ԶՈՎ ԱՆՏԱՌ ԷՐ, ՀՈՒԼԻՍ
(պատմվածք)


Երկրորդ օրն էր, ինչ Արփինեն լսել էր, որ Նա եկել է։ Եվ հիմա, երբ մեքենայի թույլ հռնդյունը կպավ ականջին, նա դանդաղ, ասես վատ բան պիտի պատահեր, վախվորած բարձրացրեց գլուխը, նայեց ճանապարհի կողմը։ Թեթև փոշի բարձրացնելով, եկավ ու անցավ Արտաշեսի մեքենան... Արտաշեսը նստել էր հպարտ ու ինքնահավան, գլուխը բարձր, աջ ձեռքը ղեկի վրա էր, ձախը պահել էր քամու դեմ... Եկավ ու անցավ Արտաշեսը, ճանապարհի վրա փոշու մի ամպ մնաց միայն... Փոշու ամպն այդ հանդարտորեն հալվեց, մեղմ ու հուշիկ նստեց ճամփեզրի կանաչներին ու ճամփին ու այլևս ոչինչ չմնաց քիչ առաջվա փոշուց, որ նման էր հեռավոր մշուշի... Կար սերը՝ զորեղ ու քնքուշ, քաղցր ու կարոտամաշ, բայց այն կամաց-կամաց անցավ... Հետո սերը կար ու չկար, հետո այլևս չկար։ Ինչո՞ւ անցավ, ինչո՞ւ ոչինչ չմնաց... Եվ ամենամեծ կորուստն այն է երևի, մտածում էր Արփինեն, երբ ինչ- որ բան մեռնում է քո մեջ, մի շատ թանկ ու հարազատ բան, որ ապրում էր քո մեջ ու ապրեցնում քեզ։ Ու երբ Արփինեն հանկարծակի լսեց, որ Արտաշեսը գյուղ է եկել, սիրտն ասես միանգամից կանգ առավ, շնչելը դարձավ դժվար, թվաց ինչ- որ բան կտրվեց ներսում. երեսը սկսեց վառվել։ Նրան թվաց նաև, թե կանայք հիմա կնկատեն դա ու, ով գիտե, ինչեր կմտածեն, հապճեպ կռացավ ու շարունեկեց սածիլումը։ Ուրեմն կար սերը, մոխրի մեջ անթեղված կրակի պես մնացել էր ու հիմա նորից մխում էր...Ափսոս, հազար ափսոս, որ հնարավոր չէ կանգնեցնել ու ետ տալ ժամանակը, որպեսզի ուղղես սխալդ։ Ուրեմն, մնում է համակերպվես բախտիդ հետ ու ապրես վաղեմի գեղեցիկ հուշով, որ, այո, ներսից ջերմացնում է հոգիդ, սիրտդ լցնում բերկրանքով, բայցև միաժամանակ անգթորեն այրում է քեզ ներսից…

-Մա՜մ, տեսա՞ր մեքենան,- վերևից, ճանապարհի կողմից, վազելով եկավ մեծ տղան։- Սպիտա՜կ, ոնց որ կաթ քսած լինի, տեսա՞ր, մամ։

Արփինեն ուշադրություն չդարձրեց որդու ասածին։ Նա նորից մտամփոփ սկսեց կթել կովը, և կաթի շիթերը, հանց արևի շողեր, կաքավում, ոստոստում էին դույլի մեջ, կաթը բարձրանում, փրփրում էր, փրփուրները պայթում էին։

Արփինեն և կթում, և անընդհատ մտածում էր Արտաշեսի մասին, որ, ահա, տաս տարուց ավել գյուղ չէր եկել, իսկ հիմա ամեն տարի պիտի գա, ասում են, եկել է պապենական տունը նորոգելու և այսուհետ ամեն տարի ամառները ընտանիքով գյուղ է գալու՝ հայրենական տանը հանգստանալու։

Եվ կովը կթելիս, և հետո, երբ կթած կաթը տուն էր տանում և դույլի մեջ թշշում էր հում կաթը, Արփինեն շարունակ մտածում էր Արտաշեսի մասին։ Ջանում էր չմտածել՝ չէր ստացվում, մտքից չէր կարողանում նրան հանել։ Ու երբ բակի դուռը ճռռաց, և Մուքելը՝ մեծ քթով, հաղթանդամ ու մռայլ, մի բեռ ցախ շալակին ներս մտավ, ցուրտ դող վազեց Արփինեի մարմնով։ Չգիտես ինչու, Արփինեին այնպես թվաց, թե Մուքելը հիմա կհասկանա ամեն ինչ, գլխի կընկնի, թե ինչ է կատարվում կնոջ հոգում, ու մի տեսակ վախեցավ ... Մուքելը ուսից շրխկոցով գցեց ցախի ծանի բեռը, որից ասես աջ ուսը բարձրացավ, քիչ ուղղվեց ու նոր միայն ասես նկատեց կնոջը։

-Կթե՞լ ես կովը,- հարցրեց նա՝ անտարբեր ու խոժոռ։

-Հա,-կամացուկ արտասանեց Արփինեն։

Մուքելը չնկատեց, որ կնոջ ձայնը ինչ-որ փոխված էր, իսկ Արփինեն՝ քիչ թեթևացած, որ ամուսինը ոչինչ չնկատեց, իրար հավաքեց որդու կտրտած չոր փայտերը, սկսեց կրակ վառել։

- Նո՞ր ես կերակուրի հոգս քաշում,-ուշացումով ու քիչ դժգոհ հարցրեց Մուքելը՝ նստելով քարե աստիճաններին ու դանդաղ սկսեց ծխախոտ փաթաթել։

- Ինքս էլ նոր եմ եկել,-խոնարհ պատասխանեց Արփինեն։ -Սածիլներ շատ էին բերել, ուշ վերջացրինք։

-Բա հորթն ո՞ւր է։

-Գցել եմ գոմը։ Չափարի տակ կապած էր։ Կուշտ արածել է։

Մուքելը դանդաղ, հոգնած շարժումներով ծխախոտ էր փաթաթում։

Քիչ անց, երբ Արփինեն կաթնով կերակուր էր պատրաստել, ու նրանք պատշգամբում նստած անխոս ուտում էին, մեծ տղան, որն այս տարի առաջին դասարան պիտի գնա, հանկարծ ասաց ոգեշունչ երազանքով.

-Այսօր մի նոր "Վոլգա" եմ տեսել, պապա, ոնց որ կաթ քսած՝ սպիտա՜կ-սպիտակ։ Ես որ մեծանամ՝ էդպիսի մեքենա եմ առնելու։

Ասես հանցանքի մեջ՝ մեկը բռնեց Արփինեի ձեռքը, գդալը դողաց օդում, աննկատ նստեց ափսեի մեջ … Բայց Մուքելը չնկատեց։ Կամ չնկատելուն դրեց։ Խանդից հերսոտված՝ նա շատ անգամ էր դուրս եկել ափերից։ Հաստաշուրթ, բրդոտ գզգզան հոնքերով, լայն ռունգերով ու ադամախնձորը վեր ցցված՝ նա դիվոտ նայեց կնոջ կողմը, խռպոտ հարցրեց.

-Ի՞նչ մեքենա։

-Չգիտեմ,- ցածրաձայն ու անտարբեր ձևանալով ՝ ասաց կինը։- Չեմ տեսել։

-Տեսել է, ես ցույց եմ տվել, տեսել է,- արագ վրա տվեց տղան։- Չտեսա՞ր, մամ…Ես Նանարիկին էլ ցույց տվի։

-Հացդ կեր,- բարկացավ մայրը։

Լուռ, անխոս կերան կաթնապուրը։

-Արտաշի մեքենան է,- երկար լռությունից հետո ասաց Մուքելը։- Նա Արտաշ էր, ես՝ Միքայել, հիմա նա Արտաշես է, ես՝ Մուքել։- Բառերը դանդաղ, ասես ծուլորեն թափվում էին ծխախոտից դեղնած բեղերի տակից։- Դպրոցում ինձ հետ նույն նստարանին էր նստում, գրավորներն ինձինց էր արտագրում, գնաց մարդ դառավ, որովհետև հետևին տեր ուներ, իսկ ես մնացի տավարած ու սիլոսի փոս լցնող։- Մուքելը խորը շունչ քաշեց, ափսեն մի կողմ հրեց, ասաց.- Ասում են փողով մարդ է ընդունում ինստիտուտ…Կմորթեմ, թե որ լսել եմ՝ խոսք ես խոսել հետը։

-Մուքել,- վախվորած սաստեց Արփինեն, անցողակի նայելով երեխաներին, որ երեքով նստած էին սեղանի շուրջ և զարմացական մեկ հորն էին նայում, մեկ մորը։

Ամուսինն ուշք չդարձրեց կնոջ տագնապին։

-Թեյից բանից չկա՞,- ուշացումով հարցրեց նա։

-Կա,- ցածր արձագանքեց Արփինեն և գնաց թեյ բերելու։ Թեյնիկը դրսում էր, օջախի վրա։ Իսկ դուրսն արդեն մութ էր, և մթան միջից Արփինեն նայում էր պատշգամբում, լամպի աղոտ լույսի տակ գլխիկոր նստած ամուսնուն ու սիրտը լկլկում էր իր չկայացած կյանքի համար։ Եվ ամենասարսափելին այն էր, մտածում էր նա, որ կյանքն իրեն տվել էր հազարումի պատչառ՝ լաց լինելու, ու ոչ մի հնարավորություն՝ մի անգամ սրտանց ծիծաղելու համար։ Ասես առաջին անգամ էր տեսնում՝ նա երկար նայում էր ամուսնուն, դառնությամբ մտածելով այն մասին, որ ինքը նրան երբեք չի սիրել։ Ստացվում է՝ ինքը մի անգամ է սիրել միայն՝ առաջին ու վերջին անգամ։ Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս ապրել, եթե չես սիրում, և ո՞վ, ո՞վ կհասկանա, թե ինչ անասելի ցավ ու տառապանք է դա՝ ապրել չսիրած մարդու հետ… Նա երկար մտածում էր այդ մասին ու չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էր ամուսնացել նրա հետ… Ամուսնու բաժակը թեյ լցնելիս Արփինեն նկատեց, որ կանաչ սիլոսի հոտ էր փչում նրանից։ Այդ հոտն ուղղակի խեղդում էր, երբ նրանք մարել էին լույսը, մտել անկողին… Մուքելը անթրաշ էր, մազերը կոշտ, անդուր ծակծկում էին Արփինեի դեմքը, իսկ սիլոսի սուր հոտը անտանելի էր, ծանր։

Արփինեն գոցել էր աչքերը, և Մուքելը չէր հասկանում, թե ինչու։ Կնոջ ամբողջ մարմինը կարծես թե ոտից գլուխ դողում էր, և Մուքելը չէր հասկանում, թե ինչու։ Արփինեն ձգտում էր իրենից հեռու վանել ամեն մի հուշ ու միտք՝ կապված Արտաշեսի հետ, ու դա նրան չէր հաջողվում։ ''Կարողա՞ գլուխտա ցավում,-ի վերջո հարցրեց Մուքելը, անկողնում նստած վառելով ծխախոտը։- Գուցե փո՞րդ է ցավում։ Ուզո՞ւմ ես, գնամ բժիշկ կանչեմ, հրեն, մեր Վաղինակի կինը տանը, բժշկական ումումիարան է վերջացրել Ստեփանակերտում…''։

Իսկ Արփինեն շարժում էր գլուխը՝ ''Չեմ ուզում'', կծում էր մատները՝ ''Չեմ ուզում'', խուլ հեկեկում էր՝ ''Չեմ ուզում'', ավելի ուժեղ էր գրկում բարձը, և Մուքելը՝ տեղաշորի մեջ նստած, շփոթված նայում էր կնոջը ու ոչինչ չէր հասկանում…


Կանայք նստած էին տանձենու ստվերում, երբ եկավ Արփինեն՝ Նանարի ձեռքը բռնած։ Ասես նրա գալուն էին սպասում, կանայք բարձրացան, վերցրին խոնավ սածիլները ու մտան դաշտ։ Հացի կապոցը՝ մի փունջ կանաչի, երկու կտոր հաց, մի շիշ քաղցր թեյ, մի կտոր պանիր ու մի եկու եփած կարտոֆիլ, Արփինեն կախեց ծառից ու Նանարին պատվիրելով առայժմ նստել ծառի ստվերում, գնաց կանանց ետևից։

Արփինեն և քայլում էր արխերի միջով, և էլի մտածում էր Արտաշեսի մասին։ Ինչո՞ւ ես եկել, մտովի ասում էր նրան, ինչո՞ւ փախար այն ժամանակ… Փոխադրվել էր տասերորդ դասարան, ամառ էր, հուլիս, ընկերուհիների հետ խոտ էին հավաքում Բախչուտից վեր՝ Իվանի տափում, երբ առաջին անգամ տեսավ Արտաշեսին… Բարակավուն տղա էր, բարձր բոյով, կապույտ մեծ աչքերով ու շեկ մազերի փունջը ճակատին… Անտառից դուրս եկավ՝ հրացանը հովվի մահակի պես ուսին… Արփինեն նրա մասին գիտեր. կողքի թաղամասից էր, նույնիսկ մինչև ութերորդ դասարան, ասում էին, գյուղում է սովորել, բայց հետագայում ընտանիքով փոխադրվել էին քաղաք ու հազվադեպ էին գյուղ գալիս։ Գիտեր նաև, որ համալսարանում է սովորում։ Արտաշեսը մոտեցավ, բարևեց։ ''Ծարավ եմ,- ասաց նա առինքնող ժպիտով նայելով աղջիկներին,- կարո՞ղ է ջուր ունենաք մոտներդ''։ Այո, այդպես էլ կար. բարակիրան տղա էր, բարձր բոյով, կապույտ մեծ աչքերով ու շեկ մազերի փունջը ճակատին…Նա իր անբռնազբոս ժպիտով միանգամից գերեց Արփինեին, և Արփինեն ակամա ցատկեց տեղից։ ''Ես գնամ բերեմ'',- ասաց նա ու, ջրի կուլան առնելով, գլուխը կորցրած վազեց աղբյուր տանող արահետով, ուշք չդարձնելով անգամ, որ աղջիկները փռթկացրին ետևում… Այնուհետև Արտաշեսը հաճախակի էր գալիս հանդ. մտերմացել էր աղջիկների հետ… Եվ գիշերները Արփինեի քունը չէր տանում, առավոտ ծեգին էր հասնում հանդ, ամենից շատ ինքն էր բանում ու չէր հոգնում ասես։ Խոտն այդ դաշտում արդեն հավաքել, ուրիշի տեղամաս պիտի գնային, երբ եկավ Արտաշեսը… Էլի հրացանը ուսին էր ու քիչ քրտնած էր։ ''Վաղը երևի գնամ,- ասաց Արտաշեսը։- Դիպլոմայինս չեմ գրել դեռ, պիտի հասցնեմ''։ Արփինեն ծնկներում թուլություն զգաց, սիրտը թպրտաց կրծքի տակ…Ինչպե՞ս…Այդպես շու՞տ։ ''Բա ե՞ս'', - անլսելի մրմնջաց նա։ Հիմա ինքն ի՞նչ պիտի անի առանց Արտաշեսի։ Ինչ- որ տեղ, հեռվում, կլկլացրեց լորը, և Արփինեի սիրտը ճմլվեց, նվաղեց… Նրան թվում էր Արտաշեսն ամեն օր պիտի գար ու ինքը գողունի պիտի նայեր նրան ու գիշերները լաց լիներ երջանկությունից։ Ինչպե՞ս թե… Միթե՞ ամեն ինչ վերջացավ…

''Ջուր չունե՞ք,- ասաց Արտաշեսը,- ծարավից ուղղակի մեռնում եմ''։

''Արփինեն կբերի,- ծիծաղեցին աղջիկները։- Աղբյուրի տեղը մենակ Արփինեն գիտի''։

''Չէ, ես ինքս,- ժպտաց Արտաշեսն իր դյութիչ ժպիտով։- Միայն ցույց տվեք՝ որտեղով իջնեմ դեպի աղբյուր''։

''Աղբյուրի տեղը մենակ Արփինեն գիտի,- նորից ծիծաղեցին աղջիկները։-Արփինե, տար ցույց տուր''։

Ալեկոծված ու շիկնահար՝ Արփինեն անթարթափ նայում էր Արտաշեսին։

''Գնանք ցույց տամ,- ի վերջո կարողացավ արտաբերել նա,- այնքան էլ հեռու չէ…''։

Եղնիկի պես թեթև ու գեղանի՝ Արփինեն հեզանազ գնում էր առջևից։ Մտան անտառ, ուր ծառերը վերձիգ ելնում էին մինչև երկինք, երկնքի կապույտին քսվելով օրորվում էին, ձայն-ձայնի՝ գեղ-գեղ դայլայլում էին սոխակներն ու դեղձանիկները, ինչ- որ տեղ, անտառի խորքում, ընդհատումներով կանչում էր կկուն։ Անտառը խշշում էր տամուկ բույրերով, երկնահաս հաճարկենիներն ու զմրուխտյա մամռապատ հսկայական քարերը շրջանցելով, նրանք մի քիչ ևս առաջ անցան, ներքևում երևում էր արդեն Առաքելանց աղբյուրը։ Արփինեն կանգ առավ, շրջվեց դեպի Արտաշեսը։

''Այստեղով ուղիղ իջիր ներքև,- ասաց նա,- ջուխտակ բարձր թեղիներ կան այնտեղ, այդ թեղիների տակ է աղբյուրը''։

Արտաշեսը ակնապիշ նայում էր նրան ու ժպտում իր հմայուն ժպիտով։ Արփինեն չկարողացավ դիմանալ նրա հայացքին, արագ փախցրեց աչքերը, այլայլված արտաբերեց նույնը. ''Ջուխտակ այդ բարձր թեղիների տակ է աղբյուրը''։

Արտաշեսն անսպասելի բռնեց Արփինեի ձեռքը, նրան թեթևակի ձգեց դեպի իրեն, ժպտալով ու մի տեսակ փոխված ձայնով ասաց. '' Մի՞թե դու կարծում էիր, թե ես չգիտեմ աղբյուրի տեղը։ Գիտեի, Արփինե, ու գիտեի նաև, որ դու, հատկապաս դու կգաս ցույց տալու տեղը… Որովհետև հենց առաջին օրվանից անսահման դուր եկար ինձ''։ Արփինեն, առանց ձեռքը հանելու Արտաշեսի ամրակուռ ափից, բարձրացրեց հայացքը, արցունքաշող աչքերով նայեց նրան։ Աստված իմ, անցավ Արփինեի մտքով, ինքն ինչքան է երազել, ահա, այսպես կանգնել Արտաշեսի հետ՝ ձեռք- ձեռքի, ու նայել նրա հմայիչ աչքերին։ Արտաշեսն ավելի մոտ ձգեց Արփինեին։ ''Դու ուզում ես, որ ես համբուրեմ քեզ'',- նայելով նրա հրակեզ շուրթերին, հաստատուն ասաց Արտաշեսը նույն փոխված ձայնով։ Դա, իհարկե, հարց չէր։ Արփինեն զգաց դա, արձագանքը չուշացավ։ ''Ուզում եմ''- ասես ոչ թե ինքը՝ Արփինեն, այլ իր փոխարեն այդպես անվարան խոստովանեց մեկ ուրիշը, որովհետև ինքը համարյա հստակ ոչինչ չէր հասկանում այդ պահին։ Նա ակամա մղվեց դեպի Արտաշեսն ու ակնթարթաբար զգաց նրա կրքոտ բերանի ուժեղ հպումն իր սիրատոչոր շուրթերին։

Եվ ամեն-ամեն ինչ՝ դարավոր զով անտառի այդ տամուկ բուրմունքը, սլացիկ ծառերի հանդարտ օրորը՝ բարձր երկնքում, զանազան հավքերի գեղ-գեղ երգն ու կկվի թախծոտ կանչը՝ անտառի խորքում, Արտաշեսի այրող բառերն իր բոսոր շուրթերին…Այդ ամենն Արփինեին թվում էր երազային, ոչ իրական։

''Դե, ես գնամ,- ուշքի գալով, շշնջաց Արփինեն։- Աղջիկները հազար ու մի բան կմտածեն…''։ ''Թող մտածեն,- հևոցով ասաց Արտաշեսը։- Ի՞նչ պիտի մտածեն։ Ասա, ի՞նչ պիտի մտածեն''։ Եվ Արտաշեսն ավելի ու ավելի ուժգին էր սեղմում նրան իր կրծքին, մոլեգին համբուրելով Արփինեի աչքերը, այտերը, կրկին ու կրկին շուրթերը, պարանոցը, կուրծքը, Արփինեն սկզբում զարմանքով, այնուհետև վախեցած նայեց նրան…Նա կարծես թե ուզում էր ազատվել Արտաշեսի հուժկու բազուկներից, բայց միաժամանակ և չէր ուզում։ ''Ի՞նչ պիտի մտածեն,- ասես դողէրոցքի մեջ՝ շշնջում էր Արտաշեսը։- Հը, ի՞նչ պիտի մտածեն''։ ''Չգիտեմ…''։- Արփինեն կարծես թե, իրավամբ ,երբեմն վախեցած ուզում էր ազատվել Արտաշեսի գրկից, սակայն չէր կարողանում, որովհետև Արտաշեսի շունչը հաճելիորեն դյութում էր, և Արփինեն, մեջքով սեղմված հաչարկենու բնին ու անկարող ընդդիմանալու զգացմունքների խելացնոր հորձանքին, դանդաղորեն սահեց ցած… Հետո ինչ էր կատարվում՝ Արփինեն չէր ըմբռնում, նա մեջքով զգում էր գետինը, փափուկ պաղ խաշամը, Արտաշեսը իր գրկում սեղմում էր նրան, իսկ նա, բերանն ազատելով նրա անհագուրդ շուրթերից, երբեմն առ երբեմն շշնջում էր տենդավառ. ''Իսկ եթե չառնես, Արտաշես … Իսկ եթե հանկարծ ինձ չառնես… Եթե երեխով մնամ…''։ Արտաշեսը շտապողական, շնչահեղձ անող համբույրներով վերստին ծածկում էր նրա բերանը։ ''Ես քեզ սիրում եմ,- ինքնամոռաց արտաբերում էր Արտաշեսը։- Ես խենթորեն սիրում եմ քեզ, Արփինե… Ես քեզ կտանեմ քաղաք, կսովորես, ես քեզ այստեղ չեմ թողնի…''։


Արփինեն արխերում թաղում էր պոմիդորի սածիլները։ ''Հիմա եկել ես ի՞նչ անես,- ինքն իրեն ասում էր Արփինեն։-Ինչո՞ւ ես եկել''։

-Արփեն, ախչի, էս ինչո՞ւ էսօր տխուր ես,- ասաց Հերսիկը՝ հարևանուհին։

-Տխուր չեմ,- թույլ ժպտաց Արփինեն։- Հենց էնպես, քեֆ չունեմ։

-Անքուն կլինի,-ծիծաղեց Նուշիկը։- Մուքելը էս գիշեր ֆերմայո՞ւմ էր, թե՞ տուն է եկել։

-Տուն է եկել,- ուղղվելով՝ հոգնած ասաց Արփենը։- Իսկ ի՞նչ է։

-Դե պարզ է,-նորից ծիծաղեց Նուշիկը։-Խեղճին չի թողել քնի։

Կանայք ծիծաղեցին, և դեռ ծիծաղում էին, դեռ չէին վերջացրել ծիծաղը, երբ գյուղից երևաց… Թեթև փոշի հանելով գալիս էր Արտաշեսի մեքենան։

Արփինեի սիրտը արագ խփում էր, իսկ շուրթերը չորացել ու դողում էին։ Նա ոտքի վրա հազիվ էր մնում… Մեքենան կանգնեց նրանցից քիչ այն կողմ, ճանապարհի եզրին։ Արտաշեսը դուրս եկավ մեքենայի… Չէր փոխվել, կարծես թե առաջվա Արտաշեսն էր՝ բարակիրան, սլացիկ, միայն քունքերն էին ճերմակել ու առաջվա պես ալեխառն մազերը անփութորեն թափված էին ճակատին… -Բարև ձեզ,- Արտաշեսը ժպտաց բոլորին և առաջ եկավ։-Ինչպե՞ս եք…

-Լավ ենք,- պատասխանեցին այս ու այն կողմից.- Դո՞ւ ինչպես ես։ Ձերո՞նք ոնց են։

-Ոչինչ,- ուսերը թոթվեց, ժպտաց Արտաշեսը։- Լավ ենք։

Արփինեին թվաց, թե հիմա Արտաշեսը կմոտենա, կսեղմի իր ձեռքը։ Կմոտենա և ինքը սևեռուն կնայի նրա աչքերին ու կհարցնի, թե ինչո՞ւ խաբեց այն ժամանակ, տարիներ առաջ, ինչո՞ւ չեկավ… Էլ չեկավ…

-Այսքան տարի է չես գալիս,- ասաց Հերսիկը։- Բա գյուղը չե՞ս կարոտում։

-Ժամանակ չի լինում,- Հերսիկին ժպտաց Արտաշեսը։- Որոշել եմ այսուհետև ամեն տարի գալ… Ուզում եմ պապենական մեր տունը նորոգել…

- Ապրես, լավ ես անում,- այս ու այն կողմից գովեցին կանայք։- Հողը քաղցր է, քաշում է։ Բա ո՜նց, հայրենի հողը մոռանալ չի լինի։

-Վարպետների հետ խոսել եմ, եկող տարի ամռանն արդեն պատրաստ կլինի։

-Չե՞ս պսակվե՞լ,- խորամանկ ժպտաց Հերսիկը։

-Պսակվել եմ,-գլխով արեց Արտաշեսը, ու նոր միայն նկատեց Արփինեի աղջկան։

- Անունդ ի՞նչ է,- ժպտաց Արտաշեսը և գրպանից գույնզգույն թղթերի մեջ փաթաթված կոնֆետներ հանելով, մեկնեց Նանարին։- Վերցրու։

Նանարը ետ քաշվեց, մեջքով սեղմվեց մոր ծնկներին, հարցական ետ նայեց մորը՝ ''Վերցնե՞մ'', և Արտաշեսն իր վաղեմի լուսաշող ժպիտով ժպտաց Արփինեին։ Այնպես, ինչպես ժպտաց այրի Հերսիկին, ինչպես ժպտաց Նանարին։ ''Մոռացել ես,- արտասուքները հազիվ զսպելով, ինքն իրեն դառնությամբ ասաց Արփինեն։- Ամեն ինչ մոռացել ես… ''։

-Վերցրու,- ինչքան կարելի է մեղմ, ասաց Արփինեն, և Նանարը, քաշվելով, վախվորած մեկնեց ձեռքը։

Արտաշեսը նրա փոքրիկ ափի մեջ դրեց շոկոլադը։ Ասես ինչ-որ արտակարգ բան էր կատարվում. կանայք կանգնել ու նայում էին։ Արտաշեսը կսմթեց Նանարի այտը, հետո հարգանքով հրաժեշտ տվեց բոլորին, հանդիսավոր, հպարտ-հպարտ գնաց դեպի մեքենան…

Արփինեն մնացել էր կանգնած պոմիդորի արխի մեջ, ցեխոտ փայտը ձեռքին… Արցունքներն արդեն անարգել սահում էին այտերն ի վար, իսկ կանայք չէին տեսնում, որովհետև նրանք հմայված նայում էին Արտաշեսին, կաթի նման սպիտակ նրա ''Վոլգային'' ու երանի էին տալիս Արտաշեսի կնոջը, որ ինչ-որ ''պրափեսորի'' աղջիկ է, ասում են՝ մազերն ու աչքերը ներկած է ման գալիս։

Արտաշեսը գործի գցեց մեքենան, մեքենան թույլ հռնդաց ու գնաց բաց դաշտի միջով ընկած ճանապարհով։ Փոշին ամպի պես բարձրանում էր ճանապարհի վրա։ Կանայք կանգնած նայում էին, մինչև մեքենան անցավ վերջին ոլորանը, մինչև վերջին ոլորանի վրա մի պահ կանգնեց կապույտ փոշին ու հետո հալվեց։

Արփինեի սիրտը նվաղեց, թուլացավ… Արփինեն փղձկաց, նստեց պոմիդորի արխի մեջ՝ ցեխոտ փայտն ու սածիլները ցեխոտ ձեռքին, կանայք վազելով մոտեցան, խմբվեցին. ''Ի՞նչ պատահեց, ախչի''։

''Ախր քեֆ չուներ''։ ''Արփեն, ախչի, Արփեն, ի՞նչ եղավ քեզ, ախչի''։ ''Գուցե Մուքելը թակե՞լ է, ախչի…''։

Իսկ Արփինեն նստել էր արխերի մեջ՝ սածիլներն ու ցեխոտ փայտը ձեռքին, թուլացած, ուժասպառ, և լալիս էր…




Սանկտ-Պետերբուրգ







    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail