ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. «ԲԱՔՎՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՏՈՐԱԾ ԷՐ
ՀՈՎԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԵՐԵՎԻՑ»



Զրույցը վարեց ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ


- Լևոն Ոսկանովիչ, ''Լիտերատուրնի Պետերբուրգ'' թերթին տված ձեր հարցազրույցում դուք նշում եք, որ Բաքվի՝ 1990-ի հունվարին տեղի ունեցած հայկական կոտորածների մասին վեպ եք գրել։ Մոտ քսան տարի է անցել այդ դեպքերից, ինչպե՞ս եք գտնում՝ կազմակերպվա՞ծ էր դա, թե տարերային բնույթ էր կրում այդ ամենը, երբ Սումգայիթում, Բաքվում, նմանապես Ադրբեջանի տարբեր քաղաքներում ու գյուղերում արդեն որերորդ անգամ քաղաքակիրթ մի ժողովուրդ էր տեղահանվում ու զոհաբերվում վայրագորեն՝ աշխարհի անտարբեր աչքի առաջ։

- Կազմակերպված էր անշուշտ։ Ընդ որում, ոչ թե ադրբեջանական ժողովուրդն էր կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա։ Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած էր կենտրոնական համամիութենականը։ Մաֆիան իրականացրեց այդ ցեղասպանությունը՝ խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից։ Եվ Կրեմլը ազգային լարվածության կետեր էր ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կոմունիստական կուսակցության պահպանման։ Առհասարակ բոլշևիկները մեզ վնաս շատ տվին։ Շատ։ Ավետիք Իսահակյանը հո զուր տեղը չի ասել, թե ոչ իթթիհատը, ոչ ցարիզմը, ոչ Գերմանիան ու Անտանտան ավելի հիմքով չկործանեցին մեր տունը, ինչքան բոլշևիզմը՝ այդ գազանական շարժումը, որ մուկ դարձած թուրքերին հասցրեց մինչև Բաքու։ Ինչո՞ւ Սումգայիթում չկանխվեց կոտորածը, ինչո՞ւ զորքը երեք օր պարապ կանգնած՝ չէր միջամտում։ Գիտե՞ք, թե իննսուն թվականի հունվարյան կոտորածի նախօրեին ժողովրդական ճակատի ղեկավարներից մեկին՝ Սամեդ Վուրղունի ավագ որդուն՝ Յուսիֆ Սամեդօղլուն ինչ է պատասխանել կուսակցության Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը։ Սամեդօղլու հաղորդմանը, թե շաբաթ օրը՝ հունվարի տասներեքին, Բաքվում հայերի ջարդ է սպասվում, հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել, նա պատասխանել է. ''Ոչինչ, թող տղաները մի քիչ զվարճանան''։ Այո, բոլոր նշաններով կազմակերպված կոտորած էր՝ հովանավորված վերևից։ Սա կայսրության հետևողական քաղաքականություն է՝ բաժանիր, որ տիրես սկզբմունքով։ Ինչո՞ւ սումգայիթյան ցեղասպանության, այդ ահավոր ոճրագործության կազմակերպիչներն ու իրագործողները չստացան իրենց արժանի պատիժը։ Եթե ստանային՝ Բաքուն չէր լինի։ Երկրի ղեկավարությունը ոչ պակաս ծանր հանցանք գործեց՝ Սումգայիթում, ըստ ազգային պատկանելության, հայերի զանգվածային կոտորածը որակելով որպես քրեական սովորական հանցանք։ Ինչո՞ւ հետաքննության ղեկավարությունը հանձնարարվեց մեկին, ով մեղսակից էր այդ գործում։ Մի՞թե պարզ չէր, որ այդ Կատուսևը, որի մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը, ամեն ինչ պիտի աներ՝ գործը տապալելու համար։ Ո՞վ պետք է պատասխան տա այս բոլորի համար։ Ասեմ ձեզ՝ ոչ ոք։ Որովհետև ազգամիջյան պառակտման ու կոտորածների հեղինակները նրանք են, ովքեր դեմ էին վերակառուցմանը, նրանք կործանեցին և վերակառուցումը, և Գորբաչովին, ինչպես ժամանակին կործանել էին Խրուշչովին, դրանով իսկ զրկելով նրան իր վերջին համախոհից երկրում, այն համախոհից, որը երախտապարտ էր նրան ճամբարներից ազատելու համար։ Վերակառուցման հակառակորդները չէի՞ն, արդյոք, որ քաղբյուրոյի փակ նիստում որոշեցին քաղբյուրոյի երկու անդամներին՝ Ալեքսանդր Յակովլևին և Եգոր Լիգաչովին ուղարկել Անդրկովկաս՝ Յակովլևին՝ Երևան, ուր նա հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է, Լիգաչովին՝ Բաքու, ուր նա ասաց բոլորովին հակառակը՝ ''Ղարաբաղը կմնա Ադրբեջանին''։ Եվ ահա, այստեղ կրկին գլուխ բարձրացրին Սումգայիթի կազմակերպիչները։

- Փաստորեն, ամեն ինչ արվել է, որպեսզի թաքցվի անլուր հանցանքի իմաստն ու կազմակերպված բնույթը։

-Այո։ Քրեական գործերը մասնատվեցին՝ ըստ էպիզոդների, և հետաքննության ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքներ՝ Մոսկվա, Սարատով, Կույբիշև, Վորոնեժ և այլն։ Գործերի հիմնական մասը մնաց Սումգայիթում, մի մասն էլ Բաքվում։ Պարզ հասկացվեց. ոչ ոք ոչ մի պատիժ էլ չի ստանա։ Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչներն ու ոգեշնչողները, կրկնում եմ, դուրս եկան թաքստոցից և սկսեցին գործել։ Դիվանագիտական նենգ խաղեր սկսվեցին։ Թերթերն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներով ու հաղորդումներով։ Կարճատև ընդհատակից իր գլուխը հանեց և սումգայիթյան եղեռնագործության ամենաակտիվ կազմակերպիչներից մեկը՝ Զիա Բունիաթովը, որը մինչ այդ հայտնի էր հայոց պատմության զեղծարարությամբ, և ակադեմիական ''Էլմ'' թերթում հրապարակեց անպատկառ ստերից ու կեղծիքից հերյուրված ծրագրային երկէջ ծավալուն մի հոդված՝ ''Ինչո՞ւ Սումգայիթը'' վերտառությամբ, ուր նա անամոթաբար այդ եղեռնի մեջ մեղադրում էր… ոճրագործության զոհերին։

- Հայերս միշտ էլ լավ դիվանագետներ ենք ունեցել, բայց լավ դիվանագիտություն՝ երբեք։

-Համաձայն եմ։ Հետամուտ եղե՞լ ենք երբևէ փոքր հաղթանակներ շահելու շղթայով մեծ հարցեր լուծելու քաղաքականությանը, փոխանակ նախընտրելու առճակատման ձևը՝ չհաղթելու դեպքում գլխովին նահատակվելու նշանաբանով։ Ինչպե՞ս վարվեցին մուսավաթականները քսան թվականին. առանց մի գնդակ անգամ արձակելու դիմավորեցին բոլշևիկներին ու միացան նրանց՝ շարունակելով իրենց հայադավ քաղաքականությունը։ Ինչպե՞ս վարվեցին հայերը։ Հեղկոմն ու բոլշևիկները ելան հայ բանվորների ու գյուղացիության դեմ, և հերթական անգամ գետի պես հոսեց հայոց արյունը։ Բոլշևիկներն ավերեցին ողջ Ղարաբաղն ու Հայաստանի հարյուրավոր գյուղեր, բանտերը լցվեցին հայ քաղաքական, մտավորական ու զինվորական առաջնորդներով։ Հայկական բանակի բոլոր սպաներին՝ հազար երկու հարյուր հոգու, գլխավորությամբ ազգային բանակի սպարապետ Նազարբեկյանի, հավաքեցին Հայաստանի խորհրդարանի շենքում և դավադրաբար ձերբակալելով ուղարկեցին Բաքվի, Ռոստովի ու Ռյազանի բանտերը։ Նրանց մեջ էին նաև զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը։ Սրի քաշվեցին հայկական բանակի յոթանասուն բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում ազգային հերոս Համազասպը։

- Բոլշևիկներն օգտագործեցին այդ առճակատումը և, համաշխարհային հեղափոխության սին մարմաջով տարված, ոսկիներով ու ռազմամթերքով օգնեցին Թուրքիային՝ մտնելու Հայաստան, բնաջնջելու ողջ մնացած նրա բնակչությանն ու գրավելու նոր տարածքներ։ Գուցե այդ առճակատումն էր նաև պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման, որով Հայաստանի տարածքը մաս-մաս բաժանվեց հարևաններին։

- Ընդ որում, Նախիջևանը Լենինը Ադրբեջանին նվիրեց Ստալինի թելադրանքով ու Մուստաֆա Քեմալի խնդրանքով։ Ղարաբաղի հարցում նույնպես նույն սխալները գործեցինք։ Հարկավոր էր մի քիչ սպասել, որովհետև հարցը բարձրացվեց հապշտապ, տարերայնորեն, առանց այդ ազնիվ ու դժվարին նպատակին հասնելու տևական գործողությունների մշակված ծրագրի, առանց ճշգրիտ ուսումնասիրելու պրոբլեմի լուծման հնարավոր ուղիները, մանավանդ, որ երկիրը փլուզման եզրին էր։ Ի՞նչ պիտի լիներ Բաքվի, Կիրովաբադի, Հյուսիսային Ղարաբաղի ու մյուս շրջաններում ապրող կես միլիոնից ավել հայերի վիճակը, որևէ մեկը մտածե՞լ էր այդ մասին։ Դա նույնն է, թե զորքը մտցնես պատերազմի դաշտ ու նոր միայն սկսես ուսումնասիրել տեղանքը։ Դրա համար էլ մենք մեծ կորուստներ ունեցանք։

- Նորից դառնանք Ադրբեջանի օրինակին։ Հայտնի է, որ մինչև քսան թվականը Նախիջևանում հիսունչորս հազար հայ էր ապրում, հիսունից ավելի գյուղ կար։ Դուք ճիշտ եք։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե գնաց առճակատման, այլ որդեգրելով մանր հաղթանակների գումարման քաղաքականությունը, կազմեց այդ երկրամասը հայերից դատարկելու ծրագիր և հաջողությամբ իրագործեց այն։

- Նույնը և Կիրովաբադում, ուր նախկինում յոթանասուն հազար հայ էր ապրում։ Լուկուլլոս զորավարը Տիգրանակերտի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց Տիգրան Մեծ արքայի բանակին և ոգևորված շարունակեց արշավանքը դեպի Արտաշատ։ Սակայն նա քաղաքի մատույցները հասավ այնպիսի վիճակում, որ չհամարձակվեց կռվել քաղաքի գրավման համար։ Բանն այն է, որ Լուկուլլոսի բանակը Տիգրանակերտից մինչև Արտաշատ չտալով և ոչ մի ճակատամարտ, հալվել էր։ Այդ ամբողջ ճանապարհին հայկական ոչ մի գունդ դուրս չէր եկել նրան առճակատման , բայց ամեն մի գիշերատեղում կամ նեղ ձորերով անցնելիս անսպասելի կորուստներ է ունեցել։ Այդ կորուստները, պարզ է, առանձին-առանձին մեծ չէին, բայց միասին վերցրած մի ամբողջ բանակի, այն էլ հզոր բանակի, կորստյան պատճառ էին դարձել։ Արտաշատի մատույցներից Լուկուլլոսը բռնել է ետ դարձի ճամփան, որը վերածվել է խուճապահար փախուստի՝ նման Նապոլեոնի փախուստին Ռուսաստանից։ Մենք շարունակ հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտում ունեցած մեր բարոյական հաղթանակով, այնինչ ուսանաելի է Լուկուլլոսի պատմությունը՝ ճիշտ գնահատել ժամանակն ու ուժերի հարաբերակցությունը և փոքր հաղթանակներով հասնել մեծ արդյունքի։

- Ադրբեջանը ժամանակին Հայաստանից բարեհաջող դուրս բերեց բոլոր ադրբեջանցիներին, իսկ Բաքվի հայերը փաստորեն պատանդ մնացին։ Արդյունքում՝ Սումգայիթը սկսվեց նրանից, որ իբր թե Ղափանում ադրբեջանցիներ են սպանվել։

- Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն չի եղել։ Սուտ է այդ ամենը։ Սումգայիթում, Կիրովաբադում ու մյուս վայրերում տեղի ունեցած հայկական կոտորածներից հետո Հայաստանի լեռնային Գուգարքի շրջանում ընդհարումներ են եղել, որի ժամանակ մի քանի հայեր ու ադրբեջանցիներ էին սպանվել։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մահ ինքնին ողբերգություն է, ասեմ, որ Հայաստանի տարածքում քսանհինգ ադրբեջանցի է զոհվել։ Այսքանն է։ Այնինչ սպանված հայերի թիվը հարյուրների է հասնում։ Սա է ճշմարտությունը։ Մնացածը՝ ինչ ադրբեջանական հեռուստատեսությամբ շարունակ հաղորդվում կամ թերթերում են մոգոնում մինչև այժմ, զուտ քաղաքականություն է՝ հեռու ճշմարտությունից։

- Բայց դուք հո չե՞ք ժխտի, որ դաշնակցականները տասնութ-քսան թվականներին ոտքի ելան մուսավաթականների դեմ։

-Որտեղից՝ որտեղ թռաք։ Պատասխանեմ. ես բնավ չեմ ժխտում դա, չարիքը չարիք է հարուցում։ Բայց եկեք հիշենք մուսավաթականների արածները, երբ նրանք վրացիների դավադիր հոժար թողտվությամբ, թուրքական Նուրի փաշայի զորքի հետ Թիֆլիսից Գյանջայի վրայով տասնութ թվին եկան Բաքու՝ ճանապարհին ավարի ու ավերի ենթարկելով ինչ որ հայկական էր։ Երեք օր ու երեք գիշեր հայկական կոտորած էր Բաքվում, ուր երեսուն հազար հայ զոհվեց, չհաշված մեկ միլիարդի հասնող նյութական վնասը։ Ի՞նչ եղան թուրքական զորքի առջևից փախած այն քսանհինգ հազար մերկ ու անոթի հայերը՝ Եվլախից, Գյոգչայից, Աղսուից ու այլ վայրերից, որոնք ահավոր պայմաններում պատսպարվել էին Շամախիի մալականների գյուղերում՝ ոչ ոք չգիտի, ինչպես որ անհայտ է նաև ավստրո-գերմանական ռազմաճակատներից տուն վերադարձող տաս-տասներկու հազար այն զինվորականների ճակատագիրը, ովքեր Շամխորի հունվարյան արյունոտ դեպքերից հետո ճանապարհների փակման պատճառով մնացել էին Բաքվում։ Հայոց մեծ եղեռնի շարունակական օղակներից մեկն էր դա։ Սա չպետք է մոռանալ։ Ի միջի այլոց, Բաքվի հայկական այդ կոտորածի համար մուսավաթական կառավարության ներքին գործերի մինիստր Ջիվանշիր Բեհբութխանին ու պրեմեր-մինիստր Խան-խոյսկուն հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին։ Իսկ ինչ արեցին մուսավաթականներն ու թուրքերը Ղուբայի, Խաչմազի ու Լենքորանի բազմահազար հայության հետ։ Տասնյակ գյուղեր հայաթափ եղան այդ շրջաններում։ Նուխիում մի քանի օրվա ընթացքում տասնմեկ հայկական գյուղ հրդեհվեց։ Ավերվեցին Նախիջևանի, Օրդուբադի, Գողթնի, Արեշի, Եվլախի, Գյոգչայի, Աղսուի, Աղդաշի բոլոր հայկական գյուղերն ու Ագուլիս քաղաքը։ Միայն Շամախու շրջանում քսանհինգ գյուղ ավերվեց, չհաշված Շամախիի հայկական թաղամասը, չհաշված հենց Ղարաբաղի մոտ հարյուրի հասնող գյուղերն ու Շուշի քաղաքը։ Վրացական ''Կցորի ֆուրցելի'' թերթ Շուշի քաղաքի ավերման մասին այդ օրերին գրել էր, թե Կովկասում մի ադամանդ կար, թուրքերը փշրեցին։

- Ադրբեջանական պատմաբաններ Զիա Բունիաթովը, Ֆարիդա Մամեդովան, Ախունդովը, Գեուշևը պնդում են, որ, իբր, հայերը եկվոր են Ղարաբաղում, իսկ Գանձակեցուն, Դավթակ Քերթողին, Գոշին իրենցն են համարում։

-Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախում, սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրում էին վաղնջական ժամանակներից։ Այլապես բյուզանդական թագավոր Կոնստանտինը տասերորդ դարում իր նամակը չէր հղի ''Հայաստան՝ Խաչենի իշխաններին''։ Կարդացեք Քսենոֆոն-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Դևիդ Լենգ ու Ջովաննի Գուայտա, նմանապես այլ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջափնյա մշակույթային միջավայրը միշտ եղել է հայկական, այդ միջավայրի ստեղծագործություններն էլ եղել են հայերեն։ Հայկական են այդ ամբողջ տարածքի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, բերդամրոցները, պատմաճարտարապետական ու հնագիտական մյուս բոլոր հուշարձանները։ Հայերեն տառերով ու հայոց լեզվով են փորագրված տասնյակ հազարավոր վիմագրությունները։ Հայկական են նաև արձանագրություններում հիշատակվող դեպքերը, դեմքերը, իրադարձությունները՝ բազմիցս վկայված Համդալլահ Ղազվինիի, Շարաֆ-խան Բիթլիսիի, Հանս Շիլդբերգերի, Լինչի, Շառլ Դիլի, Տրեվերի, Իբն Խաուկալի, Ալ Մուգադասինի, միջնադարյան հայ պատմիչների և այլոց երկերում, օտար հեղինակների աշխատություններում, այդ թվում նաև նախահեղափոխական շրջանի ադրբեջանցի պատմաբանների գործերում։ Ի վերջո, հայկական են նաև այդ հուշարձանների անունները։ Ղարաբաղի հայ մելիքները, սկսած տասնվեցերրորդ դարի վերջերից, դիվանագիտական կապեր ունեին Եվրոպական մի շարք պետությունների ու Ռուսաստանի հետ։ Հրատարակված են այդ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Եվրոպական պետությունները Արցախ-Ղարաբաղի հայ մելիքներին ճանաչել են որպես ինքնուրույն, անկախ իշխանների։ Պահպանվում է կաթողիկոս Եսայի ու հայ մելիքների նամակը՝ ուղղված Պետրոս Մեծին, գրված Գանձասարում, որտեղ նրանք օգնություն են խնդրում թագավորից, կա ևս երկու նամակ՝ գրված 1726-ին և 1729-ին, Ղարաբաղ մտած թուրքական քառասուն հազարանոց զորքի մասին, կան Պետրոս Մեծի հրովարտակը, Պավելի կայսերական շնորհագիրը, ուղղված Ղարաբաղի մելիքներին, ուր կոնկրետ նշված է հայ բնակչության թիվը Ղարաբաղում՝ տասնմեկ հազար ընտանիք, եղել են նույնիսկ խոստումներ՝ Եկատերինա Երկրորդի կողմից՝ Արցախում վերաստեղծելու հայկական պետություն։ Վերջապես, մինչև հիմա էլ կանգնած են չորրորդ դարում կառուցված Ամարասի վանքը, Գտիչը՝ կառուցված իներորդ դարում, Գանձասարն ու Դադիվանքը՝ կառուցված տասներկուերրորդ դարում։

- Ի՞նչ կասեիք Փանահ խանի, Իբրահիմ խանի, Մեհթի Գուլի խանի մասին։

-Այ դրանք արդեն եկվոր էին։ Օգտվելով հայ մելիքների ներքին երկպառակտությունից, Պարսկաստանից փախած միջինասիական քոչվոր սարաջալլու ցեղապետ Փանահ-Ալին բարեկամանում է Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի հետ և նրան մատուցած ծառայությունների համար նվեր է ստանում Շուշի բերդը։ Ամրանալով տեղում, նա իրեն հռչակում խան, չնայած, այդպես էլ մինչև վերջ Ղարաբաղի բոլոր մելիքները՝ և Վարանդայի, և Խաչենի, և Դիզակի, և Ջրաբերդի, և Գյուլիստանի, չեն ենթարկվում ոչ նրան և ոչ էլ նրա ժառանգներին՝ Իբրահիմ խանին ու Մեհթի խանին, որով և ավարտվում է մոտ յոթանասուն տարի տևող այդ խանությունը։ Ղարաբաղի հայկական հինգ մելիքների տարածքում Փահան խանը հայտնվել էր պատահականորեն։ Նա նույնիսկ մի տեղ չուներ, որ ծառայեր նրանց որպես տոհմական գերեզմանոց։ Խաչենի Հասան Ջալալյան իշխանները նրան հողամաս են տրամադրում այժմյան Աղդամի մոտ։ Մինչև Փահան խանը Ղարաբաղի ամբողջ տարածքում ոչ մի մուսուլմանական բնակավայր չի եղել։ Դա չեն ժխտում նաև խանի գրագիրները։ Նույնն է ասում Չիչերինը։ Նա Ռուսաստանի արտաքին գործոց կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում, հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները։ Ինչ վերաբերվում է ձեր նշած պատմաբաններին, ապա պետք է ասեմ որ նրանք, դժբախտաբար, միտումնավոր կերպով խեղաթյուրում են պատմությունը։ Հայերեն ու իրենց ժողովրդի՝ հայերի մասին են գրել Մովսես Կաղանկտվացին ու Կիրակոս Գանձակեցին, Դավթակ Քերթողն ու Մխիթար Գոշը և շատ ուրիշներ։ Ուրիշի պատմությունը, հուշարձաններն ու անվանի մարդկանց սեփականացնելուց ու նրանցով հպարտանալուց ավելի խայտառակ բան անհնարին է պատկերացնել։

- Դուք ուղիղ քսանհինգ տարի ապրել ու աշխատել եք Բաքվում… Հիշելու շատ բան կա երևի։

- Ով է ասել, չեմ հիշում, բայց Ճշմարիտ է ասել, որ Աստծու ստեղծած մարդիկ իրենց մերկությունը երբեմն ծածկում են ժանդարմական գեներալների համազգեստներով ու դահճի մետաքսյա վերնաշապիկներով… Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում, գարշելի ու անմարդկային էր, ես չգիտեմ նույնիսկ ինչ անուն տալ դրան։ Ո՞վ փրկեց Բաքուն, երբ լեռնականների զինված հեծելազորը Գոձինսկու գլխավորությամբ տասնութ թվականի մարտին հասել էր մինչև Բալաջարի և սպառնում էր մտնել քաղաք։ Հայերը փրկեցին։ Հայկական զորամասերը կանգնեցին նրանց դեմ, ջարդեցին ու մինչև Դաղստանի սահմանները քշեցին նրանց։ Առաջին նավթահորն այնտեղ 1847-ին հայերը բացեցին, նրանք կառուցեցին առաջին դպրոցներն ու հիվանդանոցները, բացեցին առաջին գրադարաններն ու մշակույթային մյուս օջախները, դարասկզբին ու դրանից էլ դեռ շատ հետո հայերն ու ռուսները Բաքվում մեծամասնություն էին կազմում, նրանք մեծամասնություն էին ընդհուպ մինչև երեսունական թվականների վերջերը, պատերազմի տարիներին շրջաններից տասնյակ ու տասնյակ հազարներով եկան լցվեցին գործարաններն ու նավթահանքերը՝ բրոն ստանալու, դրանից հետո անգամ ադրբեջանցիները մեծամասնություն չկազմեցին։ Նրանք մեծամասնություն կազմեցին միայն յոթանասունական թվականների սկզբներին։ Հեյդար Ալիևի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, երբ մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված շրջակա բոլոր արվարձաններն ու գյուղերը նրա կարգադրությամբ միացվեցին քաղաքին։ Մի խոսքով, եթե Բաքուն ծաղկուն քաղաք էր դարձել, ապա շնորհիվ նաև հայերի ստեղծարար ոսկի ձեռքերի ու նրանց մեծ տաղանդի։ Անխղճորեն սպանել մարդկանց՝ ըստ նրանց ազգային պատկանողության, քշել սեփական տներից, ուր նրանց հայրերն ու պապերն են ծնվել՝ անասելի մեծ հանցանք է արդարության ու Աստծո դեմ։ Հիշելու, այո, շատ բան կա և շատ բաների հետ այդ էլ եմ հիշում։ Չմոռանալով նաև, որ ինչպես 1905 թվականի հայ-մուսուլմանական ընդհարումների մեջ ու 1918 թվականին, երբ թուրքերը զավթեցին Բաքուն, այնպես էլ 1990-ի արյունոտ հունվարի հայոց եղեռնի մեջ մեղսակից է նաև Ռուսաստանը. զորքը Բաքու մտցվեց յոթ օր ուշացումով, այն էլ ոչ թե փրկելու հայերին, նմանապես նաև այն բանում, որ հազարամյա տասնյակ հայոց գյուղեր՝ ինչպես Հյուսիսային, այնպես էլ բուն Լեռնային Ղարաբաղում, գազանաբար տեղահանվեցին ռուսների անմիջական մասնակցությամբ։

- Վերջին երեքհարյուր տարվա ընթացքում հայերն, այո, իրենց հայացքներն ուղղած են եղել դեպի Ռուսաստան, օգնություն են սպասել նրանից, բայց, ինչպես երևում է, հայերի համար այդ բաղձալի օգնությունը Ռուսաստանից երբեք չի եղել։

-Ասացեք, խնդրեմ, Ռուսաստանն ինչո՞վ վարձահատույց եղավ հայերին տասնիներորդ դարի առաջին կեսին իր մղած չորս պատերազմներում հայության թափած արյանը։ Համաձայն Գյուլիստանում կնքված պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի զգալի տարածքները դուրս եկան պարսկական տիրապետությունից։ Ռուսաստանը հակվա՞ծ էր արդյոք վարչական մի միավորում կազմելով՝ վերականգնել հայկական պետականությունն ու մասնակիորեն լուծել հայկական հարցը, հանուն որի հայոց կամավորական դրուժինաները՝ շուրջ երեք հարյուր հազար կռվող տղամարդ, Բալկաններից մինչև թուրքական ճակատ, մասնակցում էին պատերազմական բոլոր գործողություններին՝ ցուցաբերելով անձնազոհ հերոսություն ու աննախադեպ նվիրվածություն։ Ցարիզմը հայկական տարածքները կցեց ուրիշ վարչական միավորումների, հայոց հողերը կալվածատեր բեկերի ու աղալարների կաշառությամբ տարանջատվեցին՝ հնարավորություն ընձեռնելով ուրիշներին բնավորվելու այդ բարեբեր տարածքներում, փաստորեն այնտեղ ապրելու իրավունքից զրկելով իսկական տերերին։ Այսօրվա վեճ ու կռիվը այդտեղից է գալիս։ 1903 թվականին հայատյաց գայլածին Գոլիցինի սադրանքներով ռուսական կառավարությունը բռնագրավման ենթարկեց հայկական բոլոր եկեղեցիների հողերը, փակեց եկեղեցիները, դպրոցները, գրադարանները, բողոքի ալիք բարձրացնելով Կովկասի հայթյան մեջ, որը հանգեց 1905-ի կազմակերպված հայոց կոտորածին Բաքվում- նահանգապետ Նակաշիձեի գլխավորթյամբ,որն այնհետև տարածվեց ամբողջ Անդրկովկասում: Մի խոսքով, չերկարացնեմ, վերցնենք քսան թվականի դեպքերը։ Ի՞նչու Սովետական Ռուսաստանը հրաժարվեց Արևմտյան Հայաստանի տարածքներից՝ հօգուտ Թուրքիայի։ Ո՞վ զինեց ու հրահրեց թուրքերին՝ ընդդեմ հայերի՝ Ռուսաստանը։ 1920 թվականին Հայաստանի տարածքը հասնում էր յոթանասունմեկ հազար քառակուսի կիլոմետրի, ընդ որում, Հայաստանի տարածքի մեջ էին մտնում նաև Ղարաբաղը, Բորչալլուն՝ Ղազախի ու Թոուզի հետ միասին, Սուրմալլուն, Շարուր-Նախիջևանը, Կարսը, Արդահանն ու Ախալքալաքը… Ըստ Սևրի դաշնագրի, Հայաստանի հողային տարածության վրա ավելանում էր ևս իննսուն հազար քառակուսի կիլոմետր տարածություն, այսինքն, արևմտյան Հայաստանի մի մասը՝ Վանի նահանգը, Էրզրումը, Բիթլիսը, Կարինը, Բաղեշը, Տրապիզոնը։ Ռուսաստանի սադրանքով՝ անձամբ Լենինի ու Տրոցկու դրդմամբ, ու նաև շնորհիվ Ստալինի մեքենայությունների ու նրա անմիջական շահագրգռվածության, 1921 թվականի մարտի տասնվեցի ռուս-թուրքական պայմանագրով չեղյալ հայտարարվեց Սևրի դաշնագիրը, Հայաստանի տարածքը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Թուրքիային անցավ հարյուրտասներկու հազար կիլոմետր տարածք, նորաստեղծ Ադրբեջանին՝ տասնվեց հազար, Վրաստանին՝ չորս հազար քառակուսի կիլոմետր։ Հայաստանին մնաց մոտ երեսուն հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ պատմական տարածքի մեկ տասներորդ մասը։ Ահա ձեզ ռուսական երախտագիտություն՝ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հայերի դարավոր նվիրվածության ու հավատարմության։









    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail