագել է նաև, որ զվարթ հոգով ժպտաս դու իրեն:



ՄՈՐՄՈՔ / Боль

Սարերն ի վեր դեպի լուսին ոլոր-մոլոր ճանապարհ, սարի ուսին թառած լուսին, բլրալանջին՝ քնած մի գյուղ, շուրջն անտառներ, ձոր ու լեռներ, ծղրիդի երգ միալար:

Աստղասփյուռ կապույտ երկինք, լուսապայծառ վառ աստղեր, աստղի կաթոց երկինքն ի վար. տեսնես արդյոք ու՞մ աստղն էր, որ այս պահին խավարեց : Հովի շնչից՝ խոտի շրշյուն, ծաղկի բուրմունք դյութական, մութ ձորակում գետի խոխոջ, ինչ-որ մի տեղ խուլ կրակոց, կրակոցից ահաբեկված՝ լուսնի սահանք երկինքն ի վեր:

Սարի ուսին՝ կիսալուսին , կիսալուսնի կաթնալույսում աղջկական քաղցրահնչյուն զնգուն ծիծաղ՝ ,,Դե լավ էլի,, ,ու թույլ հառաչ, մունջ տատանում ստվերների , մթության մեջ ծղրիդի երգ անդադար:

...Հին օրերից ծանոթ պատկեր, ծանոթ վայրեր, ձայներ ծանոթ, քուն թե արթուն՝ մտամոլոր այցելում են ինձ ամեն օր:



ԳՈԻՑԵ ՄԻ ՕՐ… / Может в один день

Ախ, մոռացած դու ամեն ինչ` սեր ու երդում ու խոստումներ հազարումի, բաժանվեցիր, թողնելով ինձ վշտերիս հետ մեն ու մենակ։

Դու հեռացար` կրքահարույց շուրթերին քո կամկար ժպիտ, ափսոսանքի նշույլ չկար քո հայացքում, ախ, քեզ համար տվայտանքն իմ ոչինչ չարժեր, ոչինչ չարժեր քեզ կորցնելու մտքից ճչուն ցավն իմ անմար։

Գիտեմ, դու նոր սեր կունենաս ու կարբենաս ուրիշ գրկում, չես էլ հիշի, որ սիրազեղ նույն հրայրքով գերել ես ինձ ժամանակին։

Գուցե մի օր, երբ որ կանցնի դյութանքը քո, դու սոսկումով կհասկանաս` ոչ ոք այնպես չի սիրել քեզ, ինչպես որ ես` նվիրումով խելակորույս։

Ես քո հանդեպ ոչինչ չունեմ, նախատինքի կամ այպանող խոսքեր չկան ամենևին, օրերը մեր` որպես անցած, քաղցրամորմոք անձկալի պահ, ես կհիշեմ` շնորհակալ, որ եղել ես դու իմ կյանքում։



ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ / Матерям нашим

Արար աշխարհ գնա ման եկ, Աստված վկա, մորից վսեմ ոչ ոք չկա:

Սերը անդավ՝ մոր սերն է դա, հավետ անդավ, քանզի ինչ էլ որ անես դու՝ ներելու է, ինչպիսին էլ որ դու լինես՝ սիրելու է: Մորից թանկը ` մայրն է միայն: Մորից սուրբը` մայրը միայն:

Ինն ամիս իր կրծքի տակ, երեք տարի՝ իր ձեռքերին, ամբողջ կյանքում՝ իր սրտի մեջ... Ու թե հանկարծ ոտքդ առնի սուրսայր քարի, անունը տուր՝ ցավը կանցնի, նեղն ես ընկել ՝ քեզ հետ է նա ամեն վայրկյան՝ սրբանվեր իր պարզությամբ, իր վեհաշուք ազնվությամբ, արարչական իր բարությամբ: Աստծուց բարձր ու կյանքից թանկ՝ մայրն է, մայրն է մեր միայն:

Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս՝ գերված օտար քմայքներով, հրայրքներով հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր տան շեմին կանգնած՝ հեղգ ու վհատ, կսպասի քեզ՝ աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին...



ԵՐԲՈՐՀԱՆԴԻՊԵՆՔ… / Когда встретимся

Երբ որ հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…

Երբ մենք հանդիպենք (օ, Տե՜ր իմ Աստված, ինձ պետք չէ ոչինչ՝ միայն քեզ տեսնեմ, միայն թե տեսնեմ տեսքդ գեղանի, դեմքդ՝ լուսեղեն ու հուզաթաթավ), ու երբ որ տեսնեմ աչքերդ ծավի ու սիրտն իմ թալկանա կարոտի ցավից, ու արարչական նրբին կորությամբ գծված շուրթերիդ բոսոր ես մեղմ շշնջամ մարող շշուկով՝ ի՜նչ հաճելի ես դու իմ աչքերին ու հանց բալասան՝ տառապյալ սրտիս…

Ու երբ բերկրանքից, որ մենակ ենք մենք արար աշխարհում, և ոչ ոք, ոչ ոք չի նախանձի մեզ՝ մեղմ գորովելու մեկս մյուսին, ու ինձ՝ շոյելու մանրալիք իջնող մազերդ ոսկյա, այն ժամ կըմբռնենք… որ այլ էր մինչ այդ ու այլ կլինի դրանից հետո։

Երբ երկարատև հույսը կփոխվի լուսաջինջ լույսի, և ծիածանը, անձրևից հետո, կամար կկապի լաջվարդ երկնքում, ու նոր մենք կըզգանք սիրո հրայրքն ու թովչանքը վսեմ՝ մե՜ծ երջանկության, ու հոգիներում մեր, չքնա՜ղ իմ էակ, գարուն կծագի՝ լուսաճաճանչված արեգակնային զվարթ շողերով։

Երբ մենք հանդիպենք։

Եթե՜ հանդիպենք...







    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail