ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ
(պատմվածք)


Հեռվում միանգամից երևաց Թարթառը՝ սևակնած ու ամնայն հավանականությամբ պղտոր։ Գետը լեռներից էր գալիս։

-Վերևներում անձրև է հիմա,- ջլապինդ ձեռքերը ղեկին՝ տղան գլուխը դուրս հանեց բեռնատարի խցիկից, նայեց դեպի այնտեղ, ուր լեռներն էին։

Երկնիքը մթամած էր, սև՝ ինչպես մայթաձյութ, և անձրևի մթագորշ ծածկոցը սարերն ի վար սահում էր ներքև, բեռնատարին ընդառաջ։

Տղան մտքում մոտավոր հաշվեց, թե ինչքան է մնացել մինչև Հնձախութ ու եկավ այն անուրախ մտքին, որ առաջիկա գյուղը հազիվ անցած՝ անձրևը կբռնի նրանց։

-Մինչև գյուղ ահագին ճանապարհ կա,- ասաց նա բարձրաձայն։

-Ինչքա՞ն,- հարցրեց աղջիկը:

- Տաս-տասնհինգ կիլոմետր:

-Դա այնքան էլ շատ չէ,- արձագանքեց աղջիկը և մի կարճ ակնթարթ շեղակի նայելով տղային, կենսաթրթիռ զգացումով սկսեց նայել դուրս։ Նա ուզում էր, որ լեռներով ու ձորահովիտներով ձգվող այս ճանապարհը երկար, շատ երկար լիներ, առանց հանգրվանի։


…Աղջիկը նայում էր դուրս, և տղան խցիկի երկարուկ հայելու մեջ գաղտնածածուկ դիտում էր նրա կիսադեմը՝ միաժամանակ բերկրալի զգացողությամբ մտաբերելով իրենց առաջին հանդիպումը։ Այդ օրվանից ընդամենը շաբաթուկես էր անցել, այնինչ թվում է, թե դա շատ վաղուց էր։ Այն ժամանակ ինքը շրջկենտրոնից էր գալիս, հացահատիկ էր տարել մթերման և վերադառնում էր գյուղ՝ Հնձախութ։ Մեծ արագությամբ էր ընթանում, որպեսզի ժամանակին հասներ գյուղ, անձրևի տակ չընկներ։ Եվ հանկարծ հեռվից տեսավ աղջկան։ Ներքին Հոռաթաղ գյուղի մոտ էր դա. աղջիկը քայլում էր խճուղու ուղիղ մեջտեղով։ Տղան մի քանի անգամ ազդանշան տվեց՝ պահանջելով, որ աղջիկը դուրս գա ճանապարհից։ Սակայն նա շարունակում էր քայլել՝ ասես այդ ազդանշաններն իրեն չէին վերաբերում։ «Սա չի՞ լսում, ինչ է»,- բարկացավ տղան։ Դանդաղեցնելով բեռնատարի ընթացքն ու այն թեքելով քիչ աջ, դեպի խճուղու եզրը, տղան ուժեղ արգելակեց մեքենան, նա ուզում էր կոպտել կամակոր անծանոթուհուն, բայց աղջիկը հանկարծակի շրջվեց տղայի կողմը և տղան, փոխանակ հանդիմանելու… զմայլանքով աչքերը սևեռեց նրան. աղջիկը շատ էր լավիկը։ Տղան մի պահ շփոթվեց, սակայն մտածեց նաև՝ քանի որ կանգնեցրել է մեքենան, հարկավոր է մի բան ասել։

-Ո՞ւր ես գնում,- հարցրեց նա։

-Իսկ դա քո ինչի՞ն է պետք,-ասես վաղուցվա ծանոթի, խաղացկուն ժպիտով պատասխանեց աղջիկը՝ աչքերի սևորակ փայլով միանգամից գերելով նրան։- Միևնույն է, չես տանի,- շտապ ավելացրեց նա ։ -Հնձախութ եմ գնում։ Հեռո՞ւ է։

- Աշխարհի մյուս ծերին է։- Տղան, անկախ իրենից, ակամա բերանը բաց ժպտում էր։- Բայց կտանեմ,- նույնպես հապշտապ ասաց նա։- Ազնիվ խոսք, կտանեմ,- և փութկոտությամբ թեքվեց, բացեց խցիկի դուռը։ Աղջիկը, չգիտես ինչու, ծիծաղեց և, բարձրանալով խցիկ, նստեց տղայի կողքին։ Նա, հավանաբար, լավ գիտեր իր հմայքի զգայացունց ազդեցությունը։ Տղային թվաց, թե բեռնատարի փոքրիկ խցիկը լցվեց դաշտային ծաղիկների զմայլիչ բուրմունքով։

-Մեր մեքենեան այս գյուղի մոտ փչացավ,- բացատրեց աղջիկը։ -Վարորդն ասաց, որ անմաքուր վառելիք են լցրել։ Տարան տեղի կոլտնտեսության գարաժ՝ սարքելու։ Իսկ ես որոշեցի համընթաց մեքենայով գնալ։ Վարորդը դրան դեմ էր, իհարկե, բայց ես չլսեցի նրան։ Չի՞շտ եմ արել,- անբռնազբոսիկ ժպտաց աղջիկն ու պրպտուն նայեց տղային։

-Իհարկե, արագ ու զվարթ տրամադրությամբ արձագանքեց տղան, նույն զմայլանքով անցողակի նայելով աղջկան։ Ամենայն հավանականությամբ, հրացոլ աչքերով ու թխաթույր դեմքով այս սիրունիկ աղջիկը նրան դուր էր գալիս։

Մեքենան շարժվեց տեղից ու, միանգամից արագություն վերցնելով, սլացավ ասֆալտապատ ճանապարհով։

-Ես հենց Հնձախութ եմ գնում,- ասաց տղան կարճ լռությունից հետո։

- Աստված իմ։ Ճի՞շտ։

-Այո,- ասաց տղան։- Դու, երևում է, այս կողմերից չես։ Ես առաջներում քեզ տեսած չկամ։- Նա քիչ հապաղեց, ավելացրեց բազմանշանակ.-Անպայման կհիշեի, եթե տեսած լինեի…

Աղջիկը շեղակի նայեց տղային, ժպտաց ներհուն։

-Դու ինչ է, տեղացի բոլոր աղջիկներին ճանաչո՞ւմ ես։

-Ոչ բոլորին, իհարկե, բայց դեմքով գիտեմ… Մերոնք տարբերվում են ուրիշներից։

- Ի՞նչ իմաստով։ Ավելի սիրու՞ն են։

-Չէի ասի, թե սիրուն չեն։ Մեջները այնպիսիները կան, որ գեղեցկության միութենական մրցույթներում անգամ պատվավոր տեղ կգրավեն։

-Իսկ ինչու՞ չեն գրանվում։

-Որովհատև հայ են,- արագորեն ու ցասկոտ վրա բերեց տղան։- Ադրբեջանի կազմում՝ հային ո՞վ կթողնի մրցույթի մասնակցի, այն էլ միութենական։

-Ես իրոք տեղացի չեմ,- միանգամից լրջանալով ասաց աղջիկը։- Ծնողներս ղարաբաղցի են, Շահումյանի շրջանից։ Էրքեջ գյուղ լսած կա՞ս։ Այդ գյուղից են, բայց ինքս Բաքվում եմ ծնվել։ Ավելի շուտ՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանում։ Երկրաբանական ինստիտուտի վերջին կուրսում եմ սովորում։ Պրակտիկայի այստեղ են ուղարկել։

-Երկրաբան ես ուրեմն,- եզրակացրեց տղան արդեն աշխույժ տոնով։- Երկրաբանների ձեր արշավախումբը մեր գյուղում է հիմա։ Գնչուների պես վրաններ են դրել հին շենատեղում, համարյա ծմակին կպած։ Պետն էլ Ալբերտ Շահնազարյանն է, շատ լավ մի տղա՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

-Այո, լսել եմ, Ալբերտ Լևոնովիչը հոյակապ մարդ է։ Իսկ դու գիտե՞ս, որ այդ արշավախումբն այստեղ ոսկու մեծ պաշարներ է գտել։ Սակայն, չգիտես ինչու, Ադրբեջանը չի ուզում այն շահագործման հանձնել։ Բայց չէ՞ որ մի քանի հազար մարդ կարող էր աշխատել այնտեղ։

-Հենց դրա համար էլ չի ուզում,- քիչ առաջվա ցասկոտ տոնով ասաց նա։- Ինչու՞ պիտի աշխատանք ունենան, թող գնան, Նախիջևանի պես՝ թող Ղարաբաղն էլ դատարկվի հայերից։- Եվ ավելացրեց արդեն հանդարտված.- Ես քեզ ուղիղ կտանեմ այդ վրանները։ Համաձա՞ յն ես։

Աղջիկը կողքանց նայեց նրան, գոհունակ ժպտաց։

Երկար խոսեցին երկրաբան աղջիկն ու վարորդ տղան այդ առավոտ։ Նրանք խոսում էին համարյա անկարևոր բաներից, ինչպես սովորաբար խոսում են պատահական ուղեկիցները։


…Եվ հիմա տղան, թեպետ ներսանց մի թեթև խռովքով՝ այս անսպասելի անձրևի պատճառով, խցիկի երկարուկ հայելու մեջ գաղտնածածուկ դիտում էր աղջկա հրապուրիչ կիսադեմը՝ կրկին ու կրկին մտաբերելով իրենց առաջին հանդիպումը, և նրա ողջ էությունը ափեափ լցվում էր լուսապայծառ բերկրանքով։

-Ես ուզում եմ, որ ճանապարհը երկար, շատ երկար լինի,- ասաց աղջիկը բարձրաձայն։ Նա դա ասաց ՝դանդաղորեն առանձնացնելով յուրաքանչյուր բառը։- Որպեսզի այն գնա ու գնա՝ առանց հանգրվանի…

Տղան սթափվեց մտքերից՝ կապված անձրևի ու մածուցիկ ցեխի հետ, ժպտաց նրան։ Նա ուզում էր պատասխանել աղջկան, բայց հասկացավ՝ բոլոր այն բառերը, որ հիմա ինքը պետք է ասեր, անզոր էին հաղորդելու նրան իր զգացմունքների մի աննշան մասն անգամ։ Եվ նա լռեց։

Բեռնատարը սլանում էր առաջ և երբեմն առ երբեմն խճուղու վրա կախված կիրճերն ու մթամած ձորերը արձագանքում էին նրա բեկբեկուն ազդանշաններին։

-Չես մրսո՞ւմ,- հարցրեց տղան։

-Մի քիչ ցուրտ է,- պատասխանեց աղջիկը և սկսեց նայել աջ՝ անդնդախոր ձորի կողմը, ուր երևի վարարած Թարթառն էր հիմա դղրդում ու ափնակոծում, ասես ձգտելով դուրս ելնել զառիթափ ափերից։

-Բարձրացրու ապակին,- ասաց տղան։ -Կմրսես։

Աղջիկն անօգուտ ցնցեց դռան նիկելազօծված լծակը, հետո ասաց, որ ոչինչ չի ստացվում։

-Սա երևի փչացել է…- նեղսրտած ասաց նա մի տեսակ մեղավոր ու անկար։

Տղան ղեկը թեքեց, մեքենան կանգնեցրեց ճանապարհի եզրին, և աղջկա ծնկների վրայով՝ ուսով համարյա կպչելով նրա կրծքին, թեքվեց աջ, բարձրացրեց ապակին։

-Տեսնո՞ւմ ես, ոչինչ էլ չի փչացել,- ասաց տղան քիչ հուզված։

-Դե, ես չկարողացա …-Աղջկա շուրթերն ասես այրվում էին կրակից։

Նա շրջեց գլուխը և նայեց աղջկա կրակագույն շուրթերին, աչքերի մեջ, որոնք երկար թարթիչների տակից առկայծում էին խոնավ փայլով։ Տղան հուզաթաթավ գրկեց աղջկան, իր հուժկու ձերքերով նրան սեղմեց կրծքին։

-Պետք չէ, պետք չէ, մի արա,- հանգչող շշուկով արտաբերեց նա։- Մի արա, խնդրում եմ։

-Ի՞նչը պետք չէ, ի՞նչը պետք չէ,- ինքնամոռաց շշնջաց տղան,- ասես ոչինչ չլսելով ու կրքոտ համբուրելով աղջկա անհնազանդ շուրթերն ու ակամա մտածելով այն մասին, որ տարօրինակ բան է սերը, այն ասես միանգամից քեզ դուր եկած էակին լուսավորում է ինչ- որ անտեսանելի լույսով և նրա մեջ ամեն ինչ քեզ թվում է անսահմանելիորեն սիրելի, շատ թանկ ու հարազատ։

Աղջիկն այլևս չէր ընդդիմանում։ Նա տղայի քնքշանքին պատասխանում էր աղջկական առաջին սիրո ամոթխած անաղարտությամբ։

Ճանապարհից այն կողմ խշշում էր դարավոր անտառը, ծառերի կատարներն օրորվում էին քամուց։

-Հարկավոր է գնալ,- ասաց աղջիկը որոշ ժամանակ անց։-Ուշ է արդեն։

Տղան, անակնկալ հուզմունքից վերուվարող կրծքով մի պահ նստած էր լուռ՝ իր ջլապինդ ուժեղ ձեռքերը բեռնատարի ղեկին։ Հետո ասես դժկամ՝ նա փոխեց բեռնատարի արագությունը, և մեքենան դանդաղորեն առաջ գնաց։ Եվս մի երկու շրջադարձ՝ աջ կողմում կրկին երևաց Թարթառը, հսկայական գետաքարերերն ի վեր ծառս լինելով՝ ալիքները փայլփլում էին մի կիսավայրկյան ու կորչում ծառերի ետևում։

Տղան սխալվում էր. անձրևը նրանց ավելի շուտ հասավ, քան կանցնեին առաջիկա գյուղը։ Հորդ անձրևը նրանց բռնեց միանգամից՝ կատաղորեն ծեծելով խցիկի կտուրը, անձրևաջուրը ցայտում էր այս ու այն կողմ, առատորեն հոսելով ապակիրներով։ Մեքենան արդեն ընթանում էր ցածր արագությամբ, լուսարձակներով ճեղքելով անձրևի մութ ծածկոցը։ Իսկ աղջիկը մտամփոփ նայում էր դուրս և թեթև ժպիտը խաղում էր նրա շուրթերին։ Նա մտածում էր այն մասին, որ կյանքում իր մտքով երբեք չէր անցնի, որ այստեղ, այս հեռավոր լեռներում ինքը կարող է հանդիպել վարորդ մի տղայի, որին կսիրի հանկարծակի ծագած խորունկ սիրով…

-Ոնց որ լրիվ մթնել է,-ասաց տղան,- համարյա ոչինչ չի երևում։- Նա միացրեց հեռաձիգ լույսերը։

Առջևում անսպասելիորեն մի մարդ հայտնվեց։ Աղջիկը տեսավ. ճամփեզրի ծառերի տակ կանգնած՝ նա պատսպարվում էր անձրևից։ Տեսնելով մեքենան, մարդը ձեռքը բարձրացրած առաջ եկավ։

-Հարցրու, տես ո՞ւր է գնում,- ակամա արտաբերեց աղջիկը։

Տղան դժկամությամբ արգելակեց մեքենան և, աղջկա կողմից իջեցնելով ապակին, հարցրեց.

-Ո՞ւր ես գնում։

Մարդն ավելի մոտեցավ, ասաց գյուղի անունը։ Անձրևի կաթիլները հոսում էին նրա դեմքն ի վար։ -Ամբողջ երկու ժամ կանգնած եմ, էս ներքևի գյուղից եմ գալիս, գործ ունեի… Թարսի պես վերև գնացող մեքենա չկա,-ասաց նա շնչահեղձվելով։ Նա կրկին տվեց գյուղի անունը։

Աղջիկը ծանոթ չէր այս վայրերին ու չգիտեր, թե որ կողմն է գնում մարդը, և հեռո՞ւ է արդյոք նրա գյուղը։

Իսկ տղան ասաց.

- Կտանեի, ազնիվ խոսք, կտանեի, բայց ուրիշ տեղ եմ գնում։ Մոստում ապրանք պիտի ստանամ մեր գյուղկոոպի համար։ Կներես, - ավելացրեց տղան և շրխկոցով փակեց դուռը։

Մարդը մնաց ճանապարհին, հորդ անձրևի տակ։

Իսկ անձրևը թափվում, հա թափվում էր ու ասես վերջ չպիտի ունենար։ Աղջիկը շրջվեց, թափքին նայող նեղլիկ լուսամուտից նայեց ետ։ Անծանոթ մարդը դեռևս կանգնած էր այնտեղ, խճուղու եզրին՝ միայնակ, ցրտից ու անձրևից կուչ եկած։

- Ամբողջովին թրջվել էր,- մտախոհ արտաբերեց աղջիկը։

-Ոչինչ, մի ամիս չի լողանա,- արձագանքեց տղան, ծիծաղեց։

Նա, իհարկե, հասկանում էր, որ իր ասածն այնքան էլ սրամիտ չէր, բայց, այնուամենայնիվ, վիրավորական թվաց, որ աղջիկը նույնիսկ չժպտաց իր խոսքի վրա։ Աղջիկը մի անգամ ևս շրջվեց, նեղլիկ լուսամուտից նայեց ետ, սակայն սևասև մթությունից բացի ոչինչ չտեսավ։

-Իսկ հեռո՞ւ էր նրա գյուղը։

Տղան քիչ մտածեց, ասաց.

- Ոչ այնքան։ Ոտքով մինչև առավոտ կհասնի… Մինչ այդ քամուց շորերն էլ կչորանան,- դարձյալ կատակեց նա ու, իր սրամտությունից գոհ, կրկին ծիծաղեց։ Աղջիկն ամենևին ուշք չդարձրեց նրա կատակին։ Նա մտասույզ նայում էր հեռվում, մթան մեջ ուրվագծվող բարձր լեռներին։

-Մեղք էր,- ուշացումով ասաց նա։- Անձրևի տակ մնաց։

- Բոլորի համար լաց լինողի աչքը արցունքից չի չորանա,- ասաց տղան։- Ես նրան ոչ պարտական եմ, և ոչ էլ խնդրել եմ, որ գար ցցվեր այնտեղ։

Աղջիկը զարմանքով նայեց տղային, սակայն ոչինչ չասաց։ Երկար ժամանակ լուռ էին, հետո նա ասաց.

-Դու ասացիր, որ ինչ- որ տեղից ապրանք պիտի ստանաս։ Դու ստու՞մ էիր։

-Իհարկե,- ինքնագոհ գլխով արեց տղան, լայն ժպտաց։

Աղջիկը նորից զարմանքով նայեց տղային, հոգնած ասաց.

-Այնուամենայնիվ, պետք էր վերցնել նրան։

-Ո՞նց վերցնեի, երբ թափքում գբյուղկոոպի ապրանքն է, մեկ էլ տեսար մի բան կորավ…

-Ինչո՞ւ թափքում։ Երեքով կտեղավորվեինք խցիկում։

-Ի՜նչ ես ասում, լրիվ կկեղտոտեր այստեղ։ Չտեսա՞ր, ջուրը ծլլում էր վրայից…Ոչինչ, ոտքով գնալն օգտակար է առողջության համար։

Այս խոսքերից աղջիկը ինչ-որ տարօրինակ ընդդարմացում զգաց, խոնջացած իջան ուսերը, և նա իր օտարացած հայացքը սևեռեց սրընթացորեն ընդառաջ նետվող խճուղուն։


…Առջևում կրակներ երևացին։ Այդ գյուղից այն կողմ վերջանում էր խճուղին և սկսվում էր լեռնային խորդուբորդ ճանապարհը։ Անձրևային եղանակներն մեքենաների համար այն դառնում էր համարյա անանցանելի։

-Ինչո՞ւ չես խոսում,-վերջապես հարցրեց տղան՝ անկարող տանել ճնշող լռությունը։-Ի՞նչ պատահեց քեզ։

Աղջիկը անտարբեր թոթվեց ուսերը։

-Ոչինչ։

-Ճիշտ չէ։

-Ճիշտ է։

-Ժպտա, որ հավատամ, թե ոչինչ էլ չի պատահել։

Աղջիկը փորձ արեց ժպտալ։ Ժպտալիս սկզբում սիրտն է ժպտում, անցավ աղջկա մտքով, ու նոր միայն մարդու դեմքին ծաղկում է այդ ժպիտը։

Տղան խեղդեց հառաչանքը, քիչ ավելացրեց մեքենայի արագությունը։ Նրանք մտան գյուղ, և հիմա մեքենան ծանր բարձրանում էր գյուղամիջյան ճանապարհով, որի երկու կողմերին, մինչև սարահարթ, ձգվում էր տների շարքը։ Մինչև Հնձախութ երեք-չորս կիլոմետր էր մնում։

-Այստեղ վերջանում է խճուղին,-ասաց տղան,-դենը հիմար ճանապարհ է, մի ժամում հազիվ տեղ հասնենք։

Աղջիկը չարձագանքեց։ Նա լուռ նայում էր ճանապարհին և կարծես նույնիսկ չլսեց տղայի ասածը։ Մեքենան տեղապտույտ տվեց մի երկու տեղ, սակայն բարեհաջող անցան։ Գյուղագլխին այն վերստին տեղապտույտ տվեց, տղան դյուրագրգիռ սեղմեց ատամներն ու ավելացրեց գազը, թեպետ շատ լավ էր հասկանում, որ հիմարություն է դա։ Բեռնատարը թափ առավ, բայց որոշ ժամանակ անց, արդեն գյուղի ծայրին, ետևի անվադողերը կրկին տեղապտույտ տվին՝ մածուցիկ ցեխը շպրտելով այս ու այն կողմ։ Մոտորը սկեց լարված կաղկանձել։ Տղան մտքում հայհոյեց, մի քանի անգամ փոխեց արագությունը, սակայն մեքենան տեղից չէր շարժվգում, գնալով այն ավելի էր խրվում ցեխի մեջ։

Քիչ հեռվում մի դուռ բացվեց, տան լույսը մի ոստույնով հասավ բեռնատարին։ Հետո երևաց մի ծերունի, որն զգույշ փոխելով գայթուն ոտքերը, առաջ եկավ և, կանգնելով ճանապարհից այն կողմ, ցանկապատի մոտ, այնտեղից ձայնեց.

-Ո՞վ կա այստեղ։

Տղան անջատեց մոտորը, իսկ աղջիկը, բացելով խցիկի դուռը, կանգնեց բարձր ոտնակին։

-Մենք Հնձախութ էինք գնում,- ասաց նա բարեհունչ ձայնով-, բայց անձրևի պատճառով առաջ շարժվել հնարավոր չէ։

-Պատահում է,-բազմանշանակ արձագանքեց ծերունին։-Անձրևներից հետո միշտ էդպես է։ Քանի տարի է՝ ասում են սարքելու են, բայց էլի նույնն է։ Ոչինչ, այսօր կմնաք մեզ մոտ, իսկ առավոտյան մի բան կմտածենք։ Առանց տրակտոր չի լինի։ Եկեք։

-Մեքենայում խանութի ապրանք կա, - իր հերթին ասաց տղան։

-Ոչ ոք ձեռք չի տա։ Մի անհանգստանա։ Արի։

Քիչ վարանելով՝ աղջիկը քայլեց ծերունու ետևից՝ նրա նման շգույշ շրջանցելով ջրափոսերը։ Տղան ևս, փակելով մեքենայի դռները, գնաց նրանց հետևից։

Հյուրերին դիմավորեց ջահել տանտիրուհին, իսկ հարևան սենյակից դուրս եկան մի տղա ու մի աղջնակ։ Տղա երեխան փոքր էր, աղջիկը՝ հազիվ տասներկու-տասներեք տարեկան։ Նրանք բոլորն էլ սիրալիր ժպտում էին գիշերային անակնկալ հյուրերին, զգացվում էր, որ նրանք իսկապես ուրախ էին՝ վարորդ տղային ու ջինս հագած երկրաբան աղջկան տեսնելով իրենց տանը։

Հենց առաջին րոպեից անծանոթ օջախում այնպիսի մի անբռնազբոսիկ, բարեկամական մթնոլորտ ստեղծվեց, որ աղջկան թվաց, թե ինքը այս մարդկանց գիտի վաղուց, շատ վաղուց։ Հավանորեն, տղան ևս նույնն էր զգում։ Նա անընդհատ կատակում, ծիծաղեցնում էր բոլորին, ինքն էլ սրտանց ծիծաղելով նրանց հետ։ Ճանապարհային դառնություններն հետզհետե մոռացվում էին։


...Առավոտն արևալից էր։ Տանտիրուհին մտավ այն սենյակը, ուր քնել էր աղջիկը։

-Բարի լույս։ Լա՞վ եք քնել։

-Այո։ Շնորհակալություն։

-Մի քանի անգամ բացվել էիք՝ ծածկեցի, վախենում էի, թե կարող եք մրսել։

-Երևի չեմ թողել, հա՞, քնեք,- շփոթվեց աղջիկը։

-Չէ, ինչ եք ասում,- բարեհամբույր ժպտաց դեռատի կինը։ Նրա ժպիտի մեջ շինծու ոչինչ չկար, նա, իրոք, դատարկ բան էր համարում դա, որի մասին չարժեր նույնիսկ խոսել։

Աղջիկը շնորհակալությամբ ժպտաց կնոջը և սկսեց հագնվել։

Տղան, որ քնել էր կողքի սենյակում, նույնպես արթնացել էր և դրսում, ծորակի տակ լվացվում էր։ …Երբ նստել էին նախաճաշելու, դուռը հանկարծ անաղմուկ բացվեց … Աղջիկը բարձրացրեց հայացքը, նայեց ներս մտնող մարդուն և անակնկալ ելավ տեղից… Դռների մեջ կանգնած էր այն նույն մարդը, որին իրենք թողել էին ճանապարհին, անձրևի տակ։ Դա ջահել տանտիրուհու ամուսինն էր՝ միջին տարիքի բարեդեմ մի տղամարդ։

Առանց որևէ մեկին նայելու, աղջիկը լուռ մտավ կից սենյակը, վերցրեց պայուսակն ու դուրս եկավ տնից։ Ամեն ինչ այնպես անսպասելի կատարվեց , որ ոչ ոք նույնիսկ փորձ անգամ չարեց նրան ետ պահել։

Առաջինը տեղից ելավ տղան. նա ամեն ինչ հասկացավ։ Նետվեց դեպի դուռը և հենց շեմքից ձայնեց.

-Անու՜շ։

Աղջիկը նույնիսկ ետ չնայեց։ Նա գիտեր, որ առաջիկա անտառապատ սարից այն կողմ Հնձախութն է։ Ու գիտեր նաև, որ Ճանապարհը նրան կհացնի գյուղ։

-Անու՜շ,- կրկին կանչեց տղան։- Անուշի՜կ…

Հանկարծ տիրեց լռություն։ Եվ կյանքում առաջին անգամ տղան զգաց լռության ծանրությունը։ Այն խորն էր՝ ինչպես անդունդ, և բարձրաբերձ՝ լեռան նման։

Իսկ աղջիկը քայլում էր սարն ի վեր ելնող ճանապարհով։ Նա գնում էր անձրևից հետո տոփանված արահետով և հանդիպական քամին փողփողում էր ուսերին թափված սևաթույր արձակ մազերը։











    



 
   © Левон Адян, 2018. e-mail           Замечания по сайту e-mail